Վահան Տերյանի բանաստեղծություններից

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա

Ժամկետ՝ 25․10․2022-01․11․2022

Նպատակ՝ Կատարել ձայնագրություններ Վահան Տերյանի բանաստեղծությունների շարքից, ուսումնասիրել գրողի կյանքն ու գործունեությունը։ Կազմել ձայնագրությունների ուսումնական փաթեթը։

Ամփոփում՝ Հրապարակում բլոգում

Նախագծի արդյունքը՝

Կարոտ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

Ես արդեն երբեք չեմ մոռանալու

Ես արդեն երբեք չեմ մոռանալու
Աչերըդ անզոր և անօգնական,
Ձեռնիկներըդ թույլ և թափված հլու`
Մեռնող թռչնակի թևերի նըման:
Եվ լռիկ լեզուդ և հոգի մաշող
Նմանությունն այն կիսաժպտալու,
Երեսըդ մաքո՜ւր, բարա՜կ, լուսաշո՜ղ-
Ես արդեն երբեք չեմ մոռանալու…

Չարտասանված տխուր խոսքեր

Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։
Խենթ հուզումի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ…
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք…
Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սեւ եղեռնի…

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նման.
— Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում…
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել…
Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել…

Կա խորհրդավոր մի հրապուրանք

Կա խորհրդավոր մի հըրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ-որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք։
Մի այլ երկրային երաժըշտության
Ելևէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քո շարժումները և՛ կան, և՛ չըկան…
Երկրում են սնված, բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղին…

Երեկո

Երեկոն փըռեց իր թևերը մութ,
Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.—
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ։
Լայն ըստվերները ընկան անաղմուկ,
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ…
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ…
Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ,
Մոռացիր կյանքի տառապանքը մութ,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ…
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ,
Ննջեցին անուշ երկինք ու երկիր.
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ…

Օտար երկնքի կամարների տակ

Օտար երկնքի կամարների տակ
Երազիս տեսա մի չքնաղ աղջիկ.
Ես՝ մի աղքատ մարդ մոլորաշրջիկ,
Նա՝ երկնից թռած լուսե հրեշտակ…
Ես ընկած էի օտար աշխարհում,
Անարև երկնի կամարների տակ,
Մեկը փայում էր իմ սիրտը մենակ
Եվ իմ մութ հոգում լույսեր էր վառում։
Մեղմ ու սիրագին ժպտում էր նա ինձ
Օտար կողմերում, լայն ճամփի վրա,
Ես լսում էի խոսքերը նրա
Եվ անուշ լալիս իմ անուրջ բախտից…

Վահան Տերյան. «Երկիր Նաիրի» ժողովածու

  1. Ներկայացրեք «Երկիր Նաիրի» ժողովածուն՝ կարևորելով.
  • բովանդակությունը,

Տերյանը շատ է սիրել իր հայրենիքը ու շատ բանաստեղծություններ է նվիրել Հայաստանին: «Երկիր Նաիրի» ժողովածուն ինձ շատ դուր եկավ, յուրաքանչյուր բանաստեղծություն յուրահատուկ էր, հուզիչ ու շատ կարևոր բոլորիս համար: Կարևոր էր նրանով, որ ժողովածուի ամեն մի բանաստեղծության մեջ Տերյանը կրկնում էր «Հայաստան» անունն ու ցույց տալիս, թե ինքն ինչքան է սիրում իր հայրենիքը: Կարծես ամեն մի տողով փորձում էր աշխարհին ապացուցել, որ ինչքան էլ հայը միշտ դառնություն ու ցավ է տեսել, միշտ պատերազմել է ու կռվել թշնամու դեմ՝ նա կանգուն է ու չի պատրաստվում վերանալ աշխարհի երեսից: Տերյանն իր բանաստեղծություններում շատ ինքնավստահ էր, հստակ ու հպարտ էր գրում: Կարծես իր բանաստեղծություններով փորձում էր հայերին ուժ տալ ու հասկացնել, որ պետք չէ հանձնվել, ինչքան էլ փոքր ենք և ունենք թշնամիներ: Այս ժողովածուի բանաստեղծություններում Տերյանը շատ էր Հայաստանը համեմատում այլ երկրների հետ ու ցույց տալիս, որ իր հայրենիքն ամենալավն է: Ես լիովին համաձայն եմ Տերյանի հետ, քանի որ նրա յուրաքանչյուր բանաստեղծություն լրիվ անկեղծ է գրված: Նա բացահայտ խոսում էր հայերի տեսած ցավերի մասին, սակայն նաև վստահ էր, որ Հայաստանը բոլորից առավել է:

  • բառապաշարը /համեմատեք մյուս շարքերի հետ/
  • տրամադրությունը:

Կարծում եմ, որ «Երկիր Նաիրի» ժողովածուն շատ հաջողված է ու հետաքրքիր: Ամեն բանաստեղծության մեջ կարծես Տերյանը տխուր էր ու հուսահատված: Այս շարքում արտացոլվում էր Տերյանի հայրենասիրական հոգին: Արևմտյան Հայաստանի մասին հոդվածը կարդալուց հետո ասես լիովին ընկալեցի, թե ինչ էր փորձում հասկացնել բոլորին Տերյանն իր բանաստեղծություններով: Նա կարծես կոտրված լիներ այդքան մեծ տանջանքներից ու բանակցություններից հետո: Չէի պատկերացնում, որ Տերյանն այսքան շատ է սիրել Հայաստանը:

Բրեստ-Լիտովսկում մեկնարկված հաշտության բանակցությունները: Վահան Տերյանի մասնակցությունը

  1. Կարդացե՛ք հոդվածը՝ առանձնացնելով. ձեզ հետաքրքող հատվածները:

«Ինձ առաջարկում են պաշտոն Ազգային գործերի մինիստրության մեջ եւ Արտաքին գործերի մինիստրության մեջ: Դեռ չեմ որոշել: Երեւի Ազգային գործերի մինիստրության մեջ կվերցնեմ պաշտոն հայկական մասում աշխատելու նպատակով»:

Սա Լենինի դիվանագիտական խորամանկ պատասխանն էր Տերյանին, իսկ ահա Ստալինն առանց վարանելու Տերյանի երեսին ասաց. «Մենք իսկույն եւեթ կկարգադրենք, որ զորքերը հեռանան…»:

Վերջինս իր այդ վերաբերմունքը բնավ չէր թաքցնում եւ բացահայտ ասում էր, որ 1905 թվականին իր ձերբակալության մատնիչը Ստալինն էր, քանի որ միայն նա գիտեր իր թաքնվելու վայրը: 

 Իսկ Տերյանը թերեւս առաջին անգամ սկսեց գիտակցել, որ հայապաշտպան քաղաքականություն բոլշեւիկներից սպասել պետք չէ: Պատահական չէ, որ հետագա նամակներում Լենինին հիշատակելիս Տերյանն արդեն գրում է Ղենին՝ ծաղրելով առաջնորդի լեզվական արատը:

Ոչ այդ տվյալները, ոչ էլ տեղեկագիրը ներկայացնելու հնարավորություն նա այդպես էլ չունեցավ, ավելին՝ հաշտության այդ պայմանագրով հայերը կորցրին Արեւմտյան Հայաստանը: Իսկ պայմանագիրը ստորագրողներից մեկը Լեւ Կարախանն էր (Լեւոն Կարախանյան):

Բրեստում Տերյանը տեղեկանում է նաեւ, որ ռուսական զորքերը մասսայաբար լքում են Արեւմտյան Հայաստանը՝ վերադառնալով Ռուսաստան, քանի որ ռուսական կառավարությունը հողեր էր բաժանում զինվորներին: Փաստորեն Լենինը Տերյանին տված իր խոստումը չէր պահել:

Ի դեպ, Տերյանին հեգնականորեն «армяшка» անվանողն այն նույն Տրոցկին էր, որ ընդամենը 5 տարի առաջ իր «Андраник и его отряд» հոդվածում անթաքույց կերպով հիացմունք էր հայտնել Նժդեհի եւ Անդրանիկի մասին՝ վերջինիս մասին գրելով. «Հայերը նրան ենթարկվում են, թուրքերը նրանից վախենում են, սուլթանական զորախմբերը հետեւում են նրան կրնկակոխ… Զորախմբի հոգին Անդրանիկն է… Նա հիասքանչ է…»:

 Նրա տրամադրությունն ու ապագայի հանդեպ տեսլականը դառնում են մռայլ ու հոռետեսական: Եղբորն ուղղված նամակում նա գրում է. «Այս անիծեալ հեղափոխությունն ամեն ինչ կործանեց եւ դեռ շարունակում է կործանել: Չգիտեմ այս ամենի վերջն ի՞նչ է լինելու»:

Առաջին կնոջը՝ Սուսաննային ուղղված նամակում Բրեստ-Լիտովսկից հետո նա գրել է. «Ես իմ պարտքն եմ համարում, որքան էլ ծանր լինի, դիմանալ դրան, տոկալ եւ տվյալ պահին չլքել պոստս: Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց հնարավորություն կունենամ հանգիստ խղճով գալ քեզ մոտ: Որքան էլ ծանր եւ դժվարին լինի, դու ինձ կհասկանաս, Լյուլինկա, եւ չես ուզենա իմ խղճի վրա բարդել մի բան, որը հետո կդառնա իմ եւ քո ամբողջ կյանքի անեծքը, ուստի եւ ինձ հնարավորություն կտաս ազնիվ վարվելու, պարտքս կատարելու եւ մնալու մաքուր, անբիծ խղճով»:

Վահան Տերյանը որպես քաղաքացի

Վահան Տերյանը ծնվել է 1885թ. փետրվարի 9-ին: Ծննդավայրը Ախալքալաքի Գանձա գյուղն է: Տերյանը ծնվում է հոգևորականի ընտանիքում: 1897թ մեկնում է Թիֆլիս, որտեղ սովորում էին իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ նա սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան ու ավարտում այն 1906թ: 1908թ. Թիֆլիսում ստեղծվում է Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը մեծ ու ջերմ արձագանքներ է ունենում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915թ. «Մշակ» թերթում հրատարկվում է նրա հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։ Տերյանը գործով մեկնում է Թուրքեստան, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, որտեղ էլ վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին՝ ընդամենը 35 տարեկան հասակում։

Վահան Տերյան. Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
ՂԱնցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

Վահան Տերյան. Հրաժեշտ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…