Համո Սահյան. Պապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Համո Սահյան. Հայաստան ասելիս…

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Համո Սահյան. Անգիր եմ արել…

Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում։
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում։
Ես քեզ մոռանալ
Քեզանից հեռանալ
Չեմ կարողանում։
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…