Գրքի տոնը

Այս տարի դասարանով շատ հետաքրքիր ձևով նշեցինք գրքի տոնը։ Յուրաքանչյուրս ինչ-որ մեկին պետք է նվիրեինք իր նախընտրած գիրքը։ Լիլիթն ինձ է նվիրել, ես՝ Միլենային։ Ստացել եմ Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» գիրքը։ Ես շատ-շատ եմ սիրում դետեկտիվ ժանրի ստեղծագործություններ, հատկապես, երբ հեղինակն Ագաթա Քրիստին է։ Ես Ագաթային համարում եմ աշխարհում լավագույն դետեկտիվ գրողը, քանի որ իր ստեղծագործություններն իսկապես շատ հետաքրքիր են, տպավորիչ ու անսպասելի։ Մի քանի գիրք կարդացել եմ Ագաթայից ու դեռ չեմ հանդիպել այնպիսի պատմության, որն ինձ համար անհետաքրքիր, ինչ-որ պահի ձանձրալի կամ անիմաստ է թվացել։ Ամեն անգամ ես շատ զարմացել եմ հանցագործի անունն իմանալուց հետո, քանի որ Ագաթա Քրիստին այնպիսի հերթականությամբ է շարադրում իրադարձությունները, որ շատ դժվար է լինում մարդասպանի անունը նախապես գուշակելը։ Արդեն սկսել եմ ընթերցել գիրքը, և ինչպես միշտ, յուրաքանչյուր գլխի վերջում ինձ մոտ առաջանում է մի հարց, որի պատասխանը ստանում եմ միայն գրքի վերջին էջերում։ Ես շատ եմ սիրում ընթերցել և ինձ համար գրքի տոնը այս ձևով նշելը շատ հետաքրքիր էր, հատկապես, երբ ստանում ենք մեր սիրելի հեղինակի գրքերից որևէ մեկը։

Թողնել մեկնաբանություն