Գրքի տոնը

Այս տարի դասարանով շատ հետաքրքիր ձևով նշեցինք գրքի տոնը։ Յուրաքանչյուրս ինչ-որ մեկին պետք է նվիրեինք իր նախընտրած գիրքը։ Լիլիթն ինձ է նվիրել, ես՝ Միլենային։ Ստացել եմ Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» գիրքը։ Ես շատ-շատ եմ սիրում դետեկտիվ ժանրի ստեղծագործություններ, հատկապես, երբ հեղինակն Ագաթա Քրիստին է։ Ես Ագաթային համարում եմ աշխարհում լավագույն դետեկտիվ գրողը, քանի որ իր ստեղծագործություններն իսկապես շատ հետաքրքիր են, տպավորիչ ու անսպասելի։ Մի քանի գիրք կարդացել եմ Ագաթայից ու դեռ չեմ հանդիպել այնպիսի պատմության, որն ինձ համար անհետաքրքիր, ինչ-որ պահի ձանձրալի կամ անիմաստ է թվացել։ Ամեն անգամ ես շատ զարմացել եմ հանցագործի անունն իմանալուց հետո, քանի որ Ագաթա Քրիստին այնպիսի հերթականությամբ է շարադրում իրադարձությունները, որ շատ դժվար է լինում մարդասպանի անունը նախապես գուշակելը։ Արդեն սկսել եմ ընթերցել գիրքը, և ինչպես միշտ, յուրաքանչյուր գլխի վերջում ինձ մոտ առաջանում է մի հարց, որի պատասխանը ստանում եմ միայն գրքի վերջին էջերում։ Ես շատ եմ սիրում ընթերցել և ինձ համար գրքի տոնը այս ձևով նշելը շատ հետաքրքիր էր, հատկապես, երբ ստանում ենք մեր սիրելի հեղինակի գրքերից որևէ մեկը։

Ուզում եմ խոսել այս մասին

Երկար ման եկա, մինչև գտա ինձ հարմար և հետաքրքիր թեմա շարադրություն գրելու համար ու որոշեցի գրել գրքերի մասին։ Ես շատ եմ սիրում գրքեր և իմ սիրելի զբաղմունքը համարում եմ ընթերցանությունը։ Կարդում եմ և՛ արտասահմանյան, և՛ հայ գրականություն, իսկ առավել նախընտրում եմ դետեկտիվ ժանրի գրքերը։ Կփորձեմ խոսել հենց այս ժանրի ստեղծագործությունների մասին, կնկարագրեմ իմ զգացողությունները դրանք ընթերցելու ընթացքում, կառանձնացնեմ իմ ամենասիրելիները ու այդ ամենն ավելի ամբողջական դարձնելով կխոսեմ հենց գրքերի ու ընթերցանության կարևորության մասին՝ թե ինչ դեր ունեն դրանք իմ կյանքում։

Ես միշտ գրքերի հանդեպ մեծ սեր եմ ունեցել ու շատ-շատ եմ ընթերցում։ Ըստ իս՝ ընթերցանությունն ամենահաճելի գործողությունն է կյանքում, քանի որ ընթերցելով դու ինքդ կարողանում ես ստեղծել քո իսկ հերոսներին և ապրել նրանց հետ մինչև ստեղծագործության ավարտը։ Իսկ հեղինակը պետք է փորձի հնարավորինս պատկերավոր և հետաքրքիր ստեղծագործել։ Կարծում եմ՝ հեղինակի գրելաոճը շատ կարևոր բաղկացուցիչ է ընթերցողի համար ու յուրաքանչյուրս շատ ընթերցելով կարողանում ենք գտնել մեզ հարազատ ոճը։ Ինձ համար շատ հարազատ, միաժամանակ բավականին հետաքրքիր ու անկրկնելի է Ագաթա Քրիստին որպես գրող։ Նրա ստեղծագործություններում կարողանում եմ գտնել այն հաճույքն ու հետաքրքրությունը, որոնց երբեք չեմ կարող հանդիպել ուրիշ հեղինակների գրքերում։ Վստահեցնում եմ՝ անկրկնելի է ու բավականին արտասովոր։ Դետեկտիվ ժանրի գրքերը դարձան ինձ համար ամենասիրելին, երբ սկսեցի ընթերցել Ագաթա Քրիստի։ Ճիշտ է, շատ քիչ ստեղծագործություններ եմ կարդացել Ագաթայից, բայց կարճ ժամանակում նա դարձավ իմ ամենասիրելի գրողը։

Երբևէ չեմ մտածել, թե ինչ է տալիս ինձ շատ ընթերցանությունը․ մարդը դառնում է ավելի գրագետ, խելացի ու միաժամանակ շատ քաղաքակիրթ։ Շատերն այս կարծիքին են, սակայն միայն սա չէ, որ մարդը կարող է քաղել գրքերից։ Փորձեմ համառոտ ներկայացնել իմ տեսակետը․ ընթերցանության միջոցով մարդը կարողանում է զարգացնել իր երևակայությունն ու բացահայտել նոր կերպարներ գրքերում։ Սրանք կարող են օգնել մարդուն ունենալ առավել լայն մտածողություն։ Որպես ընթերցող կասեմ՝ շատ եմ սիրում կարդալ, քանի որ դրա միջոցով կարողանում եմ մտնել հերոսների կյանք ու հեշտությամբ պատկերացնել այն ամենն, ինչ ներկայացնում է հեղինակը։ Իսկ դա կախված է հեղինակի ոճից ու մեր ընտրությունից, թե որ գրելաոճն է մեզ ավելի դուր գալիս։ Ընթերցանությունը երևի թե չունի ոչ մի բացասական կողմ, եթե մարդն ընթերցում է իր ոճին և հետաքրքրություններին համապատասխան գրականություն․ համենայն դեպս ես այդպես եմ կարծում։

Ագաթա Քրիստի․ Հետազոտական աշխատանք

Ես որոշեցի ընտրել որևէ համաշխարհային գրող և կատարել մանրամասն հետազոտական աշխատանք նրա կյանքի, ստեղծագործությունների մասին։ Իհարկե ընտրեցի Ագաթա Քրիստիին, քանի որ նա իմ ամենասիրելի գրողն է դարձել վերջին ժամանակահատվածում, իսկ նրա ստեղծագործությունները՝ ինձ համար ամենահետաքրքիրն ու գրավողը։ Ագաթա Քրիստիից կարդացել եմ երկու ստեղծագործություն՝ «Էնդհաուզի առեղծվածը» և «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»։ Ես շատ եմ սիրում ընթերցել, կարդում եմ տարբեր ժանրերի գրքեր, սակայն Ագաթա Քրիստի կարդալուց հետո այն դարձավ իմ ամենասիրելին։ Ինձ միանգամից գրավեց իր ստեղծագործական ոճը, ժանրը, որով ստեղծագործում է, պատմություններում անսպասելի ու շաա՛տ զարմանալի իրադարձությունները և իհարկե երևակայությունը նրա պատմվածքներում։ Ես գրել եմ մանրամասն ու շատ անկեղծ, թե ինչու է հենց նա իմ ամենասիրելի գրողը, խոսել եմ նրա ոճի, ստեղծագործությունների մասին։ Հղումը՝ այստեղ։

Իսկ այժմ խոսեմ Ագաթա Քրիստիի կենսագրության մասին․ Ագաթա Քրիստին ծնվել է սեպտեմբերի 15-ին, 1890 թվականին՝ Մեծ Բրիտանիայում։ Ընտանիքում բացի նրանից կար նաև երկու երեխա՝ իր քույրն ու եղբայրը։ Նա սկսել է ստեղծագործել՝ ընդնօրինակելով քրոջը։ Իր պատմվածքներից մեկում որպես նախաբան գրել էր․ «Նվիրվում է Փանքիին՝ ավանդական դետեկտիվ պատմությունների սիրահարին, որոնցում հետաքննվում են սպանություններ, իսկ կասկածը հերթով ընկնում է բոլորի վրա»։ 16 տարեկանում նրան տանում են գիշերօթիկ դպրոց։ Շուտով Ագաթան սիրահարվում է մի օդաչուի՝ Արչիբալդ Քրիստիին։ Նա ծառայում էր բանակում, իսկ մինչ այդ Ագաթան աշխատում էր Կարմիր խաչի հոսպիտալում, որից հետո էլ դեղատանը։ Ագաթա Քրիստին գրել է 78 դետեկտիվ, 19 պիես, ինչպես նաև պատմվածքներ ու բանաստեղծություններ։ Բացի գրող լինելուց՝ նաև օդաչու էր, կարողանում էր մեքենա վարել, զբաղվում էր ձիավարությամբ և ջրային սպորտով։ Ագաթան մահացել է 1976 թվականին՝ 85 տարեկանում։ Նրա մահից երկու տարի անց մահանում է Արչիբալդ Քրիստին՝ իր ամուսինը։

1926 թվականին նրա ամուսինը հայտարարում է, որ ցանկանում է կնոջից բաժանվել, քանի որ սիրահարված էր մեկ այլ կնոջ։ Արչիբալդի հետ ընտանեկան վեճերից հետո 1926 թվականի դեկտեմբերի 3-ին Ագաթան հեռանում է իր տնից՝ թողնելով նաև երեխային։ Հեռանալով՝ թողել է մի գրություն, որտեղ ասվում էր, որ նա գնում է Յորքշիր։ Այդ ժամանակ Ագաթան շատ երկրպագուներ ուներ ու սիրված էր բոլորի կողմից, ուստի մեծ աղմուկ բարձրացավ հասարակության մեջ։ 11 օր շարունակ նրա գտնվելու վայրն անհայտ էր։ Որից հետո հայտնաբերել են Ագաթայի մեքենան, մի քանի օր հետո՝ դեկտեմբերի 14-ին նաև նրան վերջապես գտել են։ Պարզվեց, որ նա ուրիշ անվան տակ գրանցվել էր հյուրանոցում ու այդքան ժամանակ այդտեղ էր գիշերում։

Մինչ այսօր շատերս ընթերցում ենք նրա վեպերը, ստեղծագործությունները։ Ի միջի այլոց, 2013 թվականի նոյեմբերի 6-ին Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» վեպն համարվեց բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ վեպ։ Ես նույնպես՝ Քրիստիին համարում եմ բոլոր ժամանակների լագավույն գրող, քանի որ իր ոճն ինձ շաա՛տ է դուր գալիս։ Այնքան եմ սիրում նրան ու իր գրած վեպերը, որ պատրաստ եմ ընթերցել դրանք բոլորը՝ նույնիսկ մի քանի անգամ։

Իմ կատարած վերլուծությունները Ագաթա Քրիստիից․

Ագաթա Քրիստի․ գրքերի ընդհանուր վերլուծություն

«Էնդհաուզի առեղծվածը»

«Ռոջեր Էքրոյդի սպանությունը»

Աղբյուրներ՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարան, cultureoeuvre, Ագաթա Քրիստի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» գիրք:

Ագաթա Քրիստի․ Ռոջեր Էքրոյդի սպանությունը

Ագաթա Քրիստիի ու իր ստեղծագործությունների մասին վերլուծություններում բազմիցս նշել եմ, որ ինձ գլխավորապես դուր է գալիս իր ոճն ու ընտրած ժանրը, ուստի շատ չեմ պատմի այլևս այդ մասին։ Այս անգամ կփորձեմ խոսել հենց վեպի՝ սյուժեի, կերպարների, իրադարձությունների, ավարտի և երևակայական լինելու մասին։ Այս վեպը համարվում է Ագաթայի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Այն 2013 թվականի նոյեմբերի 6-ին համարվեց բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ վեպը։ Գիրքը գրված էր այնպես, ինչպես հեղինակի բոլոր ստեղծագործություններն են՝ իր նույն ոճով ու իրադարձությունների նույն զարգացմամբ։ Այնքա՛ն հետաքրքիր էր, որ մի քանի օրում ավարտել եմ։ Ողջ ընթացքում ինձ հետաքրքրեց բժիշկ Շեփարդի քրոջ կերպարը։ Կարծես նա ստեղծված լիներ այն բանի համար, որ ընթերցողը գլխավորապես նրան կասկածեր որպես մարդասպան, քանի որ նա միշտ առաջինն էր տեղյակ լինում իրենց թաղամասում կատարվող դեպքերից։ Հենց ամենասկզբից ինձ շատ էր վախեցնում բժիշկ Շեփարդի կերպարը, ինձ դուր չէր գալիս նրա սառնությունն ու անտարբերությունը։ Ինձ համար իր կերպարը շատ տարօրինակ էր պատմվածքի սկզբից մինչև վերջ։ Ի միջի այլոց, հենց իր անունից էլ պատմվում է վեպը։ Նշեմ, որ ինձ համար պատմության ոչ մի հատվածը ձանձրալի չթվաց, ես այն շատ մեծ ոգևորությամբ էի ընթերցում և ձգտում էի շուտ ավարտել, որպեսզի իմանամ իրական հանցագործի անունը։ Դետեկտիվ պատմություններում նկատել եմ շատ կարևոր մի բան, որ կարդալիս ընթերցողն այնքան էլ ուշադիր չի լինում, թե ինչ է պատմում հեղինակը։ Շատ անգամներ, երբ ավարտում եմ դետեկտիվ ժանրի որևէ գիրք, ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս ուշադիր չէի եղել այն նախադասությանը, որտեղ հեղինակը հուշում էր մարդասպանի ինքնությունը։ Վեպն ինձ շա՛տ տպավորեց, սկզբից մինչ վերջ կարդացի սիրով։ Բոլորիդ խորհուրդ եմ տալիս կարդալ այն, քանի որ իսկապես հետաքրքրիր է։

Ագաթա Քրիստի․ Էնդհաուզի առեղծվածը

«Էնդհաուզի առեղծվածը» վեպը Ագաթա Քրիստիից առաջին ստեղծագործությունն էր, որ ընթերցել եմ։ Ինձ այնքա՛ն գրավեց իր վեպերը, որ որոշեցի շարունակել ընթերցել նրա ստեղծագործություններից։ Վեպը դետեկտիվ ժանրով է գրված՝ ինչպես հեղինակի մնացած ստեղծագործությունները։ «Էնդհաուզի առեղծվածը» մի աղջկա մասին է, ով ապրում է Էնդհաուզում, վեպում Էրքյուլ Պուարոն փորձում է գտնել այն մարդուն, ով ցանկանում էր սպանել աղջկան։ Վեպն այնքա՛ն անսպասելի ավարտ է ունենում, որ մեզնից յուրաքանչյուրը պատկերացնել անգամ այն չի կարող։ Անկեղծ կասեմ, որ մտքովս երբեք նման վերջաբան չէր անցնի, քանի որ այն շատ անհավանական է ու երևակայական։ Այս գիրքը համարում եմ աշխարհում ամենահաջողվածը, քանի որ այն իսկապես կատարյալ էր ինձ համար։ Ըստ իս՝ հեղինակն ամենահետաքրքիր ժանրով է ստեղծագործում ու հենց դա է գլխավորապես գրավում ընթերցողին։ Համեմատաբար ավելի քիչ են այս ժանրով ստեղծագործողները, իսկ Ագաթա Քրիստին դրանցից մեկն է, ում ես համարում եմ լավագույններից։ Իր ոճը շատ է տարբերվում մնացած գրողներից, քանի որ ընթերցելու ընթացքում քեզ տրվում է հնարավորություն Էրքյուլ Պուարոյի հետ գտնել իրական հանցագործին։ Սակայն վստահեցնում եմ՝ շատ դժվար է բացահայտել սպանությունը՝ հատկապես առաջին անգամ ընթերցողների համար։ Ըստ իս՝ կերպարներներից յուրաքանչյուրն էլ ուներ իր անհրաժեշտությունը վեպում, քանի որ այնպես էր ստացվում, որ ընթերցելիս դու կասկածում ես բոլորին։ Սակայն ամենավերջում բացահայտվում է այնպիսի մեկը, ում չէիր կասկածի երբևէ։ Կարծում եմ՝ նրա վեպերում իրական հետաքրքրությունը հենց սա է, ինձ գլխավորապես դուր է գալիս իր վեպերի ավարտները։ Բոլորիդ խորհուրդ եմ տալիս այն ընթերցել, վստահ եմ՝ շատ դուր կգա, հատկապես, երբ առաջին անգամ եք ընթերցում Ագաթա Քրիստի։

Ագաթա Քրիստի․ գրքերի ընդհանուր վերլուծություն

Ագաթա Քրիստի սկսել եմ ընթերցել ամառվանից ու կասեմ, որ ամենասիրելի գրողս է դարձել ու իր գրքերը շա՛տ եմ հավանում։ Գրքերից ընթերցել եմ դեռ երկուսը՝ «Էնդհաուզի առեղծվածը» և «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»։ Երկուսն էլ շատ դուր եկան ինձ, սակայն առաջինն էլ ավելի տպավորեց, քանի որ դա ընթերցածս առաջին ստեղծագործությունն էր Ագաթա Քրիստիից ու դեռ ծանոթ չէի նրա գրելաոճին։ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» գիրքը հեղինակի ամենահաջողված ստեղծագործություններից է համարվում։ Շատ էի լսել նրա գրքերի մասին ու որոշեցի ինքս կարդամ։ Անկեղծ կասեմ, որ երբևէ նման գրական ոճի չեմ հանդիպել գրքեր ընթերցելիս։ Պարզապես ինձ զարմացրեց այն, թե ոնց կարող է մի կին այդչափ երևակայություն ունենալ ու այդ ամենը գրի առնել։ Նրա ստեղծագործությունները ամեն ինչով տարբերվում են մնացած դետեկտիվ ժանրի գրողների գործերից։ Իհարկե, նման պատմություններն ավարտվում են ինչ-որ անսպասելի իրադարձությամբ, Ագաթա Քրսիտիի ստեղծագործությունները՝ նույնպես։ Սակայն սա էլ ավելի անսպասելի ու ընթերցողին շաա՛տ զարմացնող ավարտ է ունենում։ Երբ ավարտում ես գիրքը, ինքդ մտածում ես գրքի մասին ու հիշում այն հին իրադարձությունները, հասկանում, թե ոնց մինչ այդ նման հուշումներին ուշադրություն չես դարձրել։ Ի տարբերություն Շերլոքի կամ նման այլ ստեղծագործությունների՝ հեղինակն ընթերցողին հնարավորություն է տալիս Էրքյուլ Պուարոյիի հետ գտնել մարդասպանին։ Սակայն Ագաթա Քրիստիից երեք-չորս գիրք ընթերցելուց հետո արդեն ընթերցելու ընթացքում հեշտությամբ կգտնես իրական հանցագործին։ Եվ պատմությունն այնպես է գրվում, որ կարդալիս ամեն գլխում սկսում ես կասկածել մեկ ուրիշին, և իրական հանցագործի մասին մանրամասնություններ չեն խոսվում։ Նրա ստեղծագործություններից մի քանիսը կարդալուց հետո ինչ-որ սիրային պատմությունների, կյանքի մասին գրքեր այլևս չեմ կարողանում կարդալ, քանի որ դրանք ինձ համար ձանձրալի են դարձել։ Կարծում եմ՝ այն պատճառով, որ Ագաթա Քրիստիի գրքերում միշտ լարվածություն կա, յուրաքանչյուր իրադարձություն անսպասելի ու շատ հանկարծակի է տեղի ունենում։ Ագաթա Քրիստին ինձ համար նոր բացահայտում էր գրականությունում, նա դարձել է իմ ամենասիրելի գրողը ու նրա գրքերից յուրաքանչյուրը պատրաստ եմ սիրով ընթերցել՝ նույնիսկ մի քանի անգամ։ Անկեղծ կասեմ, որ Ագաթա Քրիստիի գրքերից մեկը՝ առաջին կարդացածս, դարձել է իմ ամենասիրելի գիրքը։ Ու այն կարդալուց հետո դետեկտիվ ժանրի գրքերը դարձել են իմ ամենասիրելին։ Ագաթա Քրիստին ինձ շատ տպավորեց, վստահ եմ՝ ձեզ նույն պես դուր կգան նրա ստեղծագործությունները։ Խորհուրդ եմ տալիս ընթերցել։