Քաղաքացիաիրավական պարտավորություն հասկացությունը և կողմերը

Քաղաքացիաիրավական պարտավորությունն իրավահարաբերություն է, որի մեկ կողմը պարտավոր է մյուս կողմի օգտին կատարել որոշակի գործողություն, այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնապահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։ Պարտավորությունները լինում են երկու տեսակի՝ պայմանագրային և արտապայմանագրային։ Կնքված պայմանագիրը իրավական փաստ է, որը առաջացնում է պարտավորություն։ Պարտավորության կողմերն են պարտատերը և պարտապանը։ Իրավազոր կողմին անվանում են պարտատեր, իսկ նրան պատկանող իրավունքը՝ պահանջի իրավունք։ Իսկ պարտապանի կրած պարտականությունը՝ պարտք։

Պարտավորությունը կատարվում է պարտատիրոջ և պարտապանի կողմից պարտավորության բովանդակությունը կազմող իրավունքների ու պարտականությունների իրացմամբ։ Պարտապանը պարտավոր է կատարել պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը։ Պայմանագրային պարտավորությունն իրականում չկատարելու դեպքում կարող է բարձրացվել հարկադիր կատարման հարցը։ Իրական կատարումն ապահովող հատուկ միջոցներից է պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելու անթույլատրելիությունը։

Թողնել մեկնաբանություն