Անվերնագիր։ Եղիշե Չարենց

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս…
Իբրև ծերունի մի թերթավաճառ՝
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն անպատճառ
Ու կհայտնվի ամեն մի բակում։
Ստվերի նման, սահած տնից-տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն՝
Տարածված ամբողջ քաղաքի վրա։
Եվ համր մի պահ՝ գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը՝ արդեն հավիտյան հանգած։
Եվ մարդիկ՝ երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ՝ միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ՝ անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք՝
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են, թե ես վաղո՜ւց չկամ,—
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած՝
Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մոտիկ
Եվ հանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ…
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշի,
Եվ հոգիներում, ինչպես հուշ հառնի,—
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի։
Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն՝ իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան…
Եվ դեմքով տխուր և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահմա՜ն ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն…
Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե։
Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա՝
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա։ —
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Եվ ինչպես կյանքում՝ տարինե՜ր առաջ,
Հուշերում հանկարծ անցյալը բուրի,
Երազանքներում գուցե իմ անցած
Եվ արդ իմ հառնած գրքում հուշերի…
Այն, որ ե՛ս էի, որ ի՛մն էր առաջ,
Արդեն չի հառնի և ոչ մի գրքում
Եվ ո՛չ մի գրքում՝ աշխարհում գրած,
Եվ ո՛չ մի գրքում, և ո՛չ մի գրքում…

Ամբոխները խելագարված։ Եղիշե Չարենց

1․ Համառոտ գրե՛ք սյուժեն։

Ստեղծագործությունը հեղափոխության մասին էր, որտեղ մեծ ամբոխը փորձում է գրավել քաղաքը, սակայն կարողանում են տիրանալ միայն սահմանին։ Հանգստանալուց հետո կրկին սկսվում է կռիվ՝ նորից նույն նպատակով։

2․ Դուրս գրե՛ք համեմատության 5-ական միջոց՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն։

Մակդիր — մարմանդ քամի, բորբ արև, արնավառ փայլ, ծեր մշուշ, ծույլ նազանք։

Համեմատություն — Անողո՛ք է երթը այս սեգ, ինչպես կարմիր կարոտը մեր։ Եվ երկընքի սիրտը մխված բևեռների պես արնաքամ։ Երակների պես երկաթե քաղաքամոտ կայարանից։ Երակների պես երկաթե՝ ամուր գրկած կուրծքը հողի։ Սֆինքսի պես հսկայական, շեկ ծծերը դրած հողին։

Փոխաբերություն — Վառվում էր սիրտը ամենքի, որպես կարմիր մի առավոտ։ Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։ Նա կտրել էր արևակամ ամբոխների կարմիր ուղին։

Իմ Չարենցը

Չարենցն իմ ամենասիրելի ու ամենահարազատ հայ գրողներից է, ում ստեղծագործություններն ընթերցում եմ դեռ վաղուց, ում կյանքն ինձ անչափ հետաքրքրում է, և ում ստեղծագործություններն ինձ միշտ գրավում են։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր գրող ունեցել է հետաքրքիր և մեծ ուսումնասիրման արժանի կյանք, քանի որ ոչ բոլորն են նրանցից ապրել հեշտ կյանքով, ոչ բոլորի կյանքն է տևել երկար և այլն։ Այդ գրողների շարքին է դասվում նաև Չարենցը, ում կյանքն ինձ բավականին հետաքրքիր է, շատ եմ ուսումնասիրել ու նրան դարձրել ինձ հարազատ գրող։ Ըստ իս՝ Չարենցը հայտնի է իր սիրային պատմություններով, որոնք ստեղծվել են իր կյանքի ընթացքում, իրական, անհավանական ու բավական հետաքրքիր պատմություններ են։ Կուզեմ մի փոքր պատմել իր կյանքի, կյանքի ընթացքում ունեցած հաջողությունների ու անհաջողությունների, ինչպես նաև ձեռքբերումների մասին։ 

եղիշե Չարենցը ծնվել է Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք», — այսպես էր նկարագրում իր ծննդավայրը Չարենցը։ Երբ Չարենցը փոքր էր, հայրը նրան գումար էր տվել, որպեսզի նոր կոշիկ գնի իր համար, իսկ նա գնացել ու փոխարենը գիրք էր գնել։ Այդ մասին իմանալուց հետո հայրը բարկացել է նրա վրա, իսկ նա պատասխանել է․ «Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան խելքից»։ 

Իհարկե, Չարենցն իր իսկական ազգանունը չէ, այլ գրական անունը, որն, ըստ տարբեր վարկածների՝ ձեռք է բերել կա՛մ վաղ տարիքում չար լինելու պատճառով, կա՛մ Պուշկինի «Անչար» ստեղծագործությունից և կա՛մ Կարս եկած բժշկի պատմությունից։ Չարենցի իրական անուն-ազգանունն էր՝ Եղիշե Սողոմոնյան։ 

Վստահ եմ՝ Չարենցն այն եզակի գրողներից է, ով շատ-շատ կարևորում ու սիրում է երկիր Նաիրին, դրան է նվիրել մի ամբողջ բանաստեղծությունների ժողովածու, ունի բազում այլ ստեղծագործություններ՝ գրված այդ թեմայով, և նույնիսկ այլ ստեղծագործություններում կան հատվածներ, որտեղ կրկին բանաստեղծի կողմից հիշատակվում է երկիր Նաիրին։ Նաիրիի մասին ամենանշանակալից գործերից է «Երկիր Նաիրի» վեպը, որտեղ հեղինակն այնքա՛ն գեղեցիկ է պատկերում Նաիրյան փողոցները, բնակիչների կյանքը, որ յուրաքանչյուր ընթերցող էլ ավելի մեծ հետաքրքրությամբ է շարունակում ընթերցել վեպը։ Հատկապես նախաբանն ինձ շատ է դուր եկել՝ նկարագրությունը Նաիրիի մասին Չարենցի աչքերով։

«Homo sapiens»։ Չափածո նովել։ Եղ․ Չարենց

1․ Կարդացե՛ք։ Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք։

գլխահակ — ամոթահար, գլուխը կախ

շաֆրան — դեղին-նարնջագույն

շոսսե — խճուղի

կռնատակ — թևի տակ

ալեյա — ծառուղի

տիտանային — հսկայական, վիթխարի

հորձանք — հեղեղ, ալիք

Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում։ Եղ․ Չարենց

1․ Կարդացեք։ Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրեք։

մգլահամ — բորբոսահամ

օրհասական — մահաբեր, ճակատագրական

ուրու — ուրվական

անգո — անհայտ

եղերական — ողբալի

տեսլական — երևակայական, գաղափարական, ոչ երկրային

շռնդալ — զնգալ, դղդրալ

բաստիոն — ամրոց

ցոփություն — անառակություն, անբարոյականություն

խարազան — մտրակ

բակենբարդ — այտամորուք

մաքառել — պայքարել, պատերազմել

2․ Համառոտ գրե՛ք բովանդակությունը։

Հեղինակը պատմում էր Պետրոպավլովյան ամրոցի մասին, որը նախկինում եղել է արքայական բանտ, իսկ հետո դարձել թանգարան։ Նա նկարագրում էր ամրոցում տիրող օդը, թե որքան ծանր էր ու մռայլ, փորձում պատկերացնել այնտեղ եղած գրողների տխուր ու վշտալից դեմքերը, մարտիրոսների հին անուններն ու տառապանքները, որոնց մի ամբողջ սերունդ էր համարում Չարենցը։ Ընթերցելիս նկատեցի մի գեղեցիկ հատված, որտեղ հեղինակը նկարագրում էր, թե ինչպես էր ամրոցի պատերին նայելիս փորձում հասկանալ, թե այնտեղ բանտարկված գրողները ինչ են մտածել ու զգացել նույն պատերին նայելիս հարյուրավոր տարիներ առաջ։ Իսկ երբ արդեն դուրս էր գալիս մութ ամրոցից, զգում է, որ ինչ-որ մեկն իր ձեռքը դրել է իր ուսին։ Շրջվում է, տեսնում բարձրահասակ, սև աչքերով, մորուքով մի տղամարդու, որն իր մասին է հիշեցնում հեղինակին։ Հեղինակն անմիջապես ճանաչում է նրան, իսկ տղամարդը միանգամից անհետանում է ու նա էլ դուրս է գալիս ամրոցից։ 

Գանգրահեր տղան։ Եղիշե Չարենց

1․ Նկարագրե՛ք չափածո նովելում ներկայացրած ապագան։

Չարենցն այս ստեղծագործության մեջ նկարագրում էր գարնանային մի գեղեցիկ օր, երբ արևը ժպտում է երկնքից, մարդիկ ուրախ են, նկարագրում է հոսող գետը, տարածքի տներն ու գործարանները, ինչպես նաև նկարագրում է, թե ինչպես է վաշտը այդ օրը գալիս ու անցնում փողոցով։ Վաշտից մի տղա՝ կապուտաչյա մի երիտասարդ, մոտենում է մի գերեզմանի, որը, ինչպես հեղինակն է նկարագրել, Եղիշե Չարենցի գերեզմանն էր՝ Եղիշե Չարենց․ բանաստեղծ, ծնված Մակու քաղաքում։ Տղան, մոտենալով գերեզմանին, ժպտաց։ Եղիշե Չարենցն այս ստեղծագործությամբ փորձում էր նկարագրել, թե ինչպիսին կլինի կյանքը հետո, երբ նա արդեն մահացած կլինի։ Նկարագրում է այն տեսարանը, թե ինչպես է երիտասարդն իր մահից հետո այցելում իր շիրիմին, կարծես ուրախ ու երջանիկ հիշողություններ ուներ՝ կապված Չարենցի հետ։ 

Դանթեական առասպել։ Եղիշե Չարենց

1․ Կարդացե՛ք պոեմը։

2․ Համառոտ շարադրեք բովանդակությունը։

Ստեղծագործությունը պատերազմ գնացող մի խումբ զինվորականների մասին էր, ովքեր ոտքով հասնում էին կռվի դաշտ։ Իհարկե, ընթացքը բավականին ձանձրալի և հոգնեցուցիչ էր, քանի որ ճանապարհը բավականին երկար էր և դժվար, նույնիսկ նրանցից շատ-շատերը կիսատ էին թողնում ճանապարհը և վերադառնում։ Նրանք հանդիպող քաղաքների ճանապարհներին տեսնում էին մահացած մարդկանց դիակներ, ովքեր սպանվել էին պատերազմների ժամանակ և այդտեղ էլ մնացել էին։ Խումբը պարզապես ապշում էր՝ տեսնելով դիակները, զարմանում, վախենում։ Սակայն, որքան էլ սարսափելի էր ստեղծագործության գլխավոր հերոսի համար ճանապարհին նման տեսարանների հանդիպելը, նա հիանում էր բնությամբ, ուրախանում, և հենց իր շրջակայքի գեղեցկությունն էլ նրան դրդում էր քայլել ու հասնել կռվի դաշտ, քանի որ նա ուրախանում էր բնության գեղեցկությամբ։ Եվ հեղինակը նկարագրում է բազմաթիվ տեսարաններ, որոնցում գլխավոր հերոսը ուշադրություն է դարձնում բնության ներդաշնակությանը և մոռանում այն ամենը, ինչ նախկինում տեսել էր ճանապարհին։ Նրանք հասնում են կռվի դաշտ ու պարտվում են թշնամուն։ Նկարագրում է, թե իրենց զինվորների դիերն ինչպես են ընկած գետնին, սակայն բացվում է առավոտը և նա նորից նայում է դաշտերին, բնությանը և դրա գեղեցկության շնորհիվ էլ կարողանում է մոռանալ և՛ իրենց տարած պարտությունը, և՛ գետնին ընկած դիակներին։

Գրականություն․ 06․03․2023

1․Համացանցից դուրս գրե՛ք հետաքրքիր տեղեկություններ Չարենցի մասին։

Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Ընկերներից մեկը մի պատմություն է պատմում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:

— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:

2․ Եղ․ Չարենցի ,,Տաղարան,, շարքի մասին։

<<Տաղարան>> շարքը   Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժողովածուներից է։ Գրվել է 1920-21 թվականներին, նվիրված է Չարենցի կնոջը՝ Արփենիկին։ Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը, որը հեղինակն ավարտել է 1921 թվականին, նրա գեղարվեստական այդ ընթացքի ինքնատիպ արտահայտություններից մեկը եղավ, որը տպագրվեց 1922 թվականին՝ տեղ գտնելով մոսկովյան հրատարակության երկհատորյակի առաջին հատորում:

3․ Ի՞նչ գաղափարներ են արտահայտված <<Տաղարան>> շարքում։

Այս շարքը գրեթե ամբողջությամբ նվիրված է սիրո թեմային, որտեղ նկարագրվում է մի կերպար, ով ապրում է տխրության մեջ և ուզում է նոր հույս գտնել ու ապրել ուրախ։

Եղիշե Չարենց: Բանաստեղծություններ

Չգիտեմ հիմա, մոռացել եմ ես

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:

Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու:

Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
Ու աստղը ժպտա մոխրացած քարին…

Երազի պես անուշ

Երազի պես անուշ
Ինչ որ բան կա, գիտե՞ք, —
Երբ Ձեր գլուխը լույս
Դուք մերթ բռնում եք թեք —
Եվ գլխարկի կապույտ,
Թավշե ֆոնի տակից —
Ուղարկում եք անփույթ
Ժպիտները Ձեր ինձ:

Ես այնքան փո՜քր եմ դեռ

Ես այնքան փո՜քր եմ դեռ,
Երեխա եմ կարծես,-
Բայց ես սիրում եմ Ձեզ
Ու ջինջ երգերը Ձեր:

Գիտե՞ք արդյոք, որ ես
Վախենում եմ, որ Դուք
Նայում եք աչքերիս
Հայացքներով բարբոք:

Սիրում եք Դուք երգել
Սիրո երգեր հուզիչ.
— Վախենու՜մ եմ ես Ձեր
Հմայքների ուժից:

Վահան Տերյանի հիշատակին

Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին
Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր…

Հատված «Երկիր Նաիրի»-ից

Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին.— փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ, ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են — գավառական հետամնաց քաղաք։ Ե՞րբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը — աստված ինքը գիտե. բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ,— գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ։ Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ, որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել, նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն հին խրճիթներին, որքան քո քիթը, ընթերցող… էյֆելյան աշտարակին։ Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն — մի հանգամանք, որ քսաներորդ դարից է գալիս — և, որպես այդպիսին, նոր է և միանգամայն ուշագրավ։ Քաղաքի ցածլիկ տների ու խանութների միօրինակ ծովում թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն արևելյան գյուղում։ Եվ իզուր չէ, որ նաիրյան այդ քաղաքում մինչև օրս էլ մի անհուն վախով ու պատկառանքով են խոսում այն անձնավորության մասին, որն առաջին անգամ թիթեղե կտուրով է ծածկել իր երկհարկանի բնակարանը, դա բոլորին հայտնի, բոլորից հարգված, այսպես անվանված Գեներալ Ալոշն է, ութսունն անց պատկառելի մի նաիրցի, որի հետ ընթերցողը դեռ շատ առիթ կունենա հանդիպելու սույն իմ այս պոեմանման վեպում։