Ամանորյա երազանք

Բոլորն ասում են, որ իրական հրաշքները տեղի են ունենում Ամանորին, քանի որ տոնն ինքնին հենց «ձմեռային հրաշքն» է մեզ հիշեցնում։ Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երազանք՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, անպայման կիրականանա Ամանորին։ Հնարավոր է, որ ասածս մի փոքր անհեթեթություն թվա, բայց ես մանկուց հավատացել եմ, որ յուրաքանչյուր երազանք չի կարող մնալ անկատար Ամանորի հեքիաթային գիշերվանից հետո, քանի որ միշտ այս տոնը ես կապել եմ երազանքների իրականացման, հրաշքի տեղի ունեցման ու բարի լուրեր ստանալու-փոխանցելու հետ։ Ինձ համար աշխարհում ամենախորհրդավոր տոնը միշտ եղել է ու կլինի Ամանորը, քանի որ այն իսկապես չտեսնված հրաշք է։ Միգուցե հենց մենք ենք այս տոնը դարձնում գեղեցիկ և ուրախ։ Հիմա փորձեմ խոսքերս հավաստիացնել․ մենք գիտենք, որ Ամանորին բոլորը սպասում են՝ զարդարում են տունը, փողոցները, իսկ եղանակն էլ մյուս կողմից օգնում է մեզ այն ամբողջական դարձնել, չէ՞ որ ձմռանը ձյուն է գալիս, և ձյան ճերմակ փաթիլները բոլորին հիշեցնում են Ամանորը։ Մենք սիրում ենք այս տոնը, քանի որ այն խորհրդանշում է բարությունը, մաքրությունն ու այն մեզ հնարավորություն է տալիս շտկելու նախորդ տարվա մեր սխալները, մեզ զգում ենք նոր և պարզ մարդ, ով Ամանորի կողմից ստանում է 365 նոր օր իր նպատակները իրագործելու և տարին ջերմությամբ ավարտելու-դիմավորելու համար։ Մաղթում եմ, որ տարին ուրախ ավարտենք և Նոր տարին ջերմությամբ դիմավորենք, թող հաջորդ տարի ոչ ոքի երազանքն անկատար չմնա, միայն հավատացե՛ք «հրաշքին»։

Թողնել մեկնաբանություն