Թումանյանի հոդվածներից․ Հայ գրողներին

Սիրելի ընկերներ.

Շատ քիչ է պատահում մեզ համար ուրախ բան բերի Նոր տարին, որ կարողանանք շնորհավորել սրտալի։ Սակայն այսօր, լքումի և ամենքի մենակության օրերին, մի գեղեցիկ երևույթ ժպտում է իմ սրտին այնքան զվարթ, որ ստիպում է շնորհավորել հրապարակավ ի լուր ընդհանուրի։ Դա հայ գրողների այն պատկառելի համախումբն է ու ընկերական այն սրտառուչ կապը, որով այսօր շաղկապված հայտնվում ենք մեր ժողովրդի առաջ։ Մի կապ, որ վաղուց պետք է լիներ, քանի որ մենք իրար հարազատ ենք ի ծնե, հոգով, քանի որ մին ենք արդեն սիրով ու ձգտումով դեպի բարին, գեղեցիկն ու ճշմարիտը, քանի որ երազում ենք նույն երազները ու տառապում ենք նույն վշտերով։

Մենք քիչ մխիթարանք ունենք մեր կյանքում, թող դա լինի մեր հաստատուն մխիթարանքը։ Եթե չունենք գրականությունը սիրող հասարակություն, թող մենք ինքներս իրար համար փոխարինենք այդ հասարակությանը, եթե պակասում են ոգևորիչ հանգամանքները, իրար ոգևորենք ու միասին, զորացած խմբով գնանք այն բարձր ճանապարհը, որ գծել է մեզ համար նախախնամությունը։

Ազնիվ ընկերներ, մեր ժողովուրդն էլ քիչ մխիթարանք ունի։

Անշուշտ նա էլ է ուրախանալու՝ տեսնելով մեզ միացած և ուժեղ։ Երբ ասում են հայոց գրականությունն աղքատ է, նա մեր երեսին է նայում ու սպասում։ Ու մխիթարվում է մեկիս գրական տոնին գալով իր մայրական նվերներով, մյուսիս թաղմանը իր պսակներով։ Մխիթարվում է, որ տաղանդավոր զավակներ ունի և սիրում է ու հարգում։ Թող բարձր զորավիգ լինի մեզ համար նրա մայրական սերը և այն գիտակցությունը, որ կարող ենք ուրախացնել մեր հեգ ժողովրդին, և սերն ու հարգանքն էլ դեպի տաղանդավոր մարդի թող մեր մեջը լինի ամենից առաջ։

Գրական կյանքի հիսնամյակը բոլորած մեր ազնիվ նահապետը— Ղ․ Աղայանը, մեր աշխարհքի խեղդուկ մթնոլորտից նեղվելով եթե աղաղակում է թե՝ քիչ է մնում փախչեմ և՛ գրականությունից, և՛ մեր միջավայրից, չի փախչիլ ու շատ ուրախ օրեր կտեսնի, քանի որ մեզանով կլինի շրջապատված, երեկվա սկսնակն էլ, որ մեզ նայելով գալիս է մեր ետևից, ուժ կառնի ու չի հուսահատվիլ իր գեղեցիկ ճանապարհին՝ իր առջև տեսնելով մեզ բարձր ու զորեղ միության մեջ։

Եվ, ով գիտի, գուցե մոտիկ է օրը, երբ հայ մարդը, որ երեկ-մյուս օրը եկեղեցու շուրջն էր պտտվում, այնուհետև անցավ ուսումնարանին, գալու է հասնի և գրականությանն ու գեղարվեստին։

Թող այդ նշանավոր օրը գա ու գտնի հայ գրական ընտանիքը միասիրտ ու միահամուռ բարու, գեղեցկի ու ճշմարտության ճանապարհի վրա։

Սրտագին շնորհավորում եմ այս վսեմ կապը, անգին ընկերներ։

Թումանյանի այս հոդվածն ուղղված էր հայ գրողներին, որոնց սրտանց շնորհավորում էր, ուրախ լինելով այն փաստից, որ բոլորն իրար հետ են ու կարողանում են ստեղծել հզոր գրականություն։ Նա ուրախ էր իրենց այն կապի համար, որով կարողանում են կրթել և ուրախացնել ողջ ժողովրդին, այն մարդկանց, ովքեր սիրում են հայ գրականությունը։ Եվ իսկապես, 19-20-րդ դարում մեր գրականությունը երևի թե մեծ վերելք է ապրել, քանի որ ունեցել է այնպիսի գրողներ, ինչպիսիք են՝ Սարոյանը, Իսահակյանը, Մեծարենցը, Սևակը, Թումանյանը, Դեմիրճյանը և այլոք։ Ես իսկապես համաձայն եմ Թումանյանի հետ, քանի որ հայ գրականությունն իսկապես հարուստ է իր բազում ստեղծագործություններով, որոնք մինչ այսօր ընթերցվում են թե՛ մեծահասակների, թե՛ փոքրերի կողմից։ Իսկ հենց Թումանյանը, կարծում եմ՝ շատ մեծ դեր ունի մեր գրականության մեջ՝ սկսած 19-րդ դարից։ Ինձ իսկապես դուր եկավ այս հոդվածը, քանի որ միտքը շատ հետաքրքիր էր ու պարզ, ես համակարծիք եմ Թումանյանի հետ՝ հայ գրականությունն իսկապես հարուստ է այնպիսի ստեղծագործություններով, որոնք երևի թե դարեր շարունակ կընթերցվեն, կհիշվեն ու կսիրվեն ժողովրդի կողմից։

Թողնել մեկնաբանություն