Նոր տարի։ Հովհաննես Երանյան

Պատմվածքը նկարագրում է Ամանորից առաջ գյուղում անցկացվող օրերը, երբ ընտանիքը փորձում էր անել ամեն բան, որպեսզի գոնե այդ տարի կարողանա առանց որևէ պարտքի նշել տոնը․ <<պարտ­քով արած Նոր տա­րի­նե­րին հայ­րը տրա­մադ­րու­թյուն չէր ու­նե­նում, չէր խմում, ու բո­լոր չորս զա­վակ­ներն էլ զգում էին, որ այդ­պի­սի Նոր-­տա­րի­նե­րի նրա ու­րա­խու­թյունն ար­հես­տա­կան է>>։ Այդ իսկ պատճառով ամեն մեկն իր հերթին փորձում էր հնարավորինս շատ աշխատել էլ ավելի շատ գումար վաստակելու համար։

Նշանավոր էր հոր դերը, ով գիշեր-ցերեկ աշխատում էր և ուներ մի քանի աշխատանք, ով մի քանի ժամ էր օրվա ընթացքում լինում տանը, այն էլ՝ քնած։ Նրա կերպարը շատ խիստ էր նկարագրված, երբ բոլորը փորձում էին լսել իր խոսքը՝ ենթարկվելով վերջինիս։

Շատ պարզ էր նկարագրված աստվածապաշտությունը և՛ որդու, և՛ հոր կողմից, երբ տղան ուզում էր նմանվել հորը՝ լինելով աստծուն սիրող։ Իհարկե, սա շատ կարևոր հատկանիշ է, սակայն բացի իրենցից՝ հերոսներից ոչ ոքին բնորոշ չէր այն, և ոչ էլ խոսվում էր դրա մասին։ Որդու ընթերցանությունը աստվածաշնչից նույնպես մեծ ասելիք ուներ, սակայն այդքան էլ շեշտված չէր պատմվածքում․ <<Դուք տե­սաք ու չճա­նա­չե­ցիք: Երա­նի նրանց, ով­քեր առանց տես­նե­լու կհա­վա­տան>>։ Իհարկե, այն մեջբերում էր աստվածաշնչից, սակայն այն հայր և որդի համեմատեցին մեկ այլ իրավիճակի հետ, երբ տղան Սևան չայցելելով գրել էր դրա մասին այնպես, որ դասընկերները հավատացել էին իր խոսքերին, թե վերջինս հենց լճի ափին նստած էլ գրել է։ Սակայն, ըստ իս՝ այս երկու մտքերը այդքան էլ համեմատական չէին, երկրորդը շատ ավելի հասարակ և առօրյա խնդիր էր, որը չէր կարող ուղղակի համեմատվել աստվածաշնչյան այդ օրինակի հետ։

Բայց, ընդհանուր առմամբ ստեղծագործությունն ինձ շատ դուր եկավ, հատկապես ընտանիքի ձգտումը գումար աշխատելուն, ինչպես նաև առանձնահատուկ էր հոր աշխատասիրությունը, սերն առ աստված, գյուղական կյանքի առանձնահատկությունները և այլն։

Խաբուսիկ օր։ Հովհաննես Երանյան

Ըստ հեղինակի՝ խաբուսիկ օրվան բնորոշ էր մահ չլինելը, որի շուրջ պատմվածքում բերված են մի շարք օրինակներ, որոնցից մեկն է հենց երեխայի մահից պրծնելը ամբողջ օրվա ընթացքում․ <<Ոչ ոք չէր մահացել, բոլոր մարդիկ անմահ էին: Մահ չկար>>: <<Առուն մեծ չէր, բայց արագահոս էր և կքշեր, կտաներ տղային, բայց քանի որ մահ չկար այդ օրը, փոշմանեց ու հետ քաշեց ոտքը>>, <<Օրը մանկան պես անմեղ էր ձևանում, և թվում էր, թե մահ չկա, թե Ադամից հետո աշխարհ եկած որևէ մեկը չի կորչելու>>: Թվում էր, թե փոքրիկը պետք է մահացած լիներ՝ կանգնելով ականապատ դաշտում, առուն ընկնելով, դես ու դեն փախչելով, սակայն մահ չլինելու պատճառով նրան ոչինչ չէր պատահում․ ահա, թե որն էր պատմվածքի հետաքրքիր փոխաբերությունը, ահա, թե ինչու է այն կոչվում հենց <<խաբուսիկ օր>>։

Թեման շատ սովորական է լսել հեղինակի կողմից, քանի որ նա շատ է բարձրացնում պատերազմական իրավիճակի հարցը՝ իր գրեթե բոլոր ստեղծագործություններում կարևորելով այն։ Երեխայի մորը դաժանաբար սպանել էին, իսկ նա առանց որևէ բան գիտակցելու դուրս էր եկել տնից ու գնացել-անցել սահմանը։ Շատ առանձնահատուկ էր նաև գերմանուհու դերը պատմվածքում, երբ տեսնելով երեխային մոռացավ ամեն բանի մասին և գիրկն առավ վերջինիս։ Նա այնքան սիրեց փոքրիկին, որ ուզեց իր հետ տանել Գերմանիա և այդպես էլ արեց։ Համեմատություններից հետաքրքրեց այն հատվածը, երբ երեխայի մեկնումը համեմատում էր առվակի ծովը լցվելուն․ <<Իր որբության գաղտնիքն անտեր թողած` գնում էր անազգ, պատմության դեմ անքեն, անվրեժ բարեկեցիկների ծովում կորսվելու` ինչպես իր խաղընկեր առվակը>>:

Ըստ իս՝ պատմվածքի գաղափարներից մեկն արտահայտվում էր փոքրիկի՝ գյուղում մեծանալու մեջ, երբ իր հորեղբայրը դիմում էր գերմանուհուն․ <<Էհ, թող գնա, գուցե երջանիկ լինի, գուցե մեծ մարդ դառնա: Ի՞նչ կա այստեղ բացի տառապանքից>>։

Ապոկալիպսիսի հրեշտակները։ Հովհաննես Երանյան

Հովհաննես Երանյանի ստեղծագործություններից շատերն ուղղված են պատերազմական թեմաներին, և այս պատմվածքը դրանցից մեկն էր, որում խոսվում էր միմյան հենց այդ թեմայի շուրջ։ Իհարկե, ընտրված թեման շատ արդիական է՝ հատկապես մեր երկրում, և դրա բովանդակությունից պարզ է դառնում, որ այն տեղի է ունեցել Հայաստանում, վերջերս՝ ոչ շատ շուտ ժամանակներում։ Հեղինակի կողմից ընտրված պատերազմական դժբախտ իրավիճակի թեման շատ գեղեցիկ էր նկարագրված, և կարծում եմ՝ հենց դա է բազմալեզու ընթերցողներ ունենալու գլխավոր պատճառը, այսինքն՝ ընտրվում է մի թեմա, որը բոլորի համար շատ հետաքրքիր է և արդիական։ Այս պատմվածքի շուրջ կարող եմ շատ ավելի երկար շարադրել մտքերս՝ ի տարբերություն մնացած այլ ստեղծագործությունների, քանի որ ասես հենց հիմա է կատարվում և հենց Երևանում, բոլորս ծանոթ լինելով մի թեմայի, որի մասին հեղինակը մանրամասնել է գրելիս։

Ամենից շատ ինձ դուր եկան պատմվածքի չափազանցությունները, ինչպես նաև հեղինակի անմիջականությունը մեր նկատմամբ՝ նկարագրելով որդուն կորցրած ծնողի տառապանքը, ինչպես նաև ամուսնուն և որդուն կորցրած կնոջ ցավը։ Չեմ կարծում, որ այս դեպքը վերցված է իրական կյանքից, սակայն այն այնքան հավանական է, որ ինքս չեմ զարմանա, եթե այն կատարված լինի վերջերս Հայաստանում։

Շատ հատկանշական էր հրեշտակների դերը պատմվածքում, երբ նրանք ուղեկցում էին ծերուկին ողջ ճանապարհին, որոնց շնորհիվ էլ Հարությունը փրկեց իր որդու մոտ ընկերոջ կյանքը, ինչպես նաև լուր ստացավ որդուց․ <<Նա աջ թևով գրկեց Հարությունի մեջքն ու ասաց. — Արի՛ ինձ հետ, — Հարությունը հնազանդվեց, բայց զգում էր, որ քայլում է ոչ սեփական կամքով, ոտքերն ասես գետնին չէին դիպչում, ոչ շուռ եկած ծառերը, ոչ մացառները նրան չէին խանգարում, սահում էր նրանց միջով>>: Եվ այս ամենը կապվում է պատմվածքի ավարտի հետ, երբ կարծես ստեղծագործության գլխավոր հերոսի միջոցով ակնհայտ է դառնում հեղինակի ասելիքներից մեկը․ <<Ո՞ւմ պատմես՝ հավատան, թե հրեշտակները գիտեն՝ ուր են ուղեկցում>>։

Այս միտքն ինձ շա՛տ դուր եկավ։ Հեղինակն ուզում էր ասել, որ աստված հրեշտակների միջոցով օգնում է և ճիշտ ճանապարհն է ցույց տալիս դժվարության մեջ գտնվող մարդկանց․ Հարությունը տրորեց աչքերն ու հարցրեց. -Ցնդում եմ երևի, աչքիս ամենուր հրեշտակներ են երևում: -Չէ, չես ցնդում,- վստահ պատասխանեց Մեսրոպը: Իրոք հրեշտակներ են, եկել են տղերքի հոգիները երկինք ուղեկցելու: Ես նրանց էլի եմ տեսել: Չորս տարի առաջ, ապրիլին:

Քարտը։ Մարսել Էմե

1․ Գրեք ձեր հիմնավորված վերաբերմունքը պատմվածքի վերաբերյալ։

Ըստ իս՝ պատմվածքը կարող էր լինել էլ ավելի հետաքրքիր, եթե գլխավոր կերպարը չխոսեր հեղինակի անունից, և բովանդակությունը պատմվեր մեկ այլ անձի կողմից, ով միայն կկատարեր հեղինակի դերը։ Կարծում եմ՝ հետաքրքիր թեմա էր ընտրված, ոչ այնքան արդիական, սակայն տպավորիչ բովանդակություն ունեցող։ Ընտրված էր մի խնդիր, որը հետագայում կարող է մեծ տարածում ունենալ։ Իհարկե, շատ էին չափազանցությունները (այն, որ մարդկանց թույլատրվում էր ապրել ոչ բոլոր օրերին, և դրա համար մարդիկ հատուկ քարտերի կարիք ունեին), սակայն այն ավելի հետաքրքիր էր դարձնում բովանդակությունը՝ էլ ավելի ընդգծելով պատմվածի ասելիքը։

2․ Ո՞ր է պատմվածքի գաղափարը։

Ստեղծագործության ասելիքներից մեկը մասնագիտությունների արդիականությունն էր՝ փաստելով այն, որ նկարիչները, գրողները, քանդակագործները և նման այլ մասնագետներ տեղ չունեն այժմյան հասարակությունում և կարևոր դեր չեն կատարում իրենց գործով։ Հենց այդ պատճառով առաջնահերթորեն նրանց էր արգելվում ապրել՝ կոչվելով <<անարդյունավետ սպառողներ>>։ Նման օրենք էր սահմանված նաև թոշակառուների, ծերունիների և գործազուրկների համար։

Կիկոսի վերադարձը: Արմեն Հայաստանցի

Պատմվածքի վերնագիրը հենց սկզբից մեծ հետաքրքրություն է առաջացնում բոլոր այն ընթերցողների մոտ, ովքեր ծանոթ են Թումանյանի ստեղծագործությանը, որը, կարծում եմ՝ կարելի է համարել այնպիսին, որի շարունակությունը կարող է էլ ավելի հետաքրքրել ընթերցողներին, քան հենց բնօրինակը։ Սակայն ընթերցելիս համոզվեցի, որ ի հակադրություն Թումանյանական ոճի՝ այն գրված էր այլ գրական ոճով, որն ինձ լիովին անծանոթ էր և այն բացարձակ չհավանեցի։ Ըստ իս՝ նման վերնագրով ստեղծագործությունը կարող էր լինել էլ ավելի հետաքրքիր, ինչպիսին Թումանյանինն էր, որը կարող են ընթերցել և՛ մեծերը, և՛ փոքրերը, իսկ սա մի փոքր անհասկանալի էր, բովանդակությունը լիովին հակասում էր բնօրինակին։ Մինչ կարդալը մի փոքր այլ էի պատկերացնում բովանդակությունը՝ նման Թումանյանի ոճին, սակայն իրականում այդպես չէր։

Կապիկի թաթը: Ուիլյամ Ուայմարք Ջեյքոբս 

Հեղինակն այս պատվածքի միջոցով ընթերցողին ապացուցում էր, որ ոչինչ կյանքում հեշտությամբ չի տրրվում, այսինքն՝ դու չես կարող քո ուզած բանը ստանալ հենց այնպես՝ սպասելով, թե երբ պետք է այն տեղի ունենա։ Դու պետք է աշխատես դրա ուղղությամբ, քայլեր ձեռնարկես, որպեսզի այն ձեռք բերես։ Իսկ “կապիկի թաթը”, որն իբրև երազանքներ էր կատարում, իրականում փաստում էր հենց հեղինակի միտքը, որն էլ կարելի է համարել ստեղծագործության գլխավոր գաղափարը, որ ստանալու հետ մեկտեղ որևէ դժբախտություն է պատահում, այնպիսի մի բան, որ ինքներդ կհրաժարվեինք դրանից ցանկություն խնդրել։ Ես համաձայն եմ հեղինակի հետ, և կարծում եմ՝ կյանքում հենց այնպես ոչինչ չի տրվի քեզ, քանի դեռ դու չես աշխատել դրա ուղղությամբ։

Երազներում եկող տղամարդը։ Փաքսիմա Մոջավեզի

Ստեղծագործությունը սիրո, դրա դժվարությունների, ուժի և կարևորության մասին էր: Այս օրերին դրա խոչընդոտներից մեկը կարելի է համարել հասարակության կարծիքը, որը հստակորեն ընդգծված էր պատմվածքում։ Աղջիկը՝ ապրում էր իր իսկ ստեղծած կյանքով, միշտ մտածում էր իր երազներում եկող տղամարդու մասին, ոչ ոք չէր հասկանում նրան, բոլորը քննադատում էին կամ կարծում, թե խելագարվել է։ Ստեղծագործությունը լիովին սիրո մասին էր, և բոլոր գաղափարները հիմնված էին դրա վրա։ Կային մի շարք փոխաբերություններ, որոնք ունեին այլ նշանակություն, ինչպիսիք էին՝ լողավազանը, ստվերները։ Լողավազանը, որը ներկայացված էր ստեղծագործության մեջ, համապատասխանում էր այն դժվարություններին, որոնք ստեղծվում են հասարակության պատճառով, և որի պատճառով էլ սահմանափակումներ են մտնում հարաբերությունների մեջ։ Իսկ ստվերները խորհրդանշում էին մարդկանց՝ հասարակությանը, որոնք էլ խանգարում են հարաբերություններին՝ հետևելով ու բաց չթողնելով փորձում անհանգստություն առաջացնել։ Եվ այս ամենի արդյունքում հարաբերություններում շատ բաներ փոխվում են՝ թողնելով իրենց ազդեցությունը։ Իսկ վերջին հատվածը, որտեղ աղջիկը կոտրում է ապակին, փաստում է այն, որ իրենց սերը վերջապես ազատվում է հասարակության կապանքներից՝ լիովին անցնելով դժվարութունների միջով։

Գյուղի խենթը։ Քլիֆորդ Սայմակ

1․ Կարդացեք պատմվածքը։
2․ Ի՞նչ գաղափարներ են արտահայտված պատմվածքում։

Պատմվածքում նկատել եմ մի քանի գաղափարներ, որոնք իր գործի մեջ ներառել էր հեղինակը։ Ահա դրանցից մեկը․ «Ու վերջիվերջո որոշեցի, որ պետք չէ ատել թշնամիներին։ Ավելի լավ է չարին բարությամբ պատասխանել»։

Նկատեցի, որ պատմվածքում կար հակադրություն, երբ գլխավոր հերոսը փորձում էր վերականգնել արդարությունը գյուղում՝ բոլորին ամաչեցնելով իրենց վատ արարքների համար։ Ճիշտ է, ամեն սուտ բացահայտվեց, բոլորն իրենց գաղտնիքները պատմեցին միմյանց, սակայն, ըստ իս՝ այդ չէր գլխավոր հերոսի նպատակը։ Գյուղում ամեն ինչ խառնվեց իրար՝ շատերը խզեցին իրենց կապերը գյուղի բնակիչներից շատերի հետ, բացահայտվեց մեկի կնոջ դավաճանությունը և բաժանվելով դժբախտացան։ Կարծում եմ՝ գաղափարներից մեկը կարող էր լինել այն, որ եթե աշխարհում վերանա սուտը և ամեն բան լինի արդար շատերը կդժբախտանան, քանի որ առանց այդ ստի, կարելի է ասել, չեն կարող։ Եթե բացահայտվի բոլորի գաղտնիքները, կյանքում արած բոլոր անարդարությունները, աշխարհում կկատարվի այն, ինչ կատարվեց այդ գյուղում։

Հետաքրքրեց նաև այս հատվածը, որը դուրս եմ բերել պատմվածքից․ «Քարոզիչ Մարտինի գլխում ոչ մի բարեպաշտ միտք չկար։ Պարզվեց, որ նա մտածում էր, թե ինչպիսի պատճառաբանություններ անի ծխական խորհրդում, որ իր աշխատավարձը բարձրացնեն։ Մտքում անեծքներ թափեց խորհրդի մի քանի անդամների գլխին՝ նրանց ժլատության համար, ու ես համաձայնեցի նրա հետ, որովհետեւ նրանք իսկապես ժլատ էին»։ Ըստ իս՝ այս հատվածով հեղինակն ուզում էր ասել այն, որ շատերի արտաքինը կարող է լինել խաբուսիկ։ Օրինակ՝ չէինք կարող պատկերացնել, որ եկեղեցուն նվիրված բարի համբավ ունեցող մեկը կարող էր ունենալ նման մտքեր, նման անցյալ, ինչպես քարոզիչ Մարտինն էր։

Ինձ համար հետաքրքիր էր նաև այս հատվածը․ «Դա շատ դժվար գործ էր, ու երբեմն քիչ էր մնում դեռ քաշեի։ Այդ ժամանակ ինքս ինձ հիշեցնում էի, որ դա իմ պարտքն է՝ հո իզուր տեղը չի շնորհվել ինձ այդ զորությունը։ Ուրեմն պիտի անեմ այն ամենը, ինչ կախված է ինձանից։ Եվ դա պետք է անեմ ոչ թե եսապաշտական շահերից ելնելով, այլ միայն ուրիշ մարդկանց բարիք պարգեւելու համար»։

Այն, ինչ չարժե ոչինչ։ Ռոբերտ Շեքլի

1․ Կարդալ պատմվածքը։
2․ Գրել պատմվածքի գաղափարը։

Պատմվածքի գաղափարն այն էր, որ եթե ուզում ես հասնել ինչ-որ բանի՝ էական չէ, թե ինչպիսին կլինի այն, պետք է հնարավորինս ջանք գործադրես դրա համար, քանի որ երբեք քեզ այն պատահական չի տրվի։ Պատմվածքի գլխավոր հերոսը լավագույն օրինակն է ասելիքն ապացուցելու համար․ նա ստացավ այն ամենն ինչ ուզում էր ու անգամ մի փոքր չաշխատեց դրա համար, իսկ ամենավերջում, երբ խնդրեց անմահություն, այն ավտոմեքենան, որը իրականություն էր դարձնում իր այդ շռայլ ցանկությունները, նույնպես անհետացավ։ Եվ նա ստիպված էր աշխատել այնքան, որպեսզի կարողանար վճարել իր պալատի, ունեցվածքի համար։ Եվ ո՞ւմ էին պետք իր այդ շքեղ իրերը, եթե նա հավերժ աշխատելու էր։ Այս պատմվածքից կարելի է հետևություն անել․ երբեք ձեր հույսը մի դրեք ուրիշների վրա, որ հանկարծ ձեր ցանկությունը միանգամից կիրականանա նրանց միջնորդությամբ, այլ ինքներդ աշխատեք ձեր ջանքերով, որ հետո այն չկորցնեք կամ որևէ կերպ հատուցեք դրա համար։

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը

1․ Կարդացե՛ք, դո՛ւրս գրեք հատվածներ, որոնք անհրաժեշտ եք համարում հիշելու համար։

 Հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով ստեղծվեցին հայոց գրերը, որոնցով մինչև օրս գրում ու կարդում ենք մենք:

Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: 

Մանուկներին սկսեցին սովորեցնել նորաստեղծ այբուբենով: Եվ եթե մինչ այդ ուսուցումը Հայաստանում գլխավորաբար հունարեն և ասորերեն լեզուներով էր, ապա Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը հիմք դրեցին հայոց ազգային դպրոցին: Հայոց դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում: Հայոց առաջին դպրոցներից մեկը Հայոց Արևելից կողմերում բացվեց Ամարասի վանքում:

Երկարատև բեղուն գործունեությունից հետո նա մահացավ 440թ. և թաղվեց Ամատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում: Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև եկեղեցի կառուցվեց, որոնք դարձան ժողովրդի ուխտատեղիներ: 

2․ Գտե՛ք շտեմարանում հարցեր, որոնց պատասխանը կա այս երկու հատվածումներում։