Հայոց մեծ եղեռնը

Արևմտահայերի ոչնչացման ծրագիրը պետականորեն մշակվել ու նախապատրաստվել էր թուրքական կառավարող ուժերի կողմից մինչև Առաջին աշխարհամարտի մեջ Թուրքիայի պաշտոնապես մտնելը: 1914թ. հոկտեմբերին երիտթուրք առաջնորդներից կազմվեց «Երեքի գործադիր կոմիտեն»: Դրան հանձնարարվեց անմիջապես կազմակերպել և իրականացնել հայերի բռնագաղթն ու կոտորածները: Ստեղծվեց նաև, այսպես կոչված, «Հատուկ կազմակերպությունը», որի մեջ ընդգրկվեցին բանտերից ազատված և քրեական անցյալ ունեցող տարրերը: Եռյակի գործունեության հսկողությունը դրվեց ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի վրա:

Հայերի ոչնչացման թուրքական պետական ծրագիրն աշխարհամարտի առաջին երկու տարիներին գործադրվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ: Հայոց ցեղասպանության այդ փուլը համայն մարդկությանը հայտնի է Մեծ եղեռն անունով: Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել կռվելու ունակ հայ երիտասարդությանը: Զորահավաքի ընթացքում օսմանյան բանակ զորակոչվեց 18-45 տարեկան ավելի քան 300 հազար հայ: 1914թ. վերջից սկսվեց նրանց ճնշող մեծամասնության զինաթափումը, տեղափոխումը թիկունք, այնուհետև՝ ոչնչացումը: Մյուս քայլով երիտթուրքերը ձեռնամուխ եղան հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար գործիչների վերացմանը: 1915թ. ապրիլի 11-ին և հաջորդող մի քանի օրերին Կ. Պոլսում ոստիկանությունը, ըստ թուրքական պաշտոնական տվյալների ձերբակալեց 2300-ից ավելի մարդ: Նրանց թվում էին՝ Գրիգոր Զոհրապը, Վարդգեսը, բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, երգահան Կոմիտասը, հայտնի գիտնականներ և մշակույթի այլ գործիչներ: Ապա սկսվեց ցեղասպանության մեծածավալ գործողությունը՝ համատարած կոտորածներ, բռնի տեղահանություն և աքսոր:

Հայոց ցեղասպանությունը համաշխարհային քաղաքակրթության դեմ ուղղված ծանր ոճրագործություններից է: Ցեղասպանության ծանրագույն հետևանքը մեր հայրենիքի մեծագույն մասի՝ Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր, հայերի հայրենազրկումը: Արևմտյան Հայաստանում և կայսրության մյուս նահանգներում ապրող ավելի քան 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ: Այսպիսով՝ ցեղասպանության մյուս հետևանքը հայկական սփյուռքի ձևավորումն էր: Հարյուրհազարավոր հայեր ստիպված էին բնակություն հաստատել աշխարհի տարբեր երկրներում: Սակայն մինչ օրս Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ընդունած «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» փաստաթղթում տրվեց դրա իրավական ձևակերպումը: Ըստ այդ կարևոր փաստաթղթի՝ ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիան իրագործեց ցեղասպանություն հրեաների, գնչուների նկատմամբ: 1975-1979թթ. ցեղասպանության հետևանքով ոչնչացավ երեք միլիոն կամբոջացի: Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը: Ցեղասպանությունը ճանաչել է Կիպրոսի խորհրդարանը, Ռուսաստանը, Կանադան, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Վատիկանը, Շվեյցարիան, Արգենտինան, Սլովակիան, Նիդերլանդները, Վենեսուելան, Լեհաստանը, Լիտվան, Շվեդիան, Բոլովիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան: Վերջերս մեր ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ն: