Իրավունքի նորմեր՝ հատկանիշները, կառուցվածքը, տեսակները

Իրավունքի նորմը պետության սահմանած և երաշխավորած համապարտադիր, պաշտոնական ձևերում ամրագրված ու հրապարակված վարքագծի որոշակի կանոն է, որը կոչված է կարգավորելու հասարակական հարաբերությունները՝ սահմանելով դրանց մասնակիցների իրավունքները և պարտականությունները։

Իրավունքի նորմերի հատկանիշներն են` սահմանվում են հանրային իրավասու մարմինների կողմից, կենսագործումը երաշխավորված է պետական հարկադրանքով, ունեն օժտող-պարտադրող բնույթ, ձև ունեցող որոշակի վարքագծի կանոններ են, վարքագծի համապարտադիր-ընդհանուր կանոններ են։ Իրավունքի նորմը կարգավորում է հասարակական հարաբերությունները դրանց մասնակիցների իրավունքների և պարտականությունների սահմանման միջով։ Իրավունքի նորմն ընդհանուր բնույթի վարքագծի կանոն է։ Իրավական նորմի պահանջները հասցեագրված են ոչ թե ինչ-որ կոնկրետ անձի, այլ բոլորին և յուրաքանչյուրին, ով կհայտնվի այդ իրադրության մեջ։

Գտնվելով պետության տարածքում՝ անհրաժեշտ է պահպանել այդ պետության օրենքները, հակառակ դեպքում պետությունն իրավախախտի նկատմամբ կկիրառի հարկադրանք։ Իրավունքի յուրաքանչյուր նորմ սահմանում է՝ ով և ինչ պայմաններում պետք է հետևի նորմին, ինչ պետք է արվի կամ չարվի, պետական հարկադրանքի ինչ միջոցներով է նորմը պահպանվում իրավախախտումներից։ Առանձնացվում են նորմի երեք հիմնական տարրեր․ հիպոթեզ, դիսպոզիցիա, սանկցիա։

Ըստ կատարած գործառութային դերի՝ իրավունքի նորմերը բաժանվում են՝ իրավապահման և կարգավորիչ տեսակների։ Իրավապահման նորմերը նախատեսում են պետական հարկադրանքի ազդեցության միջոցներ իրավախախտման համար։ Այդ նորմերը հաշվարկված են ոչ իրավաչափ վարքագծի համար և միշտ ունեն սանկցիա։ Կարգավորիչ (իրավասահմանող) նորմերը նախատեսում են իրավահարաբերությունների մասնակիցների իրավունքները և պարտականությունները։ Դրանք հաշվարկված են իրավաչափ վարքագծի համար։

Թողնել մեկնաբանություն