Նորմատիվ իրավական ակտ, օրենքի ստեղծում և կիրառում

Նորմատիվ իրավական ակտը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավաստեղծման արդյունքում կամ հանրաքվեի միջոցով ընդունված պաշտոնական փաստաթուղթ է, որը բովանդակում է իրավունքի նորմեր։ Այն իրավունքի աղբյուրի առավել կարևոր և հիմնական տարատեսակն է։ Նորմատիվ իրավական ակտն իրավաստեղծագործության արդյունք է։ Այն ստեղծվում է պետության իրավասու մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավաստեղծ գործունեության կամ համաժողովրդական հանրաքվեի արդյուքով։ Նորմատիվ իրավական ակտում պարունակվում են միայն իրավունքի նորմեր։ Այդ պատճառով դրանք անհրաժեշտ է տարբերել մնացած իրավական ակտերից՝ ոչ նորմատիվ, որոնք իրավունքի աղբյուրներ չեն։ Նորմատիվ ակտերը կազմում են միասնական ստորակարգված համակարգ, որի վերին աստիճանին գտնվում է օրենքը։ Այդպիսով՝ ըստ իրավաբանական ուժի՝ նորմատիվ ակտերը բաժանվում են երկու տեսակի՝ օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր։

Օրենքը խորհրդարանի կողմից հատուկ կարգով կամ համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված նորմատիվ ակտն է, որ կարգավորում է կարևորագույն նշանակություն ունեցող հասարակական հարաբերությունները և ունի բարձրագույն իրավաբանական ուժ։ Օրենքն ընդունվում է օրենսդիր մարմնի (Ազգային ժողովի) կամ հանրաքվեի միջոցով, օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով, կարգավորում է կարևոր հասարակական հարաբերությունները։ Այն պետք է արտահայտի իրավունքի գաղափարը, ժողովրդի կամքն ու շահերը։ Օրենքի տեսակներն են՝ Սահմանադրությունը, օրենսգրքերը և ընթացիկ օրենքները։ Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է։

Օրենքների (իրավունքի նորմերի) կիրառումը հանրային մարմնի իշխանական գործունեությունն է՝ ուղղված իրավունքի նորմերի կենսագործմանը՝ կոնկրետ կենսական դեպքերի և անհատական որոշակի անձանց նկատմամբ։

Թողնել մեկնաբանություն