Իմ մանկության Թումանյանը

Թումանյանը ստեղծագործել է 1800-ականների ընթացքում, սակայն իր գործերը մեզ են հասել մինչ այսօր, և գրեթե ցանկացած տարիքում ընթերցում ենք դրանք։ Թումանյանի գրական ժառանգությունը իսկապես մեծ դեր ունի բոլորիս կյանքում, քանի որ «հայ գրականություն» ասելով առաջինը պատկերացնում ենք նրան և իր ստեղծագործությունները։ Իր հեքիաթները հայտնի են բոլոր փոքրիկներին, բանաստեղծությունները՝ մեր հասակակիցներին, իսկ իր կյանքը և գործունեությունը հետաքրքիր է ուսումնասիրել բոլոր տարիքներում։ Իհարկե, բոլորս էլ ծանոթ ենք Թումանյանի գրականությանը դեռ մանկուց, ով մեզ հայտնի էր իր բարի հեքիաթներով։ Ինչպես նաև՝ բոլորիս շատ հոգեհարազատ է թվում իր գրելաոճը, և ինչո՞ւ ոչ, հենց նաև նրա ստեղծագործություններից շատերը, որոնք ընթերցված են հազարավոր մարդկանց կողմից։

Ես սիրում եմ Թումանյանին, և նա ինձ համար առանձնահատուկ դեր ունի, քանի որ ես նրան գիտեմ դեռ մանկուց՝ որպես իմ մանկության Թումանյան, և շատ-շատ եմ սիրել իր հեքիաթները, մանկական բանաստեղծությունները, քանի որ դրանք միշտ բավականին հետաքրքիր են եղել ինձ համար, և ինչպես իմ, վստահ եմ՝ նույն ճանապարհով նա կարողացել է դառնալ շատ ու շատ փոքրիկների սիրելի գրողը։ Իսկ ինչո՞վ է տարբերվում Թումանյանը մյուսներից։ Ըստ իս՝ իր ստեղծագործություններն ունեն բավականին պարզ սյուժեներ, հենց այդ պատճառով էլ նույնիսկ փոքրիկներն այն կարողանում են հեշտությամբ ընթերցել։ Սակայն, նաև վստահ եմ, որ իր այդ պարզ ստեղծագործություններում նա առաջ է բերում թե՛ մեծ հասարակական խնդիրներ և թե՛ կյանքի կարևոր դասեր։ Հենց սա է գլխավոր պատճառը, որն էլ ստիպում է բոլոր-բոլորին ընթերցել ու սիրել նրան որպես գրող, դարձնել իրենց բոլոր ժամանակաների լավագույն գրողը, և անվանել «ամենայն հայոց բանաստեղծ»։

Թումանյանը գրել է մի շարք հոդվածներ, բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ, նամակներ, հեքիաթներ ու պատմվածքներ, այսինքն՝ նա մեզ թողել է մեր ամբողջ գրականության մի մեծ, արժեքավոր մասը, որն, իրոք, գրված օրվանից սիրվել է մեր հասարակության կողմից։ Ըստ իս՝ Թումանյանի հեքիաթներում միշտ ընտրված են լինում բավականին պարզ կերպարներ, սյուժեն նույնպես շատ սովորական է գրված լինում։ Սակայն, եթե նայենք մեծահասակի աչքերով, նույնիսկ իր ամենամանկական հեքիաթներում կարող ենք գտնել խորը իմաստ, որն էլ ավելի հետաքրքիր կդարձնի ստեղծագործությունը մեզ համար։ Իսկ նամակներն ընթերցելիս նկատել եմ, որ գրեթե բոլորում նա ներկայացնում է որևէ բողոք՝ կապված հայ ազգի, հասարակության, երիտասարդության և իր ապրած ժամանակների մասին։ Չնայած, դրանք չեն խանգարում ընթերցողին հաճույքով ընթերցել նամակներն ու հոդվածները։ Ըստ իս՝ որքան էլ տարօրինակ կարող է թվալ, բայց իր հոդվածներում արդիականություն եմ նկատել, որոնք շատ հեշտությամբ կարող ենք համեմատել մեր օրերի հետ։ Օրինակ՝ նա գրում է պատերազմի, հասարակության հետ անհաշտության, ծեսերի ու ավանդույթների մասին։

Եվ իհարկե, միանշանակ համամիտ եմ այն մարդկանց հետ, ովքեր կարծում են, որ Թումանյանը հայ գրականության բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչներից է։ Դա կարող եմ փաստել իր պատմվածքներով, բանաստեղծություններով, պոեմներով, ինչպես նաև նամակներով ու հոդվածներով, որոնք չի դադարում ընթերցել մեր հասարակությունը։

Թողնել մեկնաբանություն