Միջազգային իրավունք

Միջազգային իրավունքն իրավական նորմերի համակարգ է, որը ստեղծվում է պետությունների կողմից իրենց կամաարտահայտության համաձայնեցման միջոցով և կարգավորում է պետությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև հարաբերությունները։ Միջազգային իրավունքի սկզբունքները միջպետական իրավունքի ելակետային, ղեկավար նշանակության կանոններն են, որոնցում խտացված կերպով արտահայտված է միջազգային իրավունքի հիմնական բովանդակությունը։ Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։ Սկզբունքներն են․

  • ինքնիշխան հավասարության
  • պետությունների ներքին գործերին չմիջամտելու
  • ուժի և ուժի սպառնալիքի կիրառման
  • վեճերի խաղաղ լուծման
  • միջազգային իրավունքից բխող պարտավորությունների բարեխիղճ կատարման
  • տարածքային ամբողջականության
  • իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման
  • համագործակցության
  • մարդու իրավունքների հարգման
  • սահմանների անխախտելիության և այլն

Քաղաքացիաիրավական պարտավորություն հասկացությունը և կողմերը

Քաղաքացիաիրավական պարտավորությունն իրավահարաբերություն է, որի մեկ կողմը պարտավոր է մյուս կողմի օգտին կատարել որոշակի գործողություն, այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնապահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։ Պարտավորությունները լինում են երկու տեսակի՝ պայմանագրային և արտապայմանագրային։ Կնքված պայմանագիրը իրավական փաստ է, որը առաջացնում է պարտավորություն։ Պարտավորության կողմերն են պարտատերը և պարտապանը։ Իրավազոր կողմին անվանում են պարտատեր, իսկ նրան պատկանող իրավունքը՝ պահանջի իրավունք։ Իսկ պարտապանի կրած պարտականությունը՝ պարտք։

Պարտավորությունը կատարվում է պարտատիրոջ և պարտապանի կողմից պարտավորության բովանդակությունը կազմող իրավունքների ու պարտականությունների իրացմամբ։ Պարտապանը պարտավոր է կատարել պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը։ Պայմանագրային պարտավորությունն իրականում չկատարելու դեպքում կարող է բարձրացվել հարկադիր կատարման հարցը։ Իրական կատարումն ապահովող հատուկ միջոցներից է պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելու անթույլատրելիությունը։

Ընտանեկան իրավունք

Ամուսնական իրավունքներ

Ամուսինների անձնական իրավունքներն ու պարտականությունները կառուցված են ընտանիքում նրանց իրավահավասարության սկզբունքի վրա։ Ամուսինների անձնական իրավունքներն են․

  • Ամուսիններն ունեն ազգանվան ընտրության իրավունք։
  • Նրանցից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն ընտրելու հարցում։
  • Նրանցից յուրաքանչյուրն ազատ է բնակության վայր ընտրելու հարցում։
  • Նրանք ունեն ընտանեկան կյանքի հարցերի համատեղ լուծման իրավունք։

Իհարկե, ամուսիններն ունեն նաև անձնական պարտականություններ։ Դրանք են․

  • Ամուսինները պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա։
  • Նրանք պարտավոր են նպաստել ընտանիքի ամրությանը։
  • Ամուսինները պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար։

Երեխաների իրավունքներն ընտանիքում

Երեխա է համարվում 18 տարին չլրացած անձը։

  • Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիրակվելու, ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու ու նրանց հետ համատեղ ապրելու իրավունք։
  • Երեխան ունի ծնողների ու այլ ազգականների հետ շփվելու իրավունք։ Ծնողների ամուսնության դադարումը կամ նրանց առանձին ապրելու չեն ազդում երեխայի իրավունքների վրա։
  • Երեխայի իրավունքների ու իրավական շահերի պաշտպանությունն իրականացնում են ծնողները։
  • Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների չարաշահումից պաշտպանվելու իրավունք։

Ծնողների իրավունքներն ու պարտականությունները երեխաների նկատմամբ

Ծնողներն ունեն հավասար իրավունքներ ու կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ, որոնք դադարում են այն ժամանակ, երբ երեխան դառնում է 18 տարեկան։

Ծնողները պարտավորված են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր ու բարոյական զարգացման մասին։ Նրանք պարտավոր են ապահովել երեխայի կրթություն ստանալը։ Ծնողները իրենց երեխաների օրինական ներկայացուցիչներն են ու նրանց իրավունքների, շահերի պաշտպանությամբ առանց լիազորի հանդես են գալիս այլ անձանց հետ հարաբերություններում, ինչպես նաև դատարանում։ Ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ։ Նրանք չունեն իրավունք վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական ու հոգեկան առողջությանն ու նրանց բարոյական զարգացմանը։

Իրավախախտում և պատասխանատվություն, սովորողի իրավունքները և պարտականությունները

Իրավախախտումն իրավագործունակ անձի մեղավոր վարքագիծն է, որը հակասում է իրավունքին, վնաս է պատճառում հասարակությանը, պետությանը, անհատին և հանգեցնում է իրավական պատասխանատվության։ Իրավախախտումը վարքագիծ է։ Ըստ հանրության համար վտանգավորության աստիճանի և օրենքով նախատեսված պատասխանատվության բնույթի՝ իրավախախտումները լինում են երկու տեսակի՝ զանցանք և հանցանք։ Զանցանքն ունի հանրային վտանգավորության փոքր աստիճան հանցանքի համեմատ։ Իսկ հանցանքը զանցանքից տարբերվում է հանրային վտանգավորության բարձր աստիճանով, ծանր վնաս է հասցնում անհատին, պետությանն ու հասարակությանը։ Բացի այդ, հանցանքները հանգեցնում են քրեական պատժի կիրառմանը։

Իրավական պատասխանատվությունն իրավախախտում կատարած անձի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվող պետական հարկադրանք է, որը նախատեսված է իրավական նորմի սանկցիայով։ Այն պետության արձագանքն է կատարած իրավախախտմանը։ Իրավական պատասխանատվության տեսակները չորսն են՝ քրեական պատասխանատվություն, վարչական, կարգապահական, քաղաքացիական։ Առաջին տեսակը կիրառվում է հանցագործության համար ու ներառում է ամենից խիստ հարկադրանքի միջոցները։ Երկրորդ տեսակը կիրառվում է վարչական իրավախախտումների օրենսդրության հիման վրա։ Կարգապահական պատասխանատվությունը կիրառվում է աշխատանքային, ուսումնական, ծառայական, զինվորական կարգապահության խախտման համար։ Իսկ վերջին տեսակը՝ քաղաքացիականը, գույքային և հիմնականում հատուցողական։

Նորմատիվ իրավական ակտ, օրենքի ստեղծում և կիրառում

Նորմատիվ իրավական ակտը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավաստեղծման արդյունքում կամ հանրաքվեի միջոցով ընդունված պաշտոնական փաստաթուղթ է, որը բովանդակում է իրավունքի նորմեր։ Այն իրավունքի աղբյուրի առավել կարևոր և հիմնական տարատեսակն է։ Նորմատիվ իրավական ակտն իրավաստեղծագործության արդյունք է։ Այն ստեղծվում է պետության իրավասու մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավաստեղծ գործունեության կամ համաժողովրդական հանրաքվեի արդյուքով։ Նորմատիվ իրավական ակտում պարունակվում են միայն իրավունքի նորմեր։ Այդ պատճառով դրանք անհրաժեշտ է տարբերել մնացած իրավական ակտերից՝ ոչ նորմատիվ, որոնք իրավունքի աղբյուրներ չեն։ Նորմատիվ ակտերը կազմում են միասնական ստորակարգված համակարգ, որի վերին աստիճանին գտնվում է օրենքը։ Այդպիսով՝ ըստ իրավաբանական ուժի՝ նորմատիվ ակտերը բաժանվում են երկու տեսակի՝ օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր։

Օրենքը խորհրդարանի կողմից հատուկ կարգով կամ համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված նորմատիվ ակտն է, որ կարգավորում է կարևորագույն նշանակություն ունեցող հասարակական հարաբերությունները և ունի բարձրագույն իրավաբանական ուժ։ Օրենքն ընդունվում է օրենսդիր մարմնի (Ազգային ժողովի) կամ հանրաքվեի միջոցով, օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով, կարգավորում է կարևոր հասարակական հարաբերությունները։ Այն պետք է արտահայտի իրավունքի գաղափարը, ժողովրդի կամքն ու շահերը։ Օրենքի տեսակներն են՝ Սահմանադրությունը, օրենսգրքերը և ընթացիկ օրենքները։ Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է։

Օրենքների (իրավունքի նորմերի) կիրառումը հանրային մարմնի իշխանական գործունեությունն է՝ ուղղված իրավունքի նորմերի կենսագործմանը՝ կոնկրետ կենսական դեպքերի և անհատական որոշակի անձանց նկատմամբ։

Իրավունքի հիմունքներ․ Հայ իրավունքի զարգացումը

Սկզբնական շրջանում կարգավորման համար օգտագործվում էին նախնադարյան սովորույթները։ Այսպիսով՝ իրավունքի ամենահին ձևը սովորութային իրավունքն է՝ այն սովորույթը, որ երաշխավորված էր պետական հարկադրանքով։ Հայաստանում սովորութային իրավունքը զանազան պատճառներով տևեց շատ երկար։ Հայաստանի բնակչությունն ընդհուպ մինչև արաբական ներխուժումը գերազանցապես միաէթնիկ էր, և այդ պայմաններում աշխատում էր չգրված սովորութային իրավունքը։ Քրիստոնեության ընդունմամբ հայ եկեղեցին ձեռք բերեց լայն իրավասություն ոչ միայն զուտ եկեղեցական-կրոնական, այլ նաև աշխարհիկ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հայ եկեղեցին միշտ եղել է խիստ կենտրոնացված, այդ պատճառով էլ Հայաստանում սկսեց ձևավորվել ու զարգանալ կանոնական իրավունքը։ Եկեղեցական ժողովներում սահմանվում էին հատուկ խրատներ ու կարգեր, որոնք կոչվում էին կանոններ։ Հայ միջնադարյան կանոնական իրավունքն ամփոփված է «Կանոնագիրք հայոց» ժողովածուի մեջ։ Միջին դարերում Հայաստանը սկսեց փոխառել իր օրենքները օտարերկրյա աշխարհիկ օրենքների հետ։ Այդ ժամանակ Հայաստանը փոխառեց նաև Մովսիսյան օրենքները։

Իրավունքի նորմեր՝ հատկանիշները, կառուցվածքը, տեսակները

Իրավունքի նորմը պետության սահմանած և երաշխավորած համապարտադիր, պաշտոնական ձևերում ամրագրված ու հրապարակված վարքագծի որոշակի կանոն է, որը կոչված է կարգավորելու հասարակական հարաբերությունները՝ սահմանելով դրանց մասնակիցների իրավունքները և պարտականությունները։

Իրավունքի նորմերի հատկանիշներն են` սահմանվում են հանրային իրավասու մարմինների կողմից, կենսագործումը երաշխավորված է պետական հարկադրանքով, ունեն օժտող-պարտադրող բնույթ, ձև ունեցող որոշակի վարքագծի կանոններ են, վարքագծի համապարտադիր-ընդհանուր կանոններ են։ Իրավունքի նորմը կարգավորում է հասարակական հարաբերությունները դրանց մասնակիցների իրավունքների և պարտականությունների սահմանման միջով։ Իրավունքի նորմն ընդհանուր բնույթի վարքագծի կանոն է։ Իրավական նորմի պահանջները հասցեագրված են ոչ թե ինչ-որ կոնկրետ անձի, այլ բոլորին և յուրաքանչյուրին, ով կհայտնվի այդ իրադրության մեջ։

Գտնվելով պետության տարածքում՝ անհրաժեշտ է պահպանել այդ պետության օրենքները, հակառակ դեպքում պետությունն իրավախախտի նկատմամբ կկիրառի հարկադրանք։ Իրավունքի յուրաքանչյուր նորմ սահմանում է՝ ով և ինչ պայմաններում պետք է հետևի նորմին, ինչ պետք է արվի կամ չարվի, պետական հարկադրանքի ինչ միջոցներով է նորմը պահպանվում իրավախախտումներից։ Առանձնացվում են նորմի երեք հիմնական տարրեր․ հիպոթեզ, դիսպոզիցիա, սանկցիա։

Ըստ կատարած գործառութային դերի՝ իրավունքի նորմերը բաժանվում են՝ իրավապահման և կարգավորիչ տեսակների։ Իրավապահման նորմերը նախատեսում են պետական հարկադրանքի ազդեցության միջոցներ իրավախախտման համար։ Այդ նորմերը հաշվարկված են ոչ իրավաչափ վարքագծի համար և միշտ ունեն սանկցիա։ Կարգավորիչ (իրավասահմանող) նորմերը նախատեսում են իրավահարաբերությունների մասնակիցների իրավունքները և պարտականությունները։ Դրանք հաշվարկված են իրավաչափ վարքագծի համար։

Իրավունքի հիմունքներ, ինչ՞ է իրավունքը

Իրավունքը հասարակական հարաբերությունները կարգավորող, պետության կողմից սահմանված և պետական հարկադրանքով երաշխավորված իրավական նորմերի համակցություն է, որին հատուկ են համապարտադիրությունը, պաշտոնական ակտերում ամրագրված ձևային որոշակիությունը։ Իրավական կարգավորումն իրականացվում է բարդ համակարգի միջոցով։ Այդ համակարգի կարևորագույն տարրերն են՝ բնական իրավունքը, դրական իրավունքը և սուբյեկտիվ իրավունքը։ Բնական իրավունքներն ամրագրվում են օրենքներով։ Օրենսդրությունը երբեմն անվանում են դրական իրավունք։ Օրենսդրության հիման վրա մեզանից ամեն մեկն ունի իրեն ընձեռված հնարավորություն՝ սուբյեկտիվ իրավունքը։

Իրավունքն ունի բնական-իրավական արմատներ, և պետք է տարբերել բնական իրավունքը պետության կողմից սահմանված օրենսդրությունից։ Իրավունքը կարելի է բնորոշել նաև հետևյալ կերպ․ իրավունքը մարդու և հասարակության բնույթով պայմանավորված, անհատի ազատությունն արտահայտող, պետության կողմից սահմանված և պետական հարկադրանքով երաշխավորված, հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի համակցություն է, որին հատուկ են համապարտադիրությունը, պաշտոնական ակտերում ամրագրված ձևային որոշակիությունը։