Հավատա՛, որ այն կկատարվի

Միշտ սիրել եմ խոսել իմ երազանքների, նպատակների ու ապագայի հետ կապված իմ պլանների մասին, քանի որ ինձ համար դրանք միշտ եղել են դրական և ուրախ երևույթներ, որոնց մասին նույնիսկ մի փոքր մտածելով ես ինձ կատարյալ երջանիկ ու հաջողակ եմ զգում։ Ու վստահ եմ, որ բոլորն էլ ինձ հետ համակարծիք են, քանի որ բոլորն էլ սիրում են ինձ պես երազել, մտածել լիքը՛ լավ և ուրախ պահերի մասին, որոնք երազում եմ ինքս ինձ պատմելով և անընդհատ դրանք մտքում վերհիշելով։ Միայն կարող եմ փաստել, թե որքա՛ն երանելի բան է երազանքներ ու քո առջև մեծ նպատակներ ունենալը, և իսկապես, մեծ երազանքներ ունեցող մարդուց երջանիկ և բարի մարդ գտնել չես կարող, երբ նա հասկանում է, որ մոտ է իր երազանքին կամ այն տեսնում է իր աչքերով։ Առավել երջանիկ են այն մարդիկ, ովքեր հենց իրենք են նվիրում մարդկանց իրենց երազանքերը՝ դրանք իրագործելով ու մարդկանց երջանկացնելով։ Իսկ երազանքին հասնելու միակ ճանապարհը ինձ համար միշտ էլ մնացել է ու կմնա ինքդ քեզ հավատալն ու ճանապարհիցդ ետ չկանգնելը, քանի որ դա ապացուցում է քո խիզախության և անկոտրում լինելու մասին։ Բոլորիդ իմ ամենամեծ խորհուրդն է հաշվի չառնել ոչ մի բացասական խոսք ուրիշներից, մտքում միշտ տեսնել ու անկասկած շատ վստահ խոսել երազանքի մասին, իբրև այն արդեն իրականացել է կամ մոտակա ժամանակներս կիրականանա։ Իհարկե, ինչպես բոլորը, ես էլ ունեցել եմ այնպիսի երազանքներ, որոնք սկզբում ինձ շատ հեռու էին թվում։ Չեմ ժխտի, դա իրոք այդպես էր։ Սակայն արդեն այսօր, մոտ 6-7 տարի անց ես տեսնում ու զգում եմ այն, պարզապես չեմ հավատում, որ այն արդեն իրականություն եմ դարձրել։ Եվ վստահ կարող եմ ասել, որ երազանքիս իրականացման գլխավոր պատճառը միայն իմ հավատն էր ինքս ինձ, քանի որ այն ինձ շատ է օգնել ու չի թողել, որ երբևէ ետ կանգնեմ մտքիցս։ Հավատա՛, ու այն կկատարվի։

Ամանորյա երազանք

Բոլորն ասում են, որ իրական հրաշքները տեղի են ունենում Ամանորին, քանի որ տոնն ինքնին հենց «ձմեռային հրաշքն» է մեզ հիշեցնում։ Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երազանք՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, անպայման կիրականանա Ամանորին։ Հնարավոր է, որ ասածս մի փոքր անհեթեթություն թվա, բայց ես մանկուց հավատացել եմ, որ յուրաքանչյուր երազանք չի կարող մնալ անկատար Ամանորի հեքիաթային գիշերվանից հետո, քանի որ միշտ այս տոնը ես կապել եմ երազանքների իրականացման, հրաշքի տեղի ունեցման ու բարի լուրեր ստանալու-փոխանցելու հետ։ Ինձ համար աշխարհում ամենախորհրդավոր տոնը միշտ եղել է ու կլինի Ամանորը, քանի որ այն իսկապես չտեսնված հրաշք է։ Միգուցե հենց մենք ենք այս տոնը դարձնում գեղեցիկ և ուրախ։ Հիմա փորձեմ խոսքերս հավաստիացնել․ մենք գիտենք, որ Ամանորին բոլորը սպասում են՝ զարդարում են տունը, փողոցները, իսկ եղանակն էլ մյուս կողմից օգնում է մեզ այն ամբողջական դարձնել, չէ՞ որ ձմռանը ձյուն է գալիս, և ձյան ճերմակ փաթիլները բոլորին հիշեցնում են Ամանորը։ Մենք սիրում ենք այս տոնը, քանի որ այն խորհրդանշում է բարությունը, մաքրությունն ու այն մեզ հնարավորություն է տալիս շտկելու նախորդ տարվա մեր սխալները, մեզ զգում ենք նոր և պարզ մարդ, ով Ամանորի կողմից ստանում է 365 նոր օր իր նպատակները իրագործելու և տարին ջերմությամբ ավարտելու-դիմավորելու համար։ Մաղթում եմ, որ տարին ուրախ ավարտենք և Նոր տարին ջերմությամբ դիմավորենք, թող հաջորդ տարի ոչ ոքի երազանքն անկատար չմնա, միայն հավատացե՛ք «հրաշքին»։

Ո՞րն է իրական ամանորյա հրաշքը

Ամանորն աշխարհի ամենապայծառ և ամենագեղեցիկ տոնն է, որին բոլորն են սպասում՝ թե՛ մեծերը, և թե՛ փոքրերը։ Այս տոնն աշխարհը դարձնում է ավելի ուրախ, մարդկանց դարձնում ավելի երջանիկ ու բարի՝ իր մեջ ունենալով միայն սեր ու քնքշություն։ Եվ երբ սկսում եմ մտածել Ամանորի մասին, համոզվում եմ, որ այն իրական հրաշք է, որն աշխարհում միակն է։ Այն մեզ է փոխանցում իր իրական հրաշքը՝ սերը, քնքշությունը, պայծառ, գեղեցիկ և անմոռանալի օրերը, որոնք երևի թե այլևս չեն էլ կրկնվի մեր կյանքում։ Համոզվում եմ, որ դրանից առավել ոչինչ չի կարող գտնվել, որը մեզ կարող է այդքան ջերմություն և ուրախություն փոխանցել։ Եվ պատահական չէ, որ այն հենց ձմռանն են նշում․ ձմեռն առանձնանում է բոլոր եղանակներից իր ճերմակ հրաշքով՝ ձյունը, որն իրոք ինձ մեծ ուրախություն է պարգևում։ Ինձ համար աշխարհում ամենահաճելի զգացողություններից մեկը փողոցով քայլելն է, երբ ուժեղ ձյուն է գալիս, ցուրտ է, սակայն զգում ես միայն ձմռան ջերմությունը, որն ինքնստինքյան փոխանցվում է քեզ՝ լցնելով քեզ սիրով։ Իսկ այժմ կարող եմ ինքս ինձ հարցնել՝ ո՞րն է իրական ամանորյա հրաշքը․ դե իհարկե, ձմեռային ճերմակ հեքիաթը՝ ձյունը։ Ես սիրում եմ ձյունը, սիրում եմ նայել ձյանը, զգալ, թե ինչպես է այն թափվում ներքև, չէ՞ որ հենց դա է կյանքում իրական մեծ հրաշքը։ Փաթիլներն այնքա՛ն փոքր են, սակայն կարողանում են մեզ փոխանցել շատ մեծ սեր, ուրախություն։ Ձյունն Ամանորի ոգևորությունն է, ամանորյա տրամադրությունն ապահովող իրական հրաշքը, մեզ սեր ու երջանկություն փոխանցողը։