Ճիտին պարտքը։ Գրիգոր Զոհրապ

1. Կարդացե’ք պատմվածքը։

2. Դո’ւրս գրեք այն հատվածները, որտեղ երևում են.

  • պայուսակի դերը Հուսեփ աղայի կյանքում,

 Ո՞վ էր տերը այս երկուքին մեջ. երեսուն տարի վերջը, երբ ձախորդությունը իր երկաթի շրջապտույտ օղակով զինքը կպաշարեր, այս մարդը կհասկնար, որ այդ անզգա տոպրակը իր տերը եղած էր միշտ:

Եվ առտուն, կանուխ-կանուխ, առջի շոգենավով կ’երթար Պոլիս, իր ուժաթափ թևին տակ սեղմելով իր պարպված պայուսակը, այս հավիտենական թշնամին ու հավիտենական անկուշտը, որ չէր հագեցած երբեք երեսուն տարիե ի վեր. ու հոն, թևին տակը, խեղդելու պես կսեղմեր զայն, այդ պարպված փորը ու չքացնել կ’ուզեր:

Ծովին հայելիի պես արծաթած երեսին վրա՝ այս մարմինը, իր ճիտեն կախված պայուսակովը, մակույկը ետին ձգած նավու մը կնմաներ, հեռուն, խիստ հեռուն. ջուրին մեջ երկուքն ալ կապված էին ինչպես կյանքին մեջն ալ զատված չէին իրարմե: Կապը անեղծ կմնար ամեն տեղ: Քար լեցված այս կաշիե տոպրակը ալ պարպվելու վախ չուներ այսուհետև. հագեցած ու կշտացած փորն էր, գիրգ և ուռեցվորած. իր տեղը՝ մարդոց թևին տակը չէր ուր այդքան տարի ծալլված, սեղմված ու շնչահեղձ մնացած էր, ո՛չ. այդ պայուսակը՝ իր անողորմ համառությամբը, իր հուսահատեցուցիչ դատարկությամբը, մարդոց ճիտին պարտքը կմարմնացներ անշուշտ. իր ճշմաիրտ տեղը, ուրեմն, անոր վզին վրա էր, ճիշտ հո՛ն ուր հաստատված էր հիմա:

  • Հուսեփ աղայի այդօրվա մասնագիտությունը (զբաղմունքը),

Հիմա միջակ հասակով, մորվոք, ալևորած մեկն էր Հուսեփ աղա որ վաճառականութենե, խանութպանե հետզհետե իջնելով, իջնելով առուտուրի միջնորդությամբ կ’ապրեր ալ, խանութե խանութ, դուռնե դուռ տանելով պասմաի ու ճերմակեղենի մատուցումներու ու պահանջումներու անհամաձայնելի ու հակառակորդ հավաքածոները:

  • տան նկարագրությունը

Սկյուտարի բարձունքին վրա՝ Իճատիյեի կողմն է իրենց փոքրիկ տունը, ուր երկու հարյուր ղրուշ ամսական վարձքով կբնակեին երեքը, հայրը ու երկու աղջիկները, որոնց մայրը շատոնց մեռած է. փողոցի վրա նայող փոքրիկ սենյակին պատեն կախված երիտասարդ կնոջ պատկերը անորն է. 

  • աղջիկների նկարագրությունը

Ո՜հ, թե որ մինակ ըլլար. ի՜նչ փույթ. բայց երկու աղջիկ զավակներ իրենց պատանության ամեն հրապույրներովը, ամեն պատրանքներովը իրեն կնայեին. առջի մանկուհիները չէին, այլ խելահաս պատանուհիներ կյանքի վայելքի արդար ու անմեղ ըղձանքներով, ակնկալություններով ծարավի:

  • տեղեկատվություն կնոջ մասին

Փողոցի վրա նայող փոքրիկ սենյակին պատեն կախված երիտասարդ կնոջ պատկերը անորն է. էրկանը աղեկ օրերուն մեռած էր կուրծքի հիվանդութենե մը, որ պատկերին մեջ տեսնվող սպիտակ ու անարյուն երեսեն կգուշակվի: Բայց իր հիշատակը կ’ապրի և օր չըլլար որ իր խոսքը չընեն. գիշերները, երբ աղջիկները կքաշվին, ամուսինը կմնա դեռ իր վաղամեռիկ կնոջ պատկերին դեմը, անխոսուկ ու առանձին. ու իր ոսկեզօծ շրջանակեն նայող այդ անթարթ աչքերեն՝ աղքատացած վաճառականը քաջալերություն մը կ’ակնկալե, գերեզմանի մյուս կողմեն սպասված զորավիգ մը:

  • Հուսեփ աղայի անելանելի վիճակի նկարագրություններ։

Վասն զի բարոյական կորովը կպակսի իրեն օր օրի. իր երբեմնի նյութական դրամագլխին պես, հիմա կզգա որ սրտին քաջությունը կսպառի ու կհատնի քիչ-քիչ:

Շունչ կ’առներ խեղճ մարդը. բայց գործերը կպակսեին, ավուրչեքը շահիլը տաժանելի տառապանք մը կ’ըլլար ու պարտքերը կդիզվեին շուրջը, գյուղը, չարշին, ամեն կողմ: Հագուստը տակավին մաքուր կոկիկ էր ու իր արտաքին տեսքեն ոչ ոք պիտի գուշակեր իր զարհուրելի անկումը: Ու պայուսակը կշարունակեր կրել ձեռքը, անօգուտ տարուբեր մը հիմա, բայց ամչնալով թողուլ, մեկդի նետել զայն, հուսահատությունը խոստովանիլ աշխարհքի առջև, վասն զի ի՞նչ պիտի ըսեր աշխարհք ձեռնունայն տեսնելով զինքն այսուհետև:

Պոլիս գործ չկար. ժամացույցին ստակեն մնացորդը երթևեկության ծախքին մեջ սպառեցավ ու վայրկյան կմոտենար ահավոր արագությամբ մը խոյանալով իր վրա, ուր վերջին երեսուն փարան Քուզկունճուքեն Պոլիս իջնելու, հույսի մը ետևեն վազելու ծախքը- վասն զի հիմա հույսի ետևեն երթալն ալ ծախքով է — պիտի հատներ:

Ինչպե՞ս կ’ըլլա որ մարդ հացի մը ստակին կարոտը կքաշե կամ շոգենավի մի ստակ չվճարելուն համար կեցած տեղը կմնա գամված, անշարժ:

3. Բացատրե’ք ավարտը։

Պատմության վերջում գլխավոր հերոսը գումար չունենալու մտքից փորձում է ինքնասպանություն գործել։ Նա իրեն նետում է մոտակա գետը։ Եվ այդ ամենից հետո հեղինակը կրկին ցույց է տալիս, թե որքան մեծ ու կարևոր դեր ուներ պայուսակը Հուսեփ աղայի կյանքում, քանի որ վերջին հատվածում նշվում էր, որ իր սիրելի պայուսակն իր հետ էր։ Ավարտը հետաքրքիր էր, սակայն մի փոքր անհասկանալի։ Ինձ դուր եկավ այն։ Պարզապես սկզբում չէի հասկացել, որ Հուսեփ աղան մահացել էի, կարծում էի՝ այդպես չի ավարտի։

4. Համառոտ` մի քանի նախադասությամբ, գրե’ք ֆաբուլան (գործողություններն ըստ հաջորդականության)։

Պատմության գլխավոր հերոսը՝ Հուսեփ աղան, մի վաճառական էր, ով ապրում էր մի փոքրիկ տնակում իր երկու անչափահաս աղջիկների հետ, որոնց մայրը դեռ վաղուց մահացել էր։ Հուսեփ աղան բավականին աղքատ էր ու շատ էր չարչարվում գումար վաստակելու համար, սակայն դա չէր ուզում ցույց տալ իր երեխաների մոտ։ Ամեն անգամ նա մեկնում էր Պոլիս, որտեղից էլ գումար աշխատած վերադառնում էր տուն։ Նա վաճառականների միջնորդ էր ու ստանում էր իր միջնորդավճարը, բայց շուտով նա մնաց առանց աշխատանք։ Եվ մի օր, երբ հերթական անգամ ուզում էր Պոլիսից տուն վերադառնալ, տեսնում է, որ գումար չունի։ Հուսեփ աղան հուսահատվում է ու որոշում նետվել գետը։ Այսպես, նա ինքնասպան է լինում, իր հետ նետելով նաև իր պայուսակը, որը միշտ իր ձեռքին էր։