Ուզում եմ խոսել այս մասին

Երկար ման եկա, մինչև գտա ինձ հարմար և հետաքրքիր թեմա շարադրություն գրելու համար ու որոշեցի գրել գրքերի մասին։ Ես շատ եմ սիրում գրքեր և իմ սիրելի զբաղմունքը համարում եմ ընթերցանությունը։ Կարդում եմ և՛ արտասահմանյան, և՛ հայ գրականություն, իսկ առավել նախընտրում եմ դետեկտիվ ժանրի գրքերը։ Կփորձեմ խոսել հենց այս ժանրի ստեղծագործությունների մասին, կնկարագրեմ իմ զգացողությունները դրանք ընթերցելու ընթացքում, կառանձնացնեմ իմ ամենասիրելիները ու այդ ամենն ավելի ամբողջական դարձնելով կխոսեմ հենց գրքերի ու ընթերցանության կարևորության մասին՝ թե ինչ դեր ունեն դրանք իմ կյանքում։

Ես միշտ գրքերի հանդեպ մեծ սեր եմ ունեցել ու շատ-շատ եմ ընթերցում։ Ըստ իս՝ ընթերցանությունն ամենահաճելի գործողությունն է կյանքում, քանի որ ընթերցելով դու ինքդ կարողանում ես ստեղծել քո իսկ հերոսներին և ապրել նրանց հետ մինչև ստեղծագործության ավարտը։ Իսկ հեղինակը պետք է փորձի հնարավորինս պատկերավոր և հետաքրքիր ստեղծագործել։ Կարծում եմ՝ հեղինակի գրելաոճը շատ կարևոր բաղկացուցիչ է ընթերցողի համար ու յուրաքանչյուրս շատ ընթերցելով կարողանում ենք գտնել մեզ հարազատ ոճը։ Ինձ համար շատ հարազատ, միաժամանակ բավականին հետաքրքիր ու անկրկնելի է Ագաթա Քրիստին որպես գրող։ Նրա ստեղծագործություններում կարողանում եմ գտնել այն հաճույքն ու հետաքրքրությունը, որոնց երբեք չեմ կարող հանդիպել ուրիշ հեղինակների գրքերում։ Վստահեցնում եմ՝ անկրկնելի է ու բավականին արտասովոր։ Դետեկտիվ ժանրի գրքերը դարձան ինձ համար ամենասիրելին, երբ սկսեցի ընթերցել Ագաթա Քրիստի։ Ճիշտ է, շատ քիչ ստեղծագործություններ եմ կարդացել Ագաթայից, բայց կարճ ժամանակում նա դարձավ իմ ամենասիրելի գրողը։

Երբևէ չեմ մտածել, թե ինչ է տալիս ինձ շատ ընթերցանությունը․ մարդը դառնում է ավելի գրագետ, խելացի ու միաժամանակ շատ քաղաքակիրթ։ Շատերն այս կարծիքին են, սակայն միայն սա չէ, որ մարդը կարող է քաղել գրքերից։ Փորձեմ համառոտ ներկայացնել իմ տեսակետը․ ընթերցանության միջոցով մարդը կարողանում է զարգացնել իր երևակայությունն ու բացահայտել նոր կերպարներ գրքերում։ Սրանք կարող են օգնել մարդուն ունենալ առավել լայն մտածողություն։ Որպես ընթերցող կասեմ՝ շատ եմ սիրում կարդալ, քանի որ դրա միջոցով կարողանում եմ մտնել հերոսների կյանք ու հեշտությամբ պատկերացնել այն ամենն, ինչ ներկայացնում է հեղինակը։ Իսկ դա կախված է հեղինակի ոճից ու մեր ընտրությունից, թե որ գրելաոճն է մեզ ավելի դուր գալիս։ Ընթերցանությունը երևի թե չունի ոչ մի բացասական կողմ, եթե մարդն ընթերցում է իր ոճին և հետաքրքրություններին համապատասխան գրականություն․ համենայն դեպս ես այդպես եմ կարծում։

Թողնել մեկնաբանություն