Իմ մանկության Թումանյանը

Թումանյանը ստեղծագործել է 1800-ականների ընթացքում, սակայն իր գործերը մեզ են հասել մինչ այսօր, և գրեթե ցանկացած տարիքում ընթերցում ենք դրանք։ Թումանյանի գրական ժառանգությունը իսկապես մեծ դեր ունի բոլորիս կյանքում, քանի որ «հայ գրականություն» ասելով առաջինը պատկերացնում ենք նրան և իր ստեղծագործությունները։ Իր հեքիաթները հայտնի են բոլոր փոքրիկներին, բանաստեղծությունները՝ մեր հասակակիցներին, իսկ իր կյանքը և գործունեությունը հետաքրքիր է ուսումնասիրել բոլոր տարիքներում։ Իհարկե, բոլորս էլ ծանոթ ենք Թումանյանի գրականությանը դեռ մանկուց, ով մեզ հայտնի էր իր բարի հեքիաթներով։ Ինչպես նաև՝ բոլորիս շատ հոգեհարազատ է թվում իր գրելաոճը, և ինչո՞ւ ոչ, հենց նաև նրա ստեղծագործություններից շատերը, որոնք ընթերցված են հազարավոր մարդկանց կողմից։

Ես սիրում եմ Թումանյանին, և նա ինձ համար առանձնահատուկ դեր ունի, քանի որ ես նրան գիտեմ դեռ մանկուց՝ որպես իմ մանկության Թումանյան, և շատ-շատ եմ սիրել իր հեքիաթները, մանկական բանաստեղծությունները, քանի որ դրանք միշտ բավականին հետաքրքիր են եղել ինձ համար, և ինչպես իմ, վստահ եմ՝ նույն ճանապարհով նա կարողացել է դառնալ շատ ու շատ փոքրիկների սիրելի գրողը։ Իսկ ինչո՞վ է տարբերվում Թումանյանը մյուսներից։ Ըստ իս՝ իր ստեղծագործություններն ունեն բավականին պարզ սյուժեներ, հենց այդ պատճառով էլ նույնիսկ փոքրիկներն այն կարողանում են հեշտությամբ ընթերցել։ Սակայն, նաև վստահ եմ, որ իր այդ պարզ ստեղծագործություններում նա առաջ է բերում թե՛ մեծ հասարակական խնդիրներ և թե՛ կյանքի կարևոր դասեր։ Հենց սա է գլխավոր պատճառը, որն էլ ստիպում է բոլոր-բոլորին ընթերցել ու սիրել նրան որպես գրող, դարձնել իրենց բոլոր ժամանակաների լավագույն գրողը, և անվանել «ամենայն հայոց բանաստեղծ»։

Թումանյանը գրել է մի շարք հոդվածներ, բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ, նամակներ, հեքիաթներ ու պատմվածքներ, այսինքն՝ նա մեզ թողել է մեր ամբողջ գրականության մի մեծ, արժեքավոր մասը, որն, իրոք, գրված օրվանից սիրվել է մեր հասարակության կողմից։ Ըստ իս՝ Թումանյանի հեքիաթներում միշտ ընտրված են լինում բավականին պարզ կերպարներ, սյուժեն նույնպես շատ սովորական է գրված լինում։ Սակայն, եթե նայենք մեծահասակի աչքերով, նույնիսկ իր ամենամանկական հեքիաթներում կարող ենք գտնել խորը իմաստ, որն էլ ավելի հետաքրքիր կդարձնի ստեղծագործությունը մեզ համար։ Իսկ նամակներն ընթերցելիս նկատել եմ, որ գրեթե բոլորում նա ներկայացնում է որևէ բողոք՝ կապված հայ ազգի, հասարակության, երիտասարդության և իր ապրած ժամանակների մասին։ Չնայած, դրանք չեն խանգարում ընթերցողին հաճույքով ընթերցել նամակներն ու հոդվածները։ Ըստ իս՝ որքան էլ տարօրինակ կարող է թվալ, բայց իր հոդվածներում արդիականություն եմ նկատել, որոնք շատ հեշտությամբ կարող ենք համեմատել մեր օրերի հետ։ Օրինակ՝ նա գրում է պատերազմի, հասարակության հետ անհաշտության, ծեսերի ու ավանդույթների մասին։

Եվ իհարկե, միանշանակ համամիտ եմ այն մարդկանց հետ, ովքեր կարծում են, որ Թումանյանը հայ գրականության բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչներից է։ Դա կարող եմ փաստել իր պատմվածքներով, բանաստեղծություններով, պոեմներով, ինչպես նաև նամակներով ու հոդվածներով, որոնք չի դադարում ընթերցել մեր հասարակությունը։

Թումանյանի հոդվածներից․ Մեծ ցավը

Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք: Չէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել:

Պատմություն ունենք―տգետ ենք: Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք, թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ինչ ենք եղել, ինչ ենք արել, ինչու և ինչպես, ինչ օրով, ինչ ճանապարհով ենք էստեղ հասել:

Եվ ինչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում` սկսած իրենից: Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի Աստծո ընտրյալ ժողովուրդը, «12 խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխը», և կույր ազգասիրական տենչով բռնված` չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի` հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով, մի վիճակ, որ հաջող քառյակով ծաղրել է հանգուցյալ Ռ․ Պատկանյանը, թեև ինքն էլ ազատ չէր էդ պակասությունից։

«Հայկ ու Նապոլեոն մի գռոշի համար
Սաստիկ թունդ խոսքեր ասացին իրար․
Հայկն ուներ հրացան, Նապոլեոնն աղեղ․
― Ո՞վ հաղթեց․― անշուշտ մեր Հայկը ահեղ» ։

Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հոգևորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրոդը ասում է սոցիալիստ է․․․

Եվ մինչև էսօր չիմացանք ու չգիտենք, թե ինչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է Ուրարտուի հին արձանագրությունների կողքին` աչքերն արցունքով ու վշտով լիքը:

Հապա գրականությո՞ւնը:

Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի․ և, սակայն քանի՞ հոգի կգտնենք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը: Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում, երկինք են հանում կամ պախարակում, ցեխն են կոխում: Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք ծանոթ չի, կարդացել չի. էստեղից մի կտոր, էնտեղից մի բրթուջ, հաճախ ծուռն ու սխալ: Եվ որքա՜ն գրական տգիտություն, ի՜նչ կոպիտ ճաշակ, ի՜նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները: Ի՛նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչև գերեզմանի եզերքը, մինչև թաղման օրը: Իսկ գծծիությո՞ւնը․․․ Ամբողջ նոր գրականության արժեքն ի՞նչ է, գիտե՞ք։ Անշուշտ չգիտեք, ― մի 100 ռուբլուց էլ պակաս։ Ամբողջ գրականության արժեքը․․․ Եվ քանի՞ մարդու տան կգտնեք ամբողջ ժողովրդի մեջ․․․ Հայը սովորաբար ցավում է փողը ծախսելիս, բայց գրքի տալի՛ս― էդ ծախսը ուղղակի չի հասկանում, մանավանդ երբ գրքի գինն էլ մի ռուբլուց ավել է։

Լեզուն հո․․․ գրականության մեջ անկազմ ու անկերպարան, մամուլի մեջ աղքատ, ողորմելի մի երկու երեք հարյուր բառերի չոր ու ցամաք շարան, շատ անգամ էն էլ ծուռն ու սխալ։ Մի քիչ կրթված տուն ենք մտնում, ներողություն են խնդրում, որ հայերեն չգիտեն, կամ թե չէ ամենալավ դեպքում, եթե գիտեն, շարունակ լսում եք «նրա մոտ ձայն չկա․․․ հրացանից արձակեցին․․․ Ձեզ կարելի՞ է ուտել․․․ » ու նման մարգարիտներ։

Էսպես է դրությունը, և եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ինչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ինչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ և ինչ հարգանք հենց դեպի իրեն: Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։

Հոդվածում Թումանյանը խոսում էր մեր պատմության, գրականության, դրանց հանդեպ մեր ունեցած սիրո ու պահպանման մասին։ Նա նշում է, որ մենք ունենք մեծ պատմություն, սակայն այն հիշողներ, գրի առնողներ ու հետագա սերունդներին փոխանցողներ էլ չկան։ Ես համաձայն չեմ այս մտքի հետ, քանի որ կարող եմ բերել շատ օրինակներ, որոնք հակասում են այս մտքին։ Նա պնդում է նաև, որ գնալով հասարակությունը կորցնում է իր սերը գրականության հանդեպ։ Ես համաձայն եմ Թումանյանի հետ, քանի որ հասարակությունը գնալով էլ ավելի է հեռվանում ստեղծագործելուց կամ ընթերցելուց, իսկ դա շատ վատ է, քանի որ դարեր հետո կմոռացվի մեր գրականությունը, եթե չլինի սերն ու նույն հետաքրքրությունը դրա հանդեպ։ Ես առանձնացրել եմ այն հատվածները, որոնք ինձ ամենից շատը դուր եկան և որոնց հետ ես համաձայն եմ․ «թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք», «Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը»։

Թումանյանի հոդվածներից․ Զատկի առիթով

Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ուներ: Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով միանգամայն մտերմացել էր հետը:
Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի անգամ պիտի քնենք, որ գա, իր գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանա, թե Զատիկ պիտի գա:
Զատիկն եկավ. և հենց Զատկի առավոտը գառան մայունը կտրեց մեր տանից: Մորթեցին: Ու երեխան շատ զարմացավ, որ Զատիկն էս է եղել ու Քրիստոսն էլ էսպես…
Զատկի ու Քրիստոսի ամեն տեսակ բացատրությունը նրան ոչ մի բավականություն չտվին և մնաց մի ծանր տպավորության տակ: Ես ստիպված էի՝ Զատկի լավությունը ցույց տալու համար, ձեռքս մեկնել դեպի նոր բացվող ծաղիկներն ու զարթնող բնությունը, իսկ գառան մորթվելու մեղքը գցել Քրիստոսի վրայից ու համոզել, որ դրա հետ ոչ մի կապ չունի:
Եվ ճշմարիտ որ, Զատկի տոնին երբ մարդ կանգնում է ու նայում է Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա, զարմանում է: Ի՞նչ կապ կա էդ օրը և ինչու՞ են մարդիկ ուրախանում և կամ ո՞վ է ուրախանում նրանցից:
Էդ օրը, գրեթե ամեն տան, ով կարող է, պարտավոր է մի գառան մայուն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել ու շատ խմել և լավ հագնվել: Մի խոսքով՝ արյան, որկրամոլության ու շռայլության օր: Եվ ոչ մի օր աղքատի ու հարստի տարբերությունը էնպես չի շեշտվում, ինչպես էդ օրը:
Մի օր, երբ ամենից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:
Ի՜նչ կա էս ամենի մեջ գեղեցիկ ու գաղափարական: Եվ ահա իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պատմեցի, պաշարում է մարդու: Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր է Նրա անսահման սերն ու բարությունը, Նրա աստվածային մեղմությունն ու խաղաղությունը, Նրա հեզությունն ու անընչասիրությունը…
Եվ դարձյալ նույն պատասխանը, որ նա ոչ մի կապ չունի էս ամենի հետ, նա դեռ հարություն չի առել մարդկանց սրտերում. և միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու հարություն է առնում ամեն զատկի և միշտ դարձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցիկ, դարձյալ բնությունն է: Զատիկն է, որ ինչպես մեր Նաղաշ Հովնաթանն է ասում.
«Վերանա ձըմեռն և գա ամառըն,
Կանաչի խոտըն և ծաղկի ծառն
Տերևախառն…»
Կամ ինչպես մեր հներն էին երգում.
«Մարտն կուգար ծաղկըներով,
Երկնից հաւերն կարդալով….
Յորժամ հայոց Զատիկըն գայր»:
Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի:

Ինչպես ես եմ նկատել, գրեթե բոլոր հոդվածներում Թումանյանն արտահայտում է իր դժգոհությունը՝ այս անգամ կապված Զատկի տոնի հետ։ Նա դժգոհ էր այն բանից, որ մարդիկ չեն հասկանում, թե իրականում ինչ է խորհրդանշում տոնը, որ այն ոչ թե ուրախ և սպասված, այլ տխուր տոն է, քանի որ այդ ժամանակաշրջանում խաչվել ու հարություն է առել Քրիստոսը։ Ինչպես գրեթե մյուսները, այս հոդվածն ինձ նույնպես դուր եկավ, որովհետև Թումանյանն իր հոդվածները գրում է շատ պարզ ոճով ու էլ ավելի հետաքրքիր է դառնում ընթերցողի համար։ Ինձ շա՛տ դուր եկավ հոդվածի ավարտը՝ վերջին երկու տողը․ «Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի»։ Ինձ դուր եկավ այս հատվածը, քանի որ այն ինձ համար անչափ գեղեցիկ էր շարադրված, հետաքրքիր էր բավականին։

Թումանյանի հոդվածներից․ Միթե՞ դժվար է

Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացմանը մեր գրեթե ամեն մի ուղղության ու ամեն հոսանքի մարդիկ միասին հավաքվեցին, միևնույն զգացմունքով, միևնույն անկեղծությամբ խոսեցին միևնույն առարկայի վրա հաշտ ու համերաշխ։ Էս երևույթը էնքան լավ էր ազդել մերոնցից շատերի վրա, որ չէին իմանում ինչպես արտահայտեն իրենց ուրախությունը, իսկ նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրա, որ չեմ իմանում ինչպես հայտնեմ իմ վիշտը։

Մի՞թե հիրավի, միտք եմ անում ես, մենք էնքան ենք զուրկ առաքինություններից, որ մի լավ գործի մեջ էլ իրար կողքի կանգնելն ու միասին ուրախանալը պետք է էսքան մեզ զարմացնի ու էսքան ուրախացնի։

Եվ հեռու է տանում ինձ էս մտածմունքն ու ավելի մեծ է վիշտը։

Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ։ Կյանքը— տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։ Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով― մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով― մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։ Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի ― նեղ թայֆայական կյանք ― թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը… Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսոտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։

Ո՜վ ողորմելի ուրախություն, ի՜նչքան ցավալի բաներ ես ասում դու…

Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։

Մի՞թե դժվար է։

Թումանյանն այս հոդվածի միջոցով արտահայտում էր իր ունեցած դժգոհությունը ժողովրդի նկատմամբ։ Նա վշտանում էր այն փաստից, որ մարդիկ չունեն միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանք, չկամեցող են, չեն փորձում բարի աչքերով նայել դիմացինին, որպեսզի իրար մեջ գտնեն այն լավ կողմերը, որոնցով էլ հենց աչքի են ընկնում։ Սա էր Թումանյանի վշտի պատճառը․ նա բողոքում էր այն բանի համար, որ իրար կողք կանգնելն ու մի բանի բացմանն ուրախությամբ մասնակցելը մարդկանց համար մեծ զարմանք է դարձել․ «Նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրա, որ չեմ իմանում ինչպես հայտնեմ իմ վիշտը»։ Որոշ չափով համակարծիք եմ Թումանյանի հետ, քանի որ հասարակությունը դժվարանում է տեսնել մարդու դրական կողմերը, լինել սիրող և ներող։ Հովհաննես Թումանյանը հասարակությանն առաջարկում էր կյանքն ավելի ուրախ, սիրելի դարձնելու համար բոլորի մեջ տեսնել իրենց լավ կողմերը, միայն սիրել ու կարողանալ ներել։

Թումանյանի հոդվածներից․ Հայ գրողներին

Սիրելի ընկերներ.

Շատ քիչ է պատահում մեզ համար ուրախ բան բերի Նոր տարին, որ կարողանանք շնորհավորել սրտալի։ Սակայն այսօր, լքումի և ամենքի մենակության օրերին, մի գեղեցիկ երևույթ ժպտում է իմ սրտին այնքան զվարթ, որ ստիպում է շնորհավորել հրապարակավ ի լուր ընդհանուրի։ Դա հայ գրողների այն պատկառելի համախումբն է ու ընկերական այն սրտառուչ կապը, որով այսօր շաղկապված հայտնվում ենք մեր ժողովրդի առաջ։ Մի կապ, որ վաղուց պետք է լիներ, քանի որ մենք իրար հարազատ ենք ի ծնե, հոգով, քանի որ մին ենք արդեն սիրով ու ձգտումով դեպի բարին, գեղեցիկն ու ճշմարիտը, քանի որ երազում ենք նույն երազները ու տառապում ենք նույն վշտերով։

Մենք քիչ մխիթարանք ունենք մեր կյանքում, թող դա լինի մեր հաստատուն մխիթարանքը։ Եթե չունենք գրականությունը սիրող հասարակություն, թող մենք ինքներս իրար համար փոխարինենք այդ հասարակությանը, եթե պակասում են ոգևորիչ հանգամանքները, իրար ոգևորենք ու միասին, զորացած խմբով գնանք այն բարձր ճանապարհը, որ գծել է մեզ համար նախախնամությունը։

Ազնիվ ընկերներ, մեր ժողովուրդն էլ քիչ մխիթարանք ունի։

Անշուշտ նա էլ է ուրախանալու՝ տեսնելով մեզ միացած և ուժեղ։ Երբ ասում են հայոց գրականությունն աղքատ է, նա մեր երեսին է նայում ու սպասում։ Ու մխիթարվում է մեկիս գրական տոնին գալով իր մայրական նվերներով, մյուսիս թաղմանը իր պսակներով։ Մխիթարվում է, որ տաղանդավոր զավակներ ունի և սիրում է ու հարգում։ Թող բարձր զորավիգ լինի մեզ համար նրա մայրական սերը և այն գիտակցությունը, որ կարող ենք ուրախացնել մեր հեգ ժողովրդին, և սերն ու հարգանքն էլ դեպի տաղանդավոր մարդի թող մեր մեջը լինի ամենից առաջ։

Գրական կյանքի հիսնամյակը բոլորած մեր ազնիվ նահապետը— Ղ․ Աղայանը, մեր աշխարհքի խեղդուկ մթնոլորտից նեղվելով եթե աղաղակում է թե՝ քիչ է մնում փախչեմ և՛ գրականությունից, և՛ մեր միջավայրից, չի փախչիլ ու շատ ուրախ օրեր կտեսնի, քանի որ մեզանով կլինի շրջապատված, երեկվա սկսնակն էլ, որ մեզ նայելով գալիս է մեր ետևից, ուժ կառնի ու չի հուսահատվիլ իր գեղեցիկ ճանապարհին՝ իր առջև տեսնելով մեզ բարձր ու զորեղ միության մեջ։

Եվ, ով գիտի, գուցե մոտիկ է օրը, երբ հայ մարդը, որ երեկ-մյուս օրը եկեղեցու շուրջն էր պտտվում, այնուհետև անցավ ուսումնարանին, գալու է հասնի և գրականությանն ու գեղարվեստին։

Թող այդ նշանավոր օրը գա ու գտնի հայ գրական ընտանիքը միասիրտ ու միահամուռ բարու, գեղեցկի ու ճշմարտության ճանապարհի վրա։

Սրտագին շնորհավորում եմ այս վսեմ կապը, անգին ընկերներ։

Թումանյանի այս հոդվածն ուղղված էր հայ գրողներին, որոնց սրտանց շնորհավորում էր, ուրախ լինելով այն փաստից, որ բոլորն իրար հետ են ու կարողանում են ստեղծել հզոր գրականություն։ Նա ուրախ էր իրենց այն կապի համար, որով կարողանում են կրթել և ուրախացնել ողջ ժողովրդին, այն մարդկանց, ովքեր սիրում են հայ գրականությունը։ Եվ իսկապես, 19-20-րդ դարում մեր գրականությունը երևի թե մեծ վերելք է ապրել, քանի որ ունեցել է այնպիսի գրողներ, ինչպիսիք են՝ Սարոյանը, Իսահակյանը, Մեծարենցը, Սևակը, Թումանյանը, Դեմիրճյանը և այլոք։ Ես իսկապես համաձայն եմ Թումանյանի հետ, քանի որ հայ գրականությունն իսկապես հարուստ է իր բազում ստեղծագործություններով, որոնք մինչ այսօր ընթերցվում են թե՛ մեծահասակների, թե՛ փոքրերի կողմից։ Իսկ հենց Թումանյանը, կարծում եմ՝ շատ մեծ դեր ունի մեր գրականության մեջ՝ սկսած 19-րդ դարից։ Ինձ իսկապես դուր եկավ այս հոդվածը, քանի որ միտքը շատ հետաքրքիր էր ու պարզ, ես համակարծիք եմ Թումանյանի հետ՝ հայ գրականությունն իսկապես հարուստ է այնպիսի ստեղծագործություններով, որոնք երևի թե դարեր շարունակ կընթերցվեն, կհիշվեն ու կսիրվեն ժողովրդի կողմից։

Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից…

Սրտիս թագուհի: Հովհաննես Թումանյան
Անուշի ալբոմից: Հովհաննես Թումանյան
Նա նստած էր…: Հովհաննես Թումանյան
Մութն էր երկինքը, ոչ ոք չըտեսավ: Հովհաննես Թումանյան
Նմանություն: Հովհաննես Թումանյան
Նրան: Հովհաննես Թումանյան

Թումանյանի նամակը Ավ. Իսահակյանին

«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չեևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չեևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով…
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում- չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:

Հովհաննես Թումանյանը որպես հասարակական գործիչ

Բոլորս Թումանյանին ճանաչում ենք որպես գրող, բանաստեղծ, սակայն չգիտենք, որ նա նաև եղել է հասարակական գործիչ: Ուսումնասիրելով իր կենսագրությունը՝ կնկատենք, որ նա շատ է սիրել իր հայրենիքը, հոգ է տարել իր ազգի մասին ու շատ է կարևորել Հայաստանն իր հոդվածներում, նամակներում ու պատմվածքներում: Նրա նամակներից շատերը նվիրված են եղել հայրենիքին՝ ուղղված Զորավար Անդրանիկին: Իր նամակներում շեշտում էր, որ միշտ պատրաստ է կանգնել հայրենիքի կողքին, ամեն պահի ծառայել որպես կամավոր, օգնել ու աջակցել Հայաստանի բյուջեին: Մի խոսքով՝ Թումանյանը պատրաստ էր հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի անել ամեն հնարավոր բան, ինչ կարող էր: Դեռ պատանեկան տարիքից մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էր Զորավար Անդրանիկի, Հրայր Դժոխքի և շատ այլ հայդուկների գործունեությունը: Մեծ մասնակցություն ուներ հայ ազատագրական պայքարի մեջ և կարելի է ասել, որ այս ժամանակաշրջանում է Թումանյանը մուտք գործել հասարակական գործչի կյանք: Արդեն
1905-1906 թվականներին նա շատ մեծ ու նշանակալից դեր ուներ հայ ֆիդայական շարժման մեջ, շատ էր հետաքրքրված դրանով և շատ նամակներ էր ուղղում հայ ֆիդայիններին: Շատերս երևի լսել ենք, որ Թումանյանն իր կյանքի մի քանի տարին անցկացրել է բանտում: Իսկ ի՞նչն է եղել պատճառը՝ քչերը գիտեն: Հովհաննես Թումանյանը ձերբակալվել է, քանի որ հայ ազատագրական պայքարի հարցում նա հաշտության էր ձգտում: Ես կարծում եմ, որ Թումանյանի կյանքն ավելի հետաքրքիր է դառնում, երբ ուսումնասիրում ենք նրան ավելի խորը տեսանկյունից և որպես հասարակական գործիչ: Մինչ Թումանյանին հասարակական գործչի տեսանկյունից ուսումնասիրելը, չէի էլ պատկերցնում, որ բացի մանկական հեքիաթներ, սիրային բանաստեղծություններ ու շատ պատմվածքներ գրելուց նաև հետաքրքրված կլինի Հայաստանի խնդիրներով և մեծ դեր կունենա հայ ազատագրական պայքարի հարցում:

Հովհաննես Թումանյան: Ուսումնական փաթեթ

Կենսագրությունը

Հովհաննես Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Դսեղ գյուղում, որից հետո Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ Հովհաննես Թումանյանը առաջին անգամ սիրահարվել է 11 տարեկանում: Եվ օրերից մի օր նա սիրահարվում է տեսուչի աղջկան Վերգինեին: Իսկ Հովհաննեսը Վերգինեին է նվիրում իր առաջին սիրային բանաստեղծությունը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,

Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի

Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում։

1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն 1887թ. կիսատ թողեց դպրոցն ու սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, որից հետո էլ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ)։ 80-ականների կեսից Թումանյանը սկսում է ստեղծագործել, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում “Բանաստեղծություններ” հավաքածուի լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում 19 դարի վերջին տասնամյակը և 20 դարի սկիզբը։ Հովհաննես Թումանյանը մահացել է 1923թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

Բանաստեղծություններ

Թումանյանի բանաստեղծությունները շատ են ու միաժամանակ յուրահատուկ և գեղեցիկ: Գրողին առավել շատ են սիրում փոքրիկները, քանի որ նա ունի շատ մանկական ստեղծագործություններ, որոնք մեզ դեռ ծանոթ են շատ փոքր տարիքից: Շատերս երևի կարծում ենք, որ բոլորիս համար Թումանյանն ամենալավ գրողն է ու նրան բոլոր գրողներից առանձնացնում ենք միշտ: Դա երևի նրանից է, որ մինչ այլ գրողներին ուսումնասիրելը միշտ Թումանյան ենք ընթերցել՝ հեքիաթները, բանաստեղծությունները և այլն: Ես ծանոթ եմ Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից շատերին, սակայն ամենից շատ սիրում եմ նրա ամենաառաջին ստեղծագործությունը, որը նվիրված է եղել իր սիրած աղջկան՝ Վերգինեին: Բանաստեղծությունը կոչվում է «Հոգուս Հատոր»: Ճիշտ է, Թումանյանն այն գրել է դեռ 11 տարեկան հասակում, սակայն մենք այն ընթերցում ենք տարբեր տարիքում ու միշտ գեղեցիկ և ստացված է թվում: Բանաստեղծությունների շարքից առանձնացնում եմ նաև «Նրան»-ը: Այն շաա՜տ գեղեցիկ է, մյուսներից տարբերվում է նրանով, որ բանաստեղծության մեջ շատ են օգտագործվում նուրբ ու գեղեցիկ բառեր.

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Ես ուզում եմ, որ քո անմեղ
Սիրտը թնդար ինձ համար,
Եվ հավիտյան վառվեր այնտեղ
Միայն իմ սերը բոցավառ։

Ես ուզում եմ, որ օրն ի բուն
Ապշած նայեմ աչքերիդ,
Ինձ մոռացած, կորչեմ անհուն
Խորության մեջ հայացքիդ։

Իսկ եթե մահն այն ժամի մեջ
Ինձ մոտենար, օ՜, սեր իմ,
Ես կուզեի քո սիրատենչ
Կուրծքդ լիներ ինձ շիրիմ։

Քառյակներ

Դե, Թումանյանի քառյակները բոլորս էլ գոնե մեկ անգամ ընթերցել ենք: Մենք քառյակներից շատերն ենք բերանացի սովորել և ուսումնասիրել դրանք: Ինձ շաա՜տ են դուր գալիս Թումանյանական քառյակները: Դրանք շատ կարճ են, սակայն միաժամանակ այնքա՜ն ուրախ, այնքա՜ն գեղեցիկ: Քառյակներն ընթերցելով երևում է, թե Թումանյանն ինչ մեծ ոգևորությամբ է գրել դրանք: Օրինակ,

Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

Թունանյանն իր քառյակներում ներկայացնում է իր այդ պահին ունեցած հույզերը, մեծամասամբ՝ տխրությունն ու ցավը: Սակայն դրանք այնքա՜ն գեղեցիկ են նկարագրված, որ կարդալուց անգամ չես էլ զգում բովանդակության ցավն ու տխրությունը:

Պատմվածքներ

Ամենից շատ սիրում եմ Թումանյանի պատմվածքները, քանի որ դրանք շատ հետաքրքիր են ու իմաստուն: Ես նկատել եմ, որ իր պատմվածքներում հեղինակն ու գլխավոր կերպարներից մեկը հենց նա է լինում, հաճախ է դեպքեր գրի առնում իր կյանքից, գրի է առնում տարբեր զվարճալի պատմություններ և այլն: Ինձ շատ է դուր գալիս Թումանյանի ստեղծագործական ոճը, քանի որ այն շատ հարազատ է թվում ինձ: Նրա պատմվածքներն իրոք շատ հետաքրքիր են, քանի որ շատ են կապվում առօրյա թեմաների հետ: Թումանյանական պատմվածքների հիմնական կերպարներից էր Նեսոն: Օրինակ՝ «Իմ ընկեր Նեսոն» և «Նեսոյի քարաբաղնիսը» պատմվածքներում: Թումանյանը հաճախ էր իր պատմվածքներում կարևորում իր ծննդավայրը՝ Դսեղը, շատ էր պատմում նրան այդքան հարազատ գյուղի մասին:

Նամակներ

Թումանյանի նամակները շատ են տարբերվում իր պատմվածքներից, հեքիաթներից ու բանաստեղծություններից: Նա ունի գրված շատ նամակներ, որոնք ուղղված են եղել Աղայանին, նրա դուստր Նվարդին և այլն: Սակայն նա ամենից շատ գրել է իր կնոջը՝ Օլգա Թումանյանին: Ես ընթերցեցի նրա նամակներից մեկը՝ ուղղված Զորավար Անդրանիկին: Նամակում նա ցույց էր տալիս, թե որքան է նա սիրում իր հայրենիքը: Ասում էր, որ ոչինչ չի խանգարում նրան մասնակցել պատերազմին, և հարկ եղած դեպքում պատրաստ է մասնակցել կռվին որպես կամավոր: Ի տարբերություն նրա պատմվածքների ու հեքիաթների՝ գրում էր ավելի համառոտ, ոչ նրան հատուկ ստեղծագործական ոճով, ասես ուղղակի մի նամակ լիներ, որ նա էլ չի գրել: Սակայն ես կարծում եմ, որ նամակներն էլ են շատ հետաքրքիր, քանի որ ինձ իրոք հետաքրքրում են, թե այդ տարիներին Թումանյանն ինչ թեմաների շուրջ է գրել իր հարազատներին ու մտերիմներին:

Եվ ընդհանրապես, մինչ այսօր էլ անցել են շատ ու շատ տարիներ Թումանյանի գրելուց հետո, սակայն մինչ այսօր տարբեր տարիքում մենք կարդում ենք նրա ստեղծագործությունները: