Ագաթա Քրիստի․ Ռոջեր Էքրոյդի սպանությունը

Ագաթա Քրիստիի ու իր ստեղծագործությունների մասին վերլուծություններում բազմիցս նշել եմ, որ ինձ գլխավորապես դուր է գալիս իր ոճն ու ընտրած ժանրը, ուստի շատ չեմ պատմի այլևս այդ մասին։ Այս անգամ կփորձեմ խոսել հենց վեպի՝ սյուժեի, կերպարների, իրադարձությունների, ավարտի և երևակայական լինելու մասին։ Այս վեպը համարվում է Ագաթայի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Այն 2013 թվականի նոյեմբերի 6-ին համարվեց բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ վեպը։ Գիրքը գրված էր այնպես, ինչպես հեղինակի բոլոր ստեղծագործություններն են՝ իր նույն ոճով ու իրադարձությունների նույն զարգացմամբ։ Այնքա՛ն հետաքրքիր էր, որ մի քանի օրում ավարտել եմ։ Ողջ ընթացքում ինձ հետաքրքրեց բժիշկ Շեփարդի քրոջ կերպարը։ Կարծես նա ստեղծված լիներ այն բանի համար, որ ընթերցողը գլխավորապես նրան կասկածեր որպես մարդասպան, քանի որ նա միշտ առաջինն էր տեղյակ լինում իրենց թաղամասում կատարվող դեպքերից։ Հենց ամենասկզբից ինձ շատ էր վախեցնում բժիշկ Շեփարդի կերպարը, ինձ դուր չէր գալիս նրա սառնությունն ու անտարբերությունը։ Ինձ համար իր կերպարը շատ տարօրինակ էր պատմվածքի սկզբից մինչև վերջ։ Ի միջի այլոց, հենց իր անունից էլ պատմվում է վեպը։ Նշեմ, որ ինձ համար պատմության ոչ մի հատվածը ձանձրալի չթվաց, ես այն շատ մեծ ոգևորությամբ էի ընթերցում և ձգտում էի շուտ ավարտել, որպեսզի իմանամ իրական հանցագործի անունը։ Դետեկտիվ պատմություններում նկատել եմ շատ կարևոր մի բան, որ կարդալիս ընթերցողն այնքան էլ ուշադիր չի լինում, թե ինչ է պատմում հեղինակը։ Շատ անգամներ, երբ ավարտում եմ դետեկտիվ ժանրի որևէ գիրք, ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս ուշադիր չէի եղել այն նախադասությանը, որտեղ հեղինակը հուշում էր մարդասպանի ինքնությունը։ Վեպն ինձ շա՛տ տպավորեց, սկզբից մինչ վերջ կարդացի սիրով։ Բոլորիդ խորհուրդ եմ տալիս կարդալ այն, քանի որ իսկապես հետաքրքրիր է։

Թողնել մեկնաբանություն