Վանո Սիրադեղյան. Հատվածներ

Ընթերցել տրված, նաև ձեր ընտրած հատվածները և ձայնագրել.

  1. Ժամանակ առ ժամանակ լսում եմ՝ մեծ տերություններն իրենց խաղերն են խաղում, մենք արանքում լողում ենք։ Այ, այդպիսի աղջկական ճակատագրապաշտությամբ ու քաղաքական թեթեւամտությամբ դարասկզբին վեց վիլայեթները հանձնեցինք։ Ղարաբաղն ու Նախիջեւանն էլ՝ հետը։ Այո, մեծ եւ փոքր՝ իրենց քաղաքական խաղերն ու շահերն ունեն։ Բայց մենք էլ մեր խաղն ունենք… Կռվելու պատրաստ, կազմակերպված ազգի հետ հաշվի նստում են, չեն կարող չնստել։ Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ- չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկին…
  2. …Կյանքը մեր ուզածով չեղավ, ու առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, – այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը` ձիգ, գլուխը` բարձր, ձեռքերը` ծոցը, որ մաքուր մնան:
  3. Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ` տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: