- Կարդացեք առաջին մասը:
- Ի՞նչ էին ցանկանում երեխաները, և ի՞նչ էր տալիս Ձմեռ պապին նրանց:
Երեխաներից մեկը հեծանիվ էր ուզում, մյուսը իսկական մեծ տուն, բայց Ձմեռ Պապը նրանց տվեց ծրարներ:
- Դուք ինչպե՞ս եք վերաբեվում այն փաստին, որ երեխաները իրենց ուզածը չեն ստանում: Հիմնավորեք:
Երեխաները շատ կտխրեն, որ չստանան իրենց ուզած նվերը, կան երեխաներ, որ այդ փաստը իմանալուց հետո կլացեն: Բայց ի՞նչ կարող է ավելի օգտակար և պետքական բան են ստանում, այնպիսի բան, որ նրանց մտքով էլ չէր անցնի:
(Ռադիոպիես)
ԵՐԵԽԱՆԵՐԻ Սուրբ Ծննդյան երեկոն ռադիոյով հաղորդվում է Ափից Ափ: Նվագախումբը նվագում է “Ղողանջե´ք զանգերը”, ԵՐԵԽԱՆԵՐԸ երգում են ամբողջ ձայնով: Երգն ավարտվում է, ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափահարում են ու աղաղակում:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
(Սիրալիրությամբ)
Հրաշալի էր, երեխանե´ր: Դե, ի՞նչ, զվարճանում ենք, չէ՞:
ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա´յք և պարոնա´յք, եթե միայն կարողանայիք տեսնել այս երեխաների երջանիկ դեմքերը, ձեր սրտերը կջերմանային: Նրանք եկել են Նյու Յորքի ամեն անկյունից` ողջունելու իրենց հին ընկեր Ձմեռ պապին այս հանդեսում: Երբ վերջին անգամ խոսեցինք Ձմեռ պապի հետ, նա Մոնրեալի կողմերում էր իր սահնակով ու հյուսիսային եղջերուներով: Բայց շուտով այստեղ կլինի: Նորից կանչե՞նք “Ձմեռ պապի”, երեխանե´ր:
ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Շատ լավ: Կանչում ենք` “Ձը´-մե´ռ-պա´-պի´”: Կանչո՜ւմ ենք` “Ձը´-մե´ռ-պա´-պի´”: Նե´րս եկ, Ձմեռ պապ: Որտե՞ղ ես հիմա:
(Հեռվից` ձյան միջից լսվում է զանգերի ձայն)
ՁԱՅՆ
Ող-ջու՜յն: Ող-ջու՜յն: Ձմեռ պա՜պն է: Ես հենց Նյու-Յորքի մոտերքում եմ: Ես կարողանում եմ տեսնել լույսերը: Շատ շուտով ձեզ հետ կլինեմ: Չհեռանա՜ք: Ինձ սպասե՜ք:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Սպասե՞նք, երեխանե´ր: Սպասե՞նք Ձմեռ պապին:
ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Օ՜հ, տիկնա´յք և պարոնա´յք, սա երեխաների ամենամեծ հանդեսն է, որ դուք երբևէ տեսել եք: Այս բեմի ամբողջ անկյունն զբաղեցրել է երբևէ աճած ամենաբարձր տոնածառը` ծանրաբեռնված ամենահրաշալի ընծաներով ամբողջ աշխարհի փոքրիկ, խելոք տղաների ու աղջիկների համար: Շատ շուտով Ձմեռ պապն ինքն այստեղ մեզ հետ կլինի, բայց քանի դեռ սպասում ենք, մի ուրիշ երգ չերգե՞նք, երեխանե´ր:
ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Շատ լավ: “Լուռ գիշերը”:
(ԵՐԵԽԱՆԵՐԸ երգում են “Լուռ գիշերը”):
(Մինչ նրանք երգում են, սկիզբ է առնում այս խոսակցությունը:
Մի ԵՐԻՏԱՍԱՐԴ և մի ԴՌՆԱՊԱՆ):
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ներողություն: Էս ի՞նչ է:
ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե՞ք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դե ասե´ք: Ասե´ք: Էստեղ մոտերքում ի՞նչ է կատարվում:
ԴՌՆԱՊԱՆ
Գիտեք` սա Սուրբ Ծննդյան հանդես է երեխաների համար: Ես ստիպված եմ խնդրել ձեզ, որ հեռանաք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Լավ: Կհեռանամ, բայց… ինչպիսի՞ երեխաների համար:
ԴՌՆԱՊԱՆ
Աղքատ երեխաների:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Երգողները նրա՞նք են:
ԴՌՆԱՊԱՆ
Ես վստահ եմ, որ երգողները երեխաներն են:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Եղավ, ուրեմն հրաշալի է: Մարդ չէր կարող ավելի լավ բան անել, քան փորձել երեխաներին երջանկացնել:
ԴՌՆԱՊԱՆ
Այո´, սը´ր, սակայն ստիպված եմ ձեզ խնդրել…
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նրանք երջանիկ են, չէ՞:
ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե՞ք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չարժե ամբողջ ժամանակ ներողություն խնդրել: Ասում եմ երեխաները…, նրանք էլի… երջանիկ են, չէ՞:
ԴՌՆԱՊԱՆ
Որքանով որ ես կարող եմ ասել` այո´, սը´ր:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ինչի՞ց իմացաք:
ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե´ք, սը´ր… Ես ստիպված եմ խնդրել ձեզ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Էդ ո՞նց իմացաք, որ երեխաները երջանիկ են:
ԴՌՆԱՊԱՆ
Նրանք տխուր չեն երևում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դուք երջանի՞կ եք:
ԴՌՆԱՊԱՆ
Առանց վախենալու, որ սուտ ասած կլինեմ, կարծում եմ` կարող եմ ասել` երջանիկ եմ, իսկ հիմա, բարի եղեք, սա երեխաների Սուրբ Ծննդյան երեկոն է: Սա մեծահասակների համար չէ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ես մեծահասակ չեմ: Նկատի ունենալով, որ երբեք չեմ եղել երեխաների Սուրբ Ծննդյան հանդեսում, ներկա կգտնվեմ էս մեկին:
ԴՌՆԱՊԱՆ
Խնդրում եմ, սը´ր…, սա աղքատ երեխաների համար է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ես աղքատ եմ: Բայց սրա համար փող ունեմ, վերցրե´ք: Սա ավելացրեք երեխաների համար նախատեսված դրամագլխին:
ԴՌՆԱՊԱՆ
(Ապշած)
Սա հարյուր դոլարանոց թղթադրամ է, սը´ր:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ծախսե´ք երեխաների համար: Ասեք, որ դա ուղարկել է… Անանուն մեկը:
ԴՌՆԱՊԱՆ
Այո´, սը´ր: Շնորհակալություն, սը´ր: Համոզված եմ, որ սա բազմաթիվ երեխաների երջանիկ կդարձնի:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Իմ ուզածն էլ հենց դա է:
ԴՌՆԱՊԱՆ
Շնորհակալություն, սը´ր: Շնորհակալություն: Կբարեհաճեի՞ք ավելի մոտ գնալ: Վստահ եմ` այդպես միանգամայն լավ կլինի:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չէ´, չէ´: Ինձ վերջին շարքն էլ հարմար է:
ԴՌՆԱՊԱՆ
Շատ լավ, սը´ր: Ես փողը կտանեմ կոմիտե:
(ԵՐԵԽԱՆԵՐՆ ավարտում են “Լուռ գիշեր” երգը):
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Հրաշալի՜ էր, երեխանե´ր:
(Դրամատիկական դադար):
Պատրաստ, երեխանե´ր:
(Գոչելով)
Պահե´ք ձեր շունչը: Ձմեռ պապն այստեղ է: Նա բեմում կհայտնվի ճիշտ մեկ վայրկյան հետո:
(ԵՐԵԽԱՆԵՐԸ ճչում են, բացականչում և ծափահարում):
ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Ժխորի միջից)
Ա´յ թե երեխաները երջանիկ կլինեն: Ձմեռ պապը նրանց բոլորին կերջանկացնի:
(ՁՄԵՌ ՊԱՊԸ ժամանում է: ԵՐԵԽԱՆԵՐՆ ավելի բարձր են աղաղակում, քան երբևէ):
ՁՄԵՌ ՊԱՊ
Շնորհավոր Սուրբ Ծնունդ, երեխանե՜ր: Շնորհավոր Սուրբ Ծնունդ:
ԵՐԵԽԱՆԵՐ
Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ, Ձմեռ պապի:
ՁՄԵՌ ՊԱՊ
Երջանիկ դեմքերով ի՜նչ հրաշալի խումբ է. նման բան չեմ տեսել: Դուք բոլորդ էլ խելո՞ք տղաներ ու աղջիկներ եք:
ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:
ՁՄԵՌ ՊԱՊ
Ուրեմն հրաշալի է:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
(Շշնջալով)
Տիկնա´յք և պարոնա´յք, երեխաները պատրաստվում են մեկ առ մեկ բեմ գալ և խոսել Ձմեռ պապի հետ: Առաջինը մի փոքրիկ աղջիկ է:
ՁՄԵՌ ՊԱՊ
Հապա տեսեք, թե ո՜վ է այստեղ: Անունդ ի՞նչ է, պստի´կ աղջիկ:
ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Մերի ՄըքԳերի:
ՁՄԵՌ ՊԱՊ
Մերի ՄըքԳերի: Քանի՞ տարեկան ես:
ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Յոթ ու կես:
ՁՄԵՌ ՊԱՊ
Որտե՞ղ ես ապրում:
ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Հարուր քսվեց… Չէ´: Հարուր վաթսուներկու Իսթ հարուր քսվեց:
ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ դու ի՞նչ ես ցանկանում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:
(ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ տատամսում է)
Հը՞:
ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Ես ուզում եմ… ըը…
ՁՄԵՌ ՊԱՊ
Վա՜հ, վա´հ, մի՞թե վախենում ես Ձմեռ պապից: Ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:
ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Մոռացա:
ՁՄԵՌ ՊԱՊ
Տիկնիկ ուզու՞մ ես:
ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Ես տուն եմ ուզում:
ՁՄԵՌ ՊԱՊ
Խաղալիք -տուն: Էլ ի՞նչ:
ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Խաղալիք –տուն չէ: Ես իսկական տուն եմ ուզում:
ՁՄԵՌ ՊԱՊ
(Ծիծաղելով)
Տուն: Էլ ի՞նչ:
ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Մի մեծ սենյակ` լիքը խաղալիքներով: Մի ուրիշ սենյակ էլ` լիքը…
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա´յք և պարոնա´յք, Ձմեռ պապն առաջին մանկանը տվեց Սուրբ Ծննդյան իր նվերը` կապույտ թղթով մի մեծ փաթեթ, իսկ այժմ երկրորդ երեխան է գալիս բեմ: Այս մեկը ջահել մի տղա է` աշխարհի չափ մեծ ժպիտով: Եվ չտեսնված շիկակարմիր մազերով:
ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս. տեսեք, թե ո՜վ է այստեղ: Ի՞նչ է քո անունը:
ՏՂԱ
Մելվին Աթեյ:
ՁՄԵՌ ՊԱՊ
Ի՞նչ-ի՞նչ:
ՏՂԱ
Մելվին Աթեյ:
ՁՄԵՌ ՊԱՊ
Քանի՞ տարեկան ես, Մերվի´ն:
ՏՂԱ
Ոչ թե Մերվին, այլ Մելվին: Մ-ե-լ-վ-ի-ն:
ՁՄԵՌ ՊԱՊ
Շատ լավ, Մելվի´ն: Դու քանի՞ տարեկան ես:
ՏՂԱ
Տասը:
ՁՄԵՌ ՊԱՊ
Տաս ու կե՞ս:
ՏՂԱ
Չէ´: Ուղղակի տասը:
ՁՄԵՌ ՊԱՊ
Տասը և երկու ամսական, կամ վեց, կամ չորս ամսական կամ ինչքա՞ն:
ՏՂԱ
Չէ՜: Հենց տասը: Ծննդյանս օրը դեկտեմբերի 24-ն է: Էսօր:
(ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափողջունում են)
ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, դե մի՞թե դա հրաշալի չէ: Երկու տոն միանգամից: Տարեդարձը և Սուրբ Ծնունդը` մեկտեղ:
ՏՂԱ
Այո´, սը´ր:
ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ որտե՞ղ ես ապրում, Մերվի´ն:
ՏՂԱ
Մելվի՜ն, Ձմեռ պապի:
ՁՄԵՌ ՊԱՊ
Ի՞նչ…
ՏՂԱ
Մելվի՜ն: Մելվի՜ն:
ՁՄԵՌ ՊԱՊ
Այո` Մելվի´ն: Իսկ որտե՞ղ ես ապրում:
ՏՂԱ
Երկուսի երեսունյոթ, Իսթ հարյուր քառասունհինգերորդ փողոց:
ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ դու՞ ինչ ես ուզում Սուրբ Ծննդյան առթիվ:
ՏՂԱ
Մի գրամեքենա, հեծանիվ, ֆուտբոլի գնդակ ու մի մուշտակ մայրիկիս համար:
ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:
ՏՂԱ
Ու մի նոր կոստյում հայրիկիս համար:
ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:
ՏՂԱ
Եվ երկու իսկական լավ զգեստներ քույրիկներիս համար:
ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:
ՏՂԱ
Դե… մի հեծանիվ էլ իմ ընկեր Հարրիի համար:
ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:
ՏՂԱ
Դե…
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա´յք և պարոնա´յք, Ձմեռ պապը տղային հանձնեց Սուրբ Ծննդյան իր փաթեթը, իսկ այժմ համար երեք երեխան է գալիս բեմ: Գեղեցիկ սևամորթ մի աղջնակ:
ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, հապա նայեք, թե ո՜վ է գալիս Ձմեռ պապի ձեռքը սեղմելու: Եվ ի՞նչ է քո անունը, փոքրի´կ աղջիկ:
ԱՂՋԻԿ
Ալիս Լեոնորա Ուիլլյամս:
ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ քանի՞ տարեկան ես, Ալի´ս:
ԱՂՋԻԿ
Ութ եմ` իննի մեջ:
ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ դու´ ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:
ԱՂՋԻԿ
Ըը՜…
ՁՄԵՌ ՊԱՊ
Դե՞…
ԱՂՋԻԿ
…Մի զույգ չմուշկ, հեծանիվ ու մի կարմիր համազգեստ:
ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:
ԱՂՋԻԿ
Ըը՜…
ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:
ԱՂՋԻԿ
Մի կարմիր համազգեստ, …ըը՜…
ՁՄԵՌ ՊԱՊ
Մի ուրի՞շ կարմիր համազգեստ էլ:
ԱՂՋԻԿ
Չէ´, էդ մեկը:
ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:
ԱՂՋԻԿ
Մի զույգ չմուշկ:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա´յք և պարոնա´յք, Ձմեռ պապը փոքրիկ աղջկան հանձնեց Սուրբ Ծննդյան իր ընծան, իսկ այժմ մի ուրիշ մանուկ էլ է բեմ գալիս: Այս մեկը փոքրիկ տղա է:
ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, հապա նայեք` ով է այստեղ: Իսկ ի՞նչ է քո´ անունը, փոքրի´կ:
ՏՂԱ
Ջո:
ՁՄԵՌ ՊԱՊ
Ջո ի՞նչ:
ՏՂԱ
Ջո Բեննեվընթ: Տասնմեկ ու կես եմ: Ապրում եմ…
ՁՄԵՌ ՊԱՊ
Օ՜հ, այո´: Լա´վ, դու ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան առթիվ:
ՋՈ
Հեծանիվ:
ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:
ՋՈ
Բա որտե՞ղ է:
ՁՄԵՌ ՊԱՊ
Ի՞նչ, Ջո´:
ՋՈ
Ասում եմ` որտե՞ղ է հեծանիվը:
ՁՄԵՌ ՊԱՊ
Ահա քո նվերը, Ջո´: Իսկ հիմա` տեսեք, թե ով է բարձրանում սանդուղքներով:
ՋՈ
Ի՞նչ կա էս փաթեթում: Ախր ես հեծանիվ եմ ուզում:
ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ ի՞նչ է քո անունը, պստի´կ աղջիկ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Հեռվից` բարձր ու զայրացած)
Մի րոպե, Ձմեռ պապ: էս ի՞նչ է կատարվում էստեղ: