Պատմության հետազոտական աշխատանք․ Անին որպես մայրաքաղաք

Քաղաքի կործանումը, ամայացումը

Անիի բնակիչները ամեն բան անում էին քաղաքի անկախության և ազատության համար։ Քաղաքի վրա հարձակվում էին բյուզանդացիները, սելջուկյան թուրքերը, ինչպես նաև մոնղոլ-թաթարները։ Իր գոյության ընթացքում Անին շատ հաղթանակներ ու պարտություններ է ունեցել։ 12-րդ դարում քաղաքը մի քանի անգամ ձեռքից-ձեռք է անցել։ Ինչպես նաև 14-րդ դարում տեղի ունեցած Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ աստիճանաբար քայքայվել ու ավերվել է։ Նվաճողներից մեկը՝ Չարմաղան զորավարը, ապշել է քաղաքի գեղեցկությամբ։ Եվ, իրոք, Անին իսկապես գեղեցիկ քաղաք է, հատկապես այն ժամանակ։ Պատկերացնո՞ւմ եք, նա ասել է․ «Սպանեցեք բոլորին, բացի արհեստավորներից»։ 14-րդ դարում մոնղոլական ու թուրքական ցեղերը պարբերաբար արշավեցին, և այն աստիճան հյուծվեց քաղաքը, որ բնակիչներն աստիճանաբար լքեցին այն ու գաղթեցին այլ տեղեր բնակվելու։ Օրինակ՝ Վրաստան, Ղրիմ, Լեհաստան, Կոստանդնուպոլիս և այլն։ Անիի բնակիչները ուր էլ որ բնակվեցին, կառուցեցին շատ տներ, եկեղեցիներ, արհեստանոցներ ու վաճառատներ, հիմնեցին իրենց դպրոցները, ինչպես նաև գրչության կենտրոնները։ Անին միջնադարյան Հայաստանի ամենաշատ ուսումնասիրված քաղաքներից է։ Պեղումների արդյունքում պարզվեց քաղաքի ընդհանուր պատկերը, փողոցների տեսքը։ Բացվեցին հնագույն պարիսպները, հրապարակները, բնակելի թաղամասերը, հյուրատները, կործանված բազմաթիվ եկեղեցիներ, հարուստների շքեղ ապարանքները և այլն։ Ըստ ավանդության՝ Անիի վերջնական ամայացումը կապում են 1319 թվականի երկրաշարժի հետ, սակայն դրան հակասում է մեկ ուրիշ փաստ․ Երևանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը 1364 թվականին անիծում է Անին քանդողներին։ Մեկ այլ աղբյուրում գրված է․ «Այսպիսով՝ հարկային ծանր լուծը Անիի ամայացման ու կործանման նախասկիզբը եղան, սակայն քաղաքը դեռ բավական ժամանակ կարողացավ մասնակիորեն պահպանել իր տնտես-սկան ու մշակութային դերը»։

Պատմության հետազոտական աշխատանք․ Անին որպես մայրաքաղաք

Անիի պատմական կամուրջը

Հետազոտական աշխատանքիս ընթացքում համացանցում գտա մի նյութ, որտեղ պատմում էր Անիի պատմական և քաղաքի համար մեծ նշանակություն ունեցող կամրջի մասին։ Կուզեմ մի փոքր այս մասին խոսել։ Անիի կամուրջը Ախուրյան գետի երկու ափերն իրար կապող ոչ միակ, բայց ամենախոշոր կամուրջն է։ Բագրատունյաց շրջանում Անին ևս մի քանի կամուրջ է ունեցել, սակայն դրանք գրեթե չեն պահպանվել։ Ժամանակին Անիի կամուրջը տնտեսական մեծ նշանակություն է ունեցել․ այն Մետաքսի ճանապարհի կարևոր հատվածներից էր։ Հետազոտողները պարզել են, որ այն գործել է մինչև 16-17-րդ դարերը։ Անին ուսումնասիրող ամենահմուտ ճարտարապետներից մեկը ասում է, որ հավանաբար կամուրջը քանդվել է թուրք-պարսկական պատերազմների ժամանակ։ Ըստ երևույթին՝ հենց պարսիկներն էլ քանդել են, որպեսզի կարողանան կանխել թուրքերի առաջխաղացումը։ Այսօր այն գտնվում է կիսաքանդ վիճակում, կանգուն են մնացել միայն կամրջի երկու հենապատերը։ Սակայն, կամրջի վերանորոգումը ունի մեկ շատ մեծ առավելություն․ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում այն կարող է հայերին տանել պատմական հայրենիք և հենց Անի։ Կամուրջը կառուցված է շատ հետաքրքիր ձևով․ երբ Հայաստանի կողմից կամրջի վրա կանգնած նայում ես դեպի ձորը, կարող ես տեսնել Մայր տաճարի գմբեթը։ Կամրջի մոտակայքում մի արձանագրություն է հայտնաբերվել, որտեղ գրված է, որ 14-րդ դարի սկզբին կամրջի շրջակայքում շինարարական աշխատանքներ են կատարվել։ Ըստ 19-րդ դարի ճանապարհորդների՝ մոտակայքում եղել է պահակատուն, սակայն ներկայումս այն չկա։ Ախուրյան գետի վրա գտնվող Անիի այս կամուրջը համարվում էր միջնադարյան Հայաստանի ամենամեծ կամուրջը։ Թուրքիան ունի որոշ սահմանափակումներ, ըստ որոնց՝ Անիի այցելուները չեն կարող այցելել կամրջի ավերակներ կամ իջնել դեպի գետը։ 1990-ականներին նույնիսկ հնարավոր էր լողալ կամրջի տակ գտնվող գետում, սակայն հիմա այն հսկվում է ռուս սահմանապահների կողմից ու համարվում արգելված գոտի։ Նախկինում այս կամուրջը վերանորոգելու մասին Թուրքիան նույնպես հայտարարել է, սակայն այն մինչ օրս դեռ չի վերանորոգվել։

Պատմության հետազոտական աշխատանք․ Անին որպես մայրաքաղաք

Ստորգետնյա Անին

Ասում են, որ հնագետները Անիում հայտնաբերել են ստորգետնյա մատակարարման գաղտնի խողովակաշարեր, խճճվող թունելներ, աղոթասրահներ, վանականների խցեր և այլն։ Եվ այս ամենը գետնի տակ․ իսկապես հետաքրքիր է։ Վերջերս եմ իմացել այս մասին, և այս փաստը ստիպեց ինձ մտածել այն ուղղությամբ, որ Անին իսկապես հրաշալի, առեղծվածային և յուրօրինակ քաղաք է եղել, ինչպես նաև հին ժամանակներից եկած հայկական լավագույն քաղաքներից մեկը։ Հայտնաբերողը եղել է մի մարդ, ով բացատրել է, որ 2011 թվականից սկսած Անիում կատարում էր հետազոտություններ, ինչպես նաև այդ ժամանակ ընդգրկվել էր ՄԱԿ-ում։ Նա պատմում է, որ աշխատելիս նկատել են, թե ինչպես է հողի որակը փոխվում, շարունակել են փորել ու նկատել են մի նեղ թունել։ Հայտնաբերել են նաև կահույքի կտորներ, ջարդված սափորներ, հին հայերենով գրված մագաղաթի կտոր։ Տարիներ անց այս ամենը հաստատեցին իտալացի մի շարք հնագետներ, նրանք հայտնաբերեցին նաև ստորգետնյա եկեղեցի։ Անիում մարդկանց մեծ մասն այդ դարում ապրել է քարանձավներում։ Առաջին անգամ «ստորգետնյա Անին», ինչպես այն անվանում էին բնակիչները, հայտնաբերվել է 1880-ական թվականներին։ Ստորգետնյա Անին դեռևս ամբողջովին հայտնաբերված չէ, իսկ հայտնաբերված մասը ծառայել է որպես բնակատեղի։

Կարծում եմ, որ Անին իսկապես հրաշալի քաղաք է, հատկապես այն դարերում երևի թե եղել է առաջիններից։ Ինձ Անին ամբողջովին դուր է գալիս, քանի որ հնուց եկած ամենագեղեցիկ հուշերը հենց այնտեղ են, օրինակ՝ Անիի հայտնի եկեղեցիները, տեսարժան վայրերը, այսօր նաև բացահայտեցի, որ այդ շարքին կարող եմ ավելացնել նաև հին քարանձավները որպես բնակատեղի՝ ստորգետնյա Անին։ Ըստ իս՝ Անին այն եզակի քաղաքներից է, որ ինչքան էլ հետազոտություններ կատարեն այնտեղ, անվերջ կարող են գտնել հետաքրքիր պատմական բաներ, ինչպիսին են Անիի ստորգետնյա գաղտնիքները, որոնք գրավել են բոլոր-բոլորին։

Պատմության հետազոտական աշխատանք․ Անին որպես մայրաքաղաք

Անին կամսարական իշխանների և առաջին բագրատունիների օրոք

Ինչպես նշեցի՝ Անին շատ հին ու հետաքրքիր պատմություն ունի։ Այն հիշատակվում է դեռ Կամսարականների ժամանակաշրջանում, որը 321 թվականին հայոց Տրդատ Երրորդ թագավորի կողմից տրվել է Կամսարական նախարարական տանը։ Կամսարականների հայրենական կալվածքը (ոստանը) հնուց էլ դեռ գտնվում էր Արշարունիքում՝ Արտագերսում, որը փոխարինվեց Անիով՝ 4-րդ դարի վերջերին։ Բլրի վրա Կամսարականների իշխանանիստ ամրոցն էր, որը պատրաստվեց նրանց իշխանության օրոք, և որի վրա հետագայում քաղաքի միջնաբերդն էր։ Այստեղ, պալատից բացի, 7-րդ դարում նրանք կառուցել են մի եկեղեցի, որն անվանել են «Անիի թանկագին ակը»։ Կամսարականները շինարարություններ են ծավալել նաև ամրոցի կողքին գտնվող ավանում։ Նրանց կատարած բարեխոփումներից ամենաարժեքավորներից է 7-8-րդ դարում կառուցված «Նռերով եկեղեցին»։ 772-75 թվականներին Կամսարականները ապստամբություններ են սկսում արաբների դեմ ու հեռանում Բյուզանդիա, որից հետո նրանց տիրույթներն անցնում են Բագրատունիներին։

IX դարի կեսերին Միջին դարերի հզոր պետություններից մեկը՝ Արաբական խալիֆայությունը, սկսեց թուլանալ ու անկում ապրել։ Այսպիսով, Հայաստանի վերականգնման համար նպաստավոր իրավիճակ էր ստեղծվել։ Անկախ պետականության հաստատման համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը։ Աշոտ Բագրատունուն թագ ուղարկեց Վասիլ I-ը՝ Բյուզանդիայի կայսրը։ 862 թվականին երկրի իշխանների առաջարկով նա ճանաչվեց հայոց իշխանաց իշխան։ Իսկ մինչ այդ նա հաստատվել էր որպես հայոց իշխան և սպարապետ։ Այսպիսով, բոլորի ներկայությամբ, 885 թվականի օգոստոսի 26-ին Բագարան քաղաքում Աշոտ Բագրատունին օծվեց հայոց թագավոր։ Նա կարճ ժամանակում կարողացավ հասնել Հայաստանից խալիֆայություն տրվող հարկերի նվազեցմանը։ Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի։ Այսպիսով, Աշոտ I-ը դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Սմբատ I-ի օրոք պահպանվում էր արքունիքի գանձերի մի մասը։ Սմբատը շարունակեց երկրի խաղաղ շինարարությունը և ամրապնդեց պետությունը։ Շուտով վեճ առաջացավ Նախճավանի պատճառով ու Գագիկ Արծրունին խնդրեց Սմբատին իրեն վերադարձնել Նախճավան քաղաքը, քանի որ այն նախկինում եղել է Վասպուրականի կազմում։ Սակայն Սմբատը մերժեց նրան։ 908 թվականին խալիֆը Սմբատի փոխարեն Հայաստանի թագավոր ճանաչեց Գագիկ Արծրունուն։ Բագրատունյաց թագավորությանը վերջ տալու նպատակով Յուսուֆ ամիրան Արծրունու հետ հարձակվեց Հայաստանի վրա։

Աշոտ Երկաթը ոչնչացրեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը։ Հայ իշխաններն աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Երկաթի շուրջը։ Շուտով Սևանի ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։ Սևանի հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբաս սպարապետի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։ 922 թվականին խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա։

Բագրատունիները կարճ ժամանակահատվածում երեք մայրաքաղաք փոխելուց հետո վերջնականապես հաստատվեցին Անիում։ Մայրաքաղաք հռչակվելուց 2-3 տարի հետո Աշոտ Գ Ողորմածը կառուցում է Անիի ներքին պարիսպը, որն էլ հետագայում կոչվում է Աշոտյան։ Լեոն գրել է․ «Անին կարող էր որոշ գույն հաղորդել Բագրատունյաց թագավորությանը, որոշ կնիք դրոշմել նրա կերպարանքի վրա»։

Պատմության հետազոտական աշխատանք․ Անին որպես մայրաքաղաք

Ներածություն

Անիի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, հոդվածներ, վեպեր ու պատմվածքներ։ Երևի հայոց ոչ մի մայրաքաղաք այդքան լավ չի ուսումնասիրվել, որքան Անին։ Ինչպես Լեոն է ասել․ <<Անին նման էր հեքիաթների կախարդական ամրոցներին, որոնց մեջ հրաշքներ կան, բայց որոնք վիշապների ու այլ հրեշների ձեռքին են գտնվում>>։

Անի մայրաքաղաքի ավերակները գտնվում են Մեծ Հայքի Շիրակ գավառում, Ախուրյան գետի աջ ափին։ Վաղ միջնադարում Անին պատկանել է հայտնի Կամսարական տոհմին։ 8-րդ դարում Հայաստանի իշխան Աշոտ 1-ը Կամսարականներից գնում է Անի ամրոցն ու միացնում իր տիրույթներին։ 9-րդ դարի վերջերին Անին արդեն գյուղաքաղաք էր։ Արդեն 961 թվականին Բագրատունիներն իրենց արքունիքը Կարսից փոխադրում են Անի ու այն հռչակում մայրաքաղաք։ 964 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորը ամրոցի հյուսիսում կառուցում է հզոր պարիսպ, որն էլ հետագայում իր անունով կոչվում է Աշոտաշեն։ Անին շատ արագ զարգանում է։ Շուտով Սմբատ 2 թագավորը կառուցում է երկրորդ պարիսպը` Սմբատաշենը։ Արդեն 11-րդ դարում Անին ուներ շուրջ 100․000 բնակիչ։ 1023 թվականին Հովհաննես-Սմբատը Անին իր մերձակայքով կտակում է Բյուզանդիային։ Պետականությունը պահպանելու նպատակով 1042 թվականի վերջերին թագավոր է օծվում պատանի Գագիկ 2-ը։ 1043-1044 թվականներին Բյուզանդիան մի քանի անգամ պաշարում է Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Շուտով կազմակերպվում է Անիի պաշտպանությունը։ Սակայն 1045 թվականին Գագիկ թագավորին գահազրկում են, ու Բյուզանդիան հասնում է իր նպատակին։ 1064 թվականին տեղի ունեցած երրորդ արշավանքի ժամանակ Սելջուկները գրավում են Անին, կառուցվում է երկու մզկիթ։ Նույնիսկ 1319 թվականի ուժեղ երկրաշարժից հետո Անին որպես քաղաք պահպանում է իր գոյությունը։ 1878 թվականին քաղաքն անցնում է Ռուսաստանին։ Շուտով այն անցնում է հայկական կազմ, սակայն 1920 թվականին Անին և ողջ Կարսի մարզը կրկին զավթում են թուրքերը։

Որպես հետազոտական աշխատանք ընտրել եմ Անի մայրաքաղաքը, քանի որ ինձ համար ամենից հետաքրքիր ժամանակաշրջանը բագրատունիների ժամանակաշրջանն էր, երբ Անին թագավորության մայրաքաղաքն էր։ Հաճախ համացանցով ուսումնասիրում եմ այս թեման, և այս հետազոտական աշխատանքն ինձ հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ծանոթանալու այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին, նոր հետաքրքիր տեղեկություններ եմ իմանում Անիի ու բագրատունիների մասին և արդեն ունենում եմ ուսումնական ծավալուն մի նյութ, որն ինքս եմ կազմել։ Փորձել եմ ընտրել նաև այնպիսի թեմա, որի մասին տեղեկությունները շատ կլինեն և՛ համացանցում, և՛ գրքերում, և՛ ֆիլմերում։ Կան պատմական շատ թեմաներ, որոնց մասին կարող եմ մի քանի էջի չափով խոսել, սակայն Անին ինքնին շատ կարևոր ու ծավալուն թեմա է ու ամենահետաքրքիրն է բոլորից։ Որպեսզի հետազոտական աշխատանքս դառնա ավելի ամբողջական, ես նախատեսել եմ ներառել նյութիս մեջ ամբողջ բագրատունիների ժամանակաշրջանը։

Անին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք․ Հետազոտական աշխատանք

Գրականություն, որից օգտվում եմ՝ Թ․ Խ․ Հակոբյան “Անի մայրաքաղաք”, Ս․ Վարդանյան “Հայոց մայրաքաղաքները”, Ն․ Մառ “Անի”, Թ․ Խ․ Հակոբյան “Անիի պատմությունը”։ Բացի այս գրքերից, օգտվում եմ նաև համացանցի օգտակար այլ աղբյուներից։

Բովանդակություն․

  • Ներածություն
  • Անին կամսարական իշխանների օրոք և Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք
  • Ստորգետնյա Անին
  • Մեծերը Անիի մասին
  • Վերջաբան