Ամուլսար. պետության բնանտարբերությունը

Ֆիլմը բավականին հետաքրքիր էր և ուսումնական, այն Ամուլսարի ոսկու հանքի մասին էր։ Պատմվում է, որ <<Լիդիան Արմենիա>> անունով կազմակերպությունը ուզում է շահագործել հանքը, ուսումնասիրել ներսում եղած ոսկու պաշարները և այնտեղ սկսել աշխատանքներ։ Սակայն, քանի որ այդ ընկերությունը նման ոլորտում փորձ չուներ մի շարք երկրներ հրաժարվել էին իր առաջարկից։ Իսկ այժմ հերթը Ամուլսարինն էր, չնայած, որ նույնիսկ գյուղի բնակիչներն են բողոքում ընկերությունից, բացասականորեն մոտենում այս ամենին։ Ամուլսարի տարածքում է գտնվում նաև Ջերմուկի հանքային ջրերը, որը կկորցնի իր առանձնահատկությունը, եթե շահագործվի Ամուլսարը։ 2009 թվականին <<Լիդիան Արմենիա>> ընկերությունը հայտարարում է, որ այդ տարածքում կա 17 տոննա ոսկի, հետո ասում, որ 53 տոննա է, իսկ այժմ՝ 70։ Չնայած նրան, որ Հայաստանում ամենից շատը Սոթքում են առկա ոսկու պաշարները, ընկերությունն իր կայքում հայտարարում է, որ գտել են Հայաստանում ամենաշատ ոսկի պարունակող տարածքը․ խոսքը Ամուլսարի մասին էր։

«Խոր վիրապ» արգելավայր

«Խոր վիրապ» արգելավայրը գտնում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղական համայնքի վարչական սահմաններում, Արաքս գետի ձախակողմյան մասի Խոր Վիրապ եկեղեցական համալիրի և Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի աջակողմյան հատվածում։

Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն է եղել միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման ապահովումը։ Խոր Վիրապի ջրաճահճային էկոհամակարգը աչքի է ընկնում հազվագյուտ և անհետացման վտանգված ջրաճահճային բուսական և կենդանական տեսակներով։ Այս տարածքում հանդիպում են բազմաթիվ հազվագյուտ բուսատեսակներ, օրինակ՝ սիբեխ, ուղտափուշ, վարդատերեփուկ և այլն։ Բացի թռչուններից այստեղ տարվա տաք ամիսներին սնունդ է հայթայթում նաև չղջիկը, որը նույնպես գրանցված է ՀՀ կարմիր գրքում։ Հայաստանի կարմիր գրքում գրանցված տեսակներից այս տարածքում բնադրվում են փոքր ձկնկուլը, մոխրագույն բադը և այլն։ Հազվագյուտ և անհետացող  թռչուններից հանդիպում են մեծ ձկնկուլը, մեծ սպիտակ տառեղը, մոխրագույն սագը, խայտաբղետ բադը, լայնակտուց բադը և այլն։

Այսպիսով՝ Խոր Վիրապի ջրաճահճային տարածքն առանձնանում է բնապահպանական և գիտական բարձրարժեք նշանակությամբ, որի կորուստը, հատկապես որպես ջրլող թռչունների բնակավայր, մեծ վնաս կպատճառի Հայաստանի կենսաբազմազանությանը։

Աղբյուր՝ «Խոր վիրապ» արգելավայր

ՀՀ կարմիր գիրքը

Գառնանգղ

Գառնանգղը համարվում է թռչունների եվրոպական տեսակների մեջ ամենավտանգվածներից մեկը, քանի որ վերջին հարյուրամյակի ընթացքում նրա թվաքանակը կտրուկ կրճատվել է։ Հազվագյուտ համարվող այս տեսակը գրանցված է ՀՀ կարմիր գրքում, համարվում է սակավաթիվ ու վտանգված տեսակ։ ՀՀ կարմիր գրքի տվյալների համաձայն՝ թվաքանակը կազմում է մոտ 8-10 բնադրող զույգեր, սակայն վերջին տարիներին նկատվում է թվաքանակի կայունացում։ Գառնանգղի թվաքանակի վրա ազդում է թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում, ապօրինի որսը, թակարդներով բռնելը և այլն։ Թռչնի այս տեսակը ապրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, սնվում մանր կամ միջին չափի կենդանիների դիակներով։ Մարմնի երկարությունը 100-115սմ է, կշռում է 5-6 կգ։

Բեզոարյան այծ

Բեզոարյան այծ․ լեռնային վայրի այծ է, որը գրանցված է ՀՀ կարմիր գրքում։ Այն տարածված է Հունաստանում, Իրանում, Հայաստանում, Աֆղաստանում, Ադրբեջանում, Պակիստանում և այլն։ Բնակվում են լեռներում, սովորաբար անտառային գոտու վերին սահմաններում։ Բեզոարյան այծերի մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուպ լեռան վրա, Որոտան գետի կիրճում և Արփա գետի մոտակայքում։ Ներկայիս տվյալներով՝ այծի այս տեսակի թվաքանակը Հայաստանում կազմում է մոտ 1000-1500 առանձնյակ։ Բեզոարյան այծերի զանգվածը 50 մինչև 90 կգ է, մարմնի երկարությունը 100-150սմ է։ Այծերը հիմնականում սնվում են խոտերով և տերևներով, սակայն իրենք սնունդ են ծառայում հովազների, արջերի և գայլերի համար։

Մանուլ

Մանուլը կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Ունի նաև մեկ այլ անվանում՝ պալլասյան կատու։ Բավականին երկար ժամանակ է, ինչ այս կենդանին գրանցված է կարմիր գրքում, սակայն մոտ 100 տարի անց 2020 թվականին այս կենդանատեսակը հայտնաբերվել էր Հայաստանում։ Մանուլն ունի տնային կատվի չափ, կշռում է մոտ 2-5 կգ։ Այն շատ հազվադեպ հանդիպող կենդանի է ու դրա քանակը գնալով նվազում է։ Ճշգրիտ քանակը հայտնի չէ, քանի որ մանուլներն ունեն թաքնված կենսակերպ։ Թվաքանակը նվազում է որսագողության, ինչպես նաև գայլերի և բվերի հարձակումների պատճառով։ Տարածված է Կենտրոնական և Միջին Ասիայում, Իրանում, Մոնղոլիայում և Հարավ-Արևմտյան Չինաստանում։

Աղբյուրը՝ 1, 2, 3

Կլիմայի փոփոխությունները Հայաստանում

Ի՞նչ է կլիմայի փոփոխությունը․ դա օդի ջերմաստիճանի և եղանակի շարունակական տատանումներն են։ Այն բնական գործընթաց է, սակայն կարող է տեղի ունենալ նաև գլոբալ տաքացման պատճառով, ինչն, առաջին հերթին, մարդու գործունեության արդյունք է: Արտանետվող ածխածինը կուտակվում է մթնոլորտում և հանգեցնում է օդի ջերմաստիճանի բարձրացման: Դրա աճի պատճառը հիմնականում հանածո վառելիքի այրումն ու անտառահատումներն են: Համաձայն կանխատեսումների՝ Հայաստանի կլիման այս դարում կարող է տաքանալ մինչև 4,7 աստիճան: Իսկ ինչպե՞ս են ազդում կլիմայական փոփոխությունները մեզ վրա․ այն վատ ձևով ազդում է հասարակության վրա, և ոչ միայն՝ նաև տնտեսության և էկոհամակարգերի վրա։ Այն կարող է դառնալ ծայրահեղ եղանակային պայմանների, կենսաբազմազանության կորստի, և նույնիսկ մարդկանց տարհանման պատճառ։ Չնայած այս ամենին, կան բազմաթիվ լուծումներ կլիմայի վատ փոփոխությունները կանխելու կամ մեղմացնելու համար։ Այդ քայլերը կարող են նվազեցնել ածխածնի քանակությունը օդում, ու մեզնից յուրաքանչյուրն էլ կարող է նվազեցնել աղբի քանակությունը, քանի որ այն կուտակելուց հետո այրում են ու այն կարող է հանդիսանալ կլիմայական փոփոխությունների պատճառ։

Աղբյուրներ՝ unicef.org

5 ամենակարևոր էկոլոգիական խնդիրները

Աշխարհում գոյություն ունեն մի շարք էկոլոգիական խնդիրներ, որոնք պահանջում են իրենց լուծումները, ինչին միայն մարդիկ կարող են օգտակար լինել։ Ի՞նչ է իրենից ներկայացնում էկոլոգիական խնդիրը․ բնական միջավայրի փոփոխությունը մարդածին գործոնների արդյունքում, որը հանգեցնում է բնության կառուցվածքի խախտմանը։ Ես ուսումնասիրել եմ մի շարք էկոլոգիական խնդիրներ, ինչպես նաև առանձնացրել եմ դրանցից ամենատարածվածներն ու կարևորները։ Դրանք հինգն են․

  • Երկրագնդի մթնոլորտի աղտոտումը

Մթնոլորտային օդի աղտոտումը էկոլոգիական այն խնդիրներից է, որոնց վտանգը սպառնում է ողջ մարդկությանը։ Այն կարող է առաջացնել հիվանդություններ, նույնիսկ ալերգիաներ։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ օդի աղտոտվածությունն ամեն տարի սպանում է մոտ 7 միլիոն մարդու: Սա պայմանավորված է նրանով, որ տասը մարդուց ինը շնչում է աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող օդ։ Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի սահմանները: Մթնոլորտային հիմնական աղտոտիչներն են ծծմբի և ազոտի օքսիդները, ածխաթթու և շմոլ գազերը։ Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է: Եվ այս ամենի հիմքում, իհարկե, մարդու գործունեությունն է։ Մթնոլորտի աղտոտումը կարող է առաջացնել ինսուլտ, սիրտ-անոթային հիվանդություններ, թոքերի քաղցկեղ, սուր շնչառական վարակներ և այլն։

աղբյուրներ՝ մթնոլորտի աղտոտում․

  • Անտառազրկումը

 Ներկայումս անտառների ավելի քան 50%-ը ոչնչացվել է, որոնց հիմնական նպատակը գյուղատնտեսության համար հարմար տարածք ստեղծելն է, համաձայն տվյալների՝ յուրաքանչյուր տարի 20 մլն հա անտառածածկ տարածք է անտառազրկվում։ Անտառազրկման պատճառներն են՝ թղթի արտադրությունն ու փայտամշակությունը, անասնակերերը։ Անտառազրկումները լինում են նաև վառելափայտ ստանալու պատճառով, գյուղատնտեսական նպատակներով, ինչպես նաև ծխախոտի մշակման համար։ Իհարկե անտառազրկումը թողում է մի շարք հետևանքներ, որոնք են՝ մթնոլորտում ածխածնի ավելացումն ու թթվածնի նվազումը, անապատացումը, երաշտների հաճախակիությունը, կլիմայի փոփոխությունը և այլն։

աղբյուրներ՝ անտառազրկում

  • Կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրը

Բույսերը, կենդանիները և նույնիսկ մանրէները փոխկապակցված են և կազմում են էկոհամակարգի մաս, և դրանցից յուրաքանչյուրի անհետացումը խախտում է բնության հավասարակշռությունը։ Կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներն են՝ անտառահատումները, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, հանքարդյունաբերությունը, միջավայրի աղտոտումը և այլն։ Ներկայումս բույսերի և կենդանիների անհետացման տեմպերը 50-100 անգամ գերազանցում են բնական տեմպերը: Տարբեր հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ ամեն օր անհետանում է 2-20 կենդանատեսակ: Հայաստանն ունի հարուստ կենսաբազմազանություն. մոտ 3 800 տեսակի բարձրակարգ ծաղկավոր բույս, ավելի քան 17 500 կենդանատեսակ։ Սակայն ինչպես ամբողջ աշխարհում, այստեղ էլ, մեծ արագությամբ նվազում է կենսաբազմազանության տեսակները: Միայն Հայաստանի Կարմիր գրքում գրանցված է հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող 308 կենդանատեսակ և 492 բուսատեսակ։

աղբյուրներ՝ կենսաբազմազանությունն ու դրա անվտանգությունը

  • Ջրերի աղտոտումը

Ի՞նչ է ջրերի աղտոտումը․ այն քիմիական նյութերի կամ այլ բաղադրիչների առկայությունն է, որն ավելի մեծ է, քան բնական պայմանները: Այսինքն ՝ այնպիսի նյութերի առկայություն, ինչպիսիք են միկրոօրգանիզմները, ծանր մետաղները կամ նստվածքները: Այս աղտոտիչները նվազեցնում են ջրի որակը: Ջրերի աղտոտման հիմնական պատճառներն են՝ արդյունաբերական թափոնները, գլոբալ տաքացումը, անտառահատումները, նավթի արտահոսքը և այլն։ Ամբողջ աշխարհում ջրի աղտոտման հետևանքով առաջանում են տարբեր բացասական հետևանքներ: Հետևանքներն են՝ առաջացած հիվանդությունները, մարդկանց մահացությունները և այլն։

աղբյուրներ՝ ջրի աղտոտվածությունը

  • Օզոնի շերտի քայքայում

Մթնոլորտում օզոնի քանակությունը կազմում է մոտ 3,3 մլրդ տոննա, սակայն, մարդու և մյուս կենդանի էակների համար կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ պաշտպանում է ուժեղ կարճալիք ուլտրամանուշակագույն ճառագայթներից և էապես նպաստում է մեր մոլորակի ջերմային ռեժիմի կայունացմանը: Մթնոլորտի այն հատվածները, որտեղ նկատվում են օզոնի քանակի կտրուկ նվազումներ, անվանում են օզոնային անցքեր: Օզոնային շերտի քայքայումը և օզոնային անցքերի առաջացումը պայմանավորված է ազոտի օքսիդներով մթնոլորտի աղտոտմամբ։ Մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ առաջանում են ինչպես մեքենաների, այնպես էլ հրթիռային շարժիչների աշխատանքի ժամանակ: Անհրաժեշտ ուլտրամանուշակագույն ճառագայթների մի մասը անցնում են օզոնի շերտով և հասնում մինչև մեր մոլորակի մակերևույթ, ինչն անհրաժեշտ է կյանքի գոյության համար: Օզոնի շերտի քայքայումը կունենա մի շարք հետևանքներ, ինչպիսիք են ջերմոցային էֆեկտի ուժեղացմումը, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության նվազեցումն որ հողերի քայքայումը:

աղբյուրներ՝ օզոնի շերտի քայքայում

4 քայլ, որոնք կօգնեն բնությունն օգտագործել ավելի ռացիոնալ

Բնությունը դառնում է ռացիոնալ, երբ բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են անմնացորդ, և միաժամանակ նվազագույն վնաս հասցնում բնական միջավայրին: Ես առանձնացրել եմ 4 քայլ, որոնք կօգնեն բնությունն առավել ռացիոնալ օգտագործել։

  • Պոլիէթիլենային տոպրակ

Պոլիէթիլենային տոպրակները գլխավորապես նպաստում են բնությանը վնաս հասցնելուն։ Կարծում եմ, որ եթե սկսենք քիչ օգտագործել այն, օգուտ կտանք բնությանն ու մեր շրջակա միջավայրին։ Օրինակ՝ կարելի է սահմանել մի օրենք, որ այդպիսի տոպրակներ վաճառող խանութները տուգանվեն։ Սկզբում դրա փոխարեն խանութներում պետության կողմից կարող են մարդկանց տրամադրել կտորե պարկեր, որոնք մեկանգամյա օգտագործման չեն։ Կամ պետք է դրանց գինը բարձրացրել այնքան, որ մարդիկ չգնեն։ Այս քայլերով աստիճանաբար կկրճատվի պոլիէթիլենային տոպրակի վաճառքն ու օգտագործումը։ Հայաստանում արվել են նման նախաձեռնություններ՝ քաղաքացիներին բաժանել են կտորե տոպրակներ, արգելել են պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ վաճառքն ու գնումը, սակայն այն երկար չի տևել, քանի որ այդ տարբերակը չի աշխատել ու չի կրճատվել դրանց օգտագործման թիվը։ Աղբյուր՝ 1

  • Աղբի վերամշակում

Աղբը վերամշակելը լավագույն ու պարզ տարբերակներից է բնությունը ռացիոնալ օգտագործելու համար։ Դե, հեշտ վերամշակման համար պետք է աղբը թափենք առանձնացված դույլերի մեջ, որոնք կտանեն գործարաններ ու կվերամշակեն՝ ստանալով նոր բան։ Ի օգուտ բնությանը, մենք պետք է առավել քիչ օգտագործենք պլաստիկա, առավել ևս մեկանգամյա օգտագործման իրեր:

Ըստ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ուսումնասիրության, տարեկան Հայաստանում արտադրվում է շուրջ 6,000 տոննա պլաստմասե վերամշակվող թափոն: Թափոնների այդ ծավալը կարող է բերել 5-6 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ քաղաքապետարանների, ազգային արգելոցների և գործընկեր ընկերությունների համար։ Աշխարհի շատ երկրներում ձեռնարկվում են աղբի տեսակավորման և վերամշակման շատ հետաքրքիր ձևեր։ Օրինակ՝ Ֆինլանդիայում աղբահանության առանձնահատկությունը փողոցային տարաներն են, որոնք նման են փոքրիկ արկղերի: Աղբի պահեստն ինքը ստորգետնյա է։ Շատ տարաներ միացված են հատուկ վակուումային խողովակներին, որոնց շնորհիվ թափոնները անմիջապես մտնում են վերամշակման գործարաններ։ Աղբյուր՝ 1

  • Հոսանքի խնայողությունը տանը

Հավատացեք, մեզնից յուրաքանչյուրն էլ կարող է հեշտությամբ խնայել էներգիան՝ քիչ հոսանք օգտագործելով տանը։ Պարզապես կարող ենք սովորականից մի փոքր քիչ վառել տան լույսը, անջատել այդ պահին ոչ պետքական սարքերը, որոնք ծախսում են հոսանքը։ Ճիշտ է, այն շատ մեծ փոփոխություն չի թվա, սակայն եթե բոլորս սկսենք այսպես խնայել հոսանքը, կկարողանանք կուտակել մեծ քանակով էներգիա։

  • Մեքենաների քիչ օգտագործումը

Ամենատարածված փոխադրամիջոցը մեքենան է, ու դրա շատ գործածմամբ մենք վնաս ենք հասցնում ինքներս մեզ՝ ծախսում ենք բավականաչափ վառելիք ու աղտոտում ենք մթնոլորտը։ Իհարկե, շատ դժվար կլինի քաղաքում նվազեցնել մեքենաների երթևեկությունը, սակայն դրա կրճատման կամ չօգտագործման հետևանքով օգուտ կտանք մեզ ու մեր շրջակա միջավայրին։

Շրջակա միջավայրի մոնիթորինգ

Շրջակա միջավայրի մոնիթորինգը միջավայրի վիճակի վերահսկողությունն է՝ որակի գնահատումը։ Ինչպես նաև մարդու առողջության վրա մարդածին ու բնական գործոնների բացասական ազդեցությունների կանխատեսման ու կանխարգելման, դրանք ժամանակին հայտնաբերման ու վերացման նպատակով իրականացվող կանոնավոր երկարատև դիտարկումների համակարգը։ Մոնիթորինգի հիմնական գործառույթները մթնոլորտային օդի, ջրերի, բուսատեսակների և կենդանատեսակների որակի վերահսկումն են։ Դրա գործառույթներից է նաև համարվում աղտոտման հիմնական աղբյուրների հայտնաբերումը։ Մոնիթորինգն ունի երեք տեսակ՝ տեղական, տարածաշրջանային կամ երկրահամակարգային, խոշորամասշտաբ՝ կենսոլորտային։ Շրջակա միջավայրի մոնիթորինգն իրականացնում են պետական տարբեր կազմակերպություններ, օրինակ՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնը և այլն։ Այդ կազմակերպությունները կատարում են, օրինակ՝ անտառների մոնիթորինգ, բնության հատուկ պահպանվող տարածքների, բուսական, կենդանական աշխարհի մոնիտորինգ, ջրային պաշարների մոնիտորինգ և այլն։

Ես ուսումնասիրել եմ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության կայքը ու ծանոթացել նրանց հետազոտություններին։ Կայքում գտա ՀՀ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի հետազոտությունները, որոնք կատարված են հենց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության կողմից։

Շրջակա միջավայրի վիճակի մոնիթորինգի խնդիրներն են՝ դիտարկումն ու հայտնաբերումը։ Իսկ հիմնական նպատակները՝ գնահատումը, կանխատեսումը, որոշումների ընդունումն ու միջոցառումների մշակումը։

Աղբյուրներ՝ Վիքիպեդիա Ազատ հանրագիտարան, Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն, library.anau.am:

Ազոտ

Ազոտն ամենատարածված քիմիական տարրերից մեկն է։ Բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով: Ազոտն օդի հիմնական բաղադրիչն է և կազմում է նրա մոտ 75,6%-ը։ Ազոտի պարունակությունը երկրակեղևում կազմում է 0,02%, որտեղ ազոտը գտնվում է միացությունների ձևով։ Ազոտ են պարունակում նաև քարածուխը (2,5%), նավթը (0,02–1,5%) և կենդանի օրգանիզմները (մոտ 3%): Բույսերն ազոտը հիմնականում վերցնում են հողից՝ միացությունների ձևով, իսկ կենդանիներն այն ստանում են բույսերից: Ազոտը մտնում է սպիտակուցների (մոտ 17%) և այլ բնական օրգանական միացությունների բաղադրության մեջ: Բնության մեջ ազոտի շրջապտույտը Երկրի վրա կյանքի գոյության անհրաժեշտ պայմանն է: Ազոտի հիմնական մասն ազատ վիճակում գտնվում է մթնոլորտում, իսկ ավելի փոքր մասը՝ միացությունների ձևով՝ հողում, բուսական և կենդանական օրգանիզմներում:

Հողում ազոտային միացությունների բացակայության պայմաններում բույսերը չեն կարող աճել ու զարգանալ: Հողի բերքատվության բարձրացման համար անհրաժեշտ է այն պարարտացնել ազոտական պարարտանյութերով: Սննդային շղթաների միջոցով է, որ ազոտը փոխանցվում է էկոհամակարգերի մյուս օրգանիզմներին: Ազոտի շրջապտույտի հարցում կարևոր նշանակություն ունեն նաև կենդանի միկրոօրգանիզմները: Հողում ապրող որոշ բակտերիաներ կլանում են օդի ազոտը և վերածում ամոնիակի ու հանքային աղերի: Այս բակտերիաների շնորհիվ 1 տարում 1 հա հողում կուտակվում է մինչև 25 կգ կապված ազոտ: Կան բակտերիաներ, որոնք մահացած բույսերի ու կենդանիների օրգանական ազոտը փոխարկում են ամոնիակի ու նիտրատների:

Աղբյուրներ՝ Հայկական Հանրագիտարան, Վիքիպեդիա Ազատ հանրագիտարան։

Ինչպես է շրջակա միջավայրն ազդում մարդու առողջության վրա

1․Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը: 

Այն միջավայրը, որտեղ ապրում եմ ես այնքան էլ մաքուր վիճակում չի գտնվում։ Իհարկե, մեծամասամբ թափված աղբն է, որ կեղտոտում է մեր փողոցը։ Փողոցում կա հատված, որտեղից շատ վատ հոտ է գալիս, դրա հետ մեկտեղ նույնպես շատ աղբ կա թափված գետնին։ Սակայն բնակիչները արդեն համակերպվել են աղբի հետ ու այն դարձել է սովորական բոլորիս համար։

2․Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք օրինակներով:

Իմ շրջակա միջավայրը շատ վատ ազդեցություն է թողնում իմ առողջության վրա, քանի որ շատ աղբ կա փողոցում, կեղտոտ է։ Կեղտոտ ու չխնամված միջավայրը վատ հետևանքներ կարող է թողնել ու մարդկանց մոտ առաջացնել շնչառական կամ սրտի հիվանդություններ։ Ըստ իս՝ մարդու առողջությունը մեծամասամբ կախված է օդի, ջրի, հողի աղտոտվածությունից։

3․Առանձնացնել ՀՀ-ում տարածված հիմանական հիվանդություննը, որքանով են դրանք կապվում շրջակա միջավայրի հետ 

Ալերգիան այս օրերին համարվում է ամենատարածված հիվանդություններից մեկը։ Այն կապված է շրջակա միջավայրի հետ։ Մարդիկ կարղ են ձեռք բերել ալերգիա արևից, փոշուց, սննդից և այլն։ Այս հիվանդության ամենատարածված տեսակներից մեկը շնչառական ալերգիան է։ Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հիվանդության գլխավոր գործոնը համարվում է միջավայրի աղտոտումը։

Վերջին 13 տարինների ընթացքում, 2005թ․-ից սկսած, Հայաստանում աճել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների թիվը։ Աշխարհում առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, Հայաստանում՝ ևս։ Այսպիսի հիվանդությունների ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երևանում, իսկ ամենացածրը՝ Վայոց ձորի մարզում։

Աղբյուր՝ https://ampop.am/top-deadliest-diseases-in-armenia/

4․Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:

Իհարկե, շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանը կախված է միայն ու միայն մեզնից, քանի որ մենք ենք այն աղտոտում։ Ըստ իս՝ շրջակա միջավայրի վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու համար կառավարությունը պետք է կայացնի որոշում, ըստ որի տարածքը կեղտոտողները կտուգանվեն։ Իհարկե, Հայաստանի որոշ տեղերում այդպիսի որոշում կա, սակայն չեմ կարծում, որ այն իրապես աշխատում է։ Այն պետք է դարձնել ավելի վերահսկելի, տարածքի հանդեպ լինեն ավելի ուշադիր և այլն։