Մտքի բուրմունքը։ Ռոբերտ Շեքլի

Ստեղծագործությունն ինձ շատ դուր եկավ։ Ըստ իս՝ դուր եկավ այն պատճառով, որ ուներ շատ երևակայական ու անհավանական սյուժե։ Առաջին անգամ եմ ընթերցում Ռոբերտ Շեքլի, ինձ շատ դուր եկավ նրա ստեղծագործական ոճը։ Ամենից շատ ինձ հետաքրքրում ու գրավում էին պատմվածքի այն հատվածները, որտեղ գլխավոր կերպարը՝ Քլիվին, փորձում էր իր մտքի ու երևակայության միջոցով պաշտպանվել գիշատիչ կենդանիներից։ Կարծում եմ՝ հենց գլխավոր իմաստն էլ դրանում է կայանում ստեղծագործության, քանի որ նա ինքն էլ գիտեր՝ ինչ պատկերացնի, այն էլ տեղի կունենա հենց այդ պահին։ Հեղինակի գրելաոճը շատ երևակայական է, իսկ պատմվածքում իրար հաջորդող դեպքերը՝ մեկը մյուսից անհավանական։ Ստեղծագործության սյուժեն ամբողջովին անհավանական էր՝ գազանների կույր ու խուլ լինելը, փոստանավի վառվելը, գլխավոր հերոսի այլ վայրում հայտնվելն ու իր մտքի, երևակայության միջոցով իրավիճակներ ստեղծելը։ Սակայն, կարծում եմ՝ ողջ պատմվածքի ամենահետաքրքիր ու ընթերցողին գրավող միտքը հենց դա էր՝ Քլիվիի երևակայությունն ու գազանների հետ անհավանական կռիվները։ Պատմվածքում գրեթե չկային ձանձրալի հատվածներ, իսկ կերպարներից ոչ մեկն էլ ավելորդ չէր ինձ համար։

Կարդալու ընթացքում շատ հատվածներ ինձ դուր եկան, ես առանձնացրել եմ դրանցից մի քանիսը․ «Այս մոլորակը ստիպում է, որ մարդ ամեն ինչ շատ արագ անի։ Իսկ իրեն ժամանակ է պետք, որ մտածի։ Ինչպե՞ս են գործում այս կենդանիները։ Գուցե տեսողության փոխարեն հայտնաբերելու ինչ֊որ զգացո՞ւմ ունեն։ Հովազը սկսեց հեռանալ։ Քլիվին մի քիչ ավելի հանգիստ շունչ քաշեց։ Հավանաբար, եթե ինքը տեսադաշտից դուրս մնա, հովազը… Հենց որ մտածեց «հովազ» բառը, գազանը շրջվեց իր կողմը։ Ի՞նչ արեցի, ինքն իրեն հարց տվեց Քլիվին, ավելի խոր թաքնվելով խոտի մեջ»։

Ես առանձնացրել եմ ստեղծագործության պատկերավորման միջոցները՝ մակդիրներ, փոխաբերություններ ու համեմատություններ։

Մակդիրներ․ մաքուր գիտակցություն, խոր ճշմարտություն, երևակայական պոչ, զվարթ քայլ։

Համեմատություններ․ Նավը քարի պես ներքեւ ընկավ, այս մեկը չափերով նման էր անտառային գայլի, հիսուն ոտնաչափ այն կողմ հովազի նման մի բան էր կանգնած, զարմանալիորեն նման էր գիշանգղի։