Ո՞րն է իրական ամանորյա հրաշքը

Ամանորն աշխարհի ամենապայծառ և ամենագեղեցիկ տոնն է, որին բոլորն են սպասում՝ թե՛ մեծերը, և թե՛ փոքրերը։ Այս տոնն աշխարհը դարձնում է ավելի ուրախ, մարդկանց դարձնում ավելի երջանիկ ու բարի՝ իր մեջ ունենալով միայն սեր ու քնքշություն։ Եվ երբ սկսում եմ մտածել Ամանորի մասին, համոզվում եմ, որ այն իրական հրաշք է, որն աշխարհում միակն է։ Այն մեզ է փոխանցում իր իրական հրաշքը՝ սերը, քնքշությունը, պայծառ, գեղեցիկ և անմոռանալի օրերը, որոնք երևի թե այլևս չեն էլ կրկնվի մեր կյանքում։ Համոզվում եմ, որ դրանից առավել ոչինչ չի կարող գտնվել, որը մեզ կարող է այդքան ջերմություն և ուրախություն փոխանցել։ Եվ պատահական չէ, որ այն հենց ձմռանն են նշում․ ձմեռն առանձնանում է բոլոր եղանակներից իր ճերմակ հրաշքով՝ ձյունը, որն իրոք ինձ մեծ ուրախություն է պարգևում։ Ինձ համար աշխարհում ամենահաճելի զգացողություններից մեկը փողոցով քայլելն է, երբ ուժեղ ձյուն է գալիս, ցուրտ է, սակայն զգում ես միայն ձմռան ջերմությունը, որն ինքնստինքյան փոխանցվում է քեզ՝ լցնելով քեզ սիրով։ Իսկ այժմ կարող եմ ինքս ինձ հարցնել՝ ո՞րն է իրական ամանորյա հրաշքը․ դե իհարկե, ձմեռային ճերմակ հեքիաթը՝ ձյունը։ Ես սիրում եմ ձյունը, սիրում եմ նայել ձյանը, զգալ, թե ինչպես է այն թափվում ներքև, չէ՞ որ հենց դա է կյանքում իրական մեծ հրաշքը։ Փաթիլներն այնքա՛ն փոքր են, սակայն կարողանում են մեզ փոխանցել շատ մեծ սեր, ուրախություն։ Ձյունն Ամանորի ոգևորությունն է, ամանորյա տրամադրությունն ապահովող իրական հրաշքը, մեզ սեր ու երջանկություն փոխանցողը։

Թողնել մեկնաբանություն