Հայոց լեզու, գրականություն /Բան ունեմ ասելու / 12. 17. 2018

  1. Կարդացեք առաջին մասը:
  2. Ի՞նչ էին ցանկանում երեխաները, և ի՞նչ էր տալիս Ձմեռ պապին նրանց:

Երեխաներից մեկը հեծանիվ էր ուզում, մյուսը իսկական մեծ տուն, բայց Ձմեռ Պապը նրանց տվեց ծրարներ: 

  1. Դուք ինչպե՞ս եք վերաբեվում այն փաստին, որ երեխաները իրենց ուզածը չեն ստանում: Հիմնավորեք:

Երեխաները շատ կտխրեն, որ չստանան իրենց ուզած նվերը, կան երեխաներ, որ այդ փաստը իմանալուց հետո կլացեն: Բայց ի՞նչ կարող է ավելի օգտակար և պետքական բան են ստանում, այնպիսի բան, որ նրանց մտքով էլ չէր անցնի:  

(Ռադիոպիես)

ԵՐԵԽԱՆԵՐԻ Սուրբ Ծննդյան երեկոն ռադիոյով հաղորդվում է Ափից Ափ: Նվագախումբը նվագում է “Ղողանջե´ք զանգերը”, ԵՐԵԽԱՆԵՐԸ  երգում են ամբողջ ձայնով: Երգն ավարտվում է,  ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափահարում են ու աղաղակում:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
(Սիրալիրությամբ)
Հրաշալի էր, երեխանե´ր: Դե, ի՞նչ, զվարճանում ենք, չէ՞:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա´յք և պարոնա´յք, եթե միայն կարողանայիք տեսնել այս երեխաների երջանիկ դեմքերը, ձեր սրտերը կջերմանային:  Նրանք եկել են Նյու Յորքի ամեն անկյունից` ողջունելու իրենց հին ընկեր Ձմեռ պապին այս հանդեսում:  Երբ վերջին անգամ խոսեցինք Ձմեռ պապի հետ, նա Մոնրեալի կողմերում էր իր սահնակով ու հյուսիսային եղջերուներով: Բայց շուտով այստեղ կլինի: Նորից կանչե՞նք  “Ձմեռ պապի”,  երեխանե´ր:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Շատ լավ: Կանչում ենք`  “Ձը´-մե´ռ-պա´-պի´”: Կանչո՜ւմ ենք`  “Ձը´-մե´ռ-պա´-պի´”: Նե´րս եկ,       Ձմեռ պապ: Որտե՞ղ ես  հիմա:

(Հեռվից` ձյան միջից  լսվում է զանգերի ձայն)

ՁԱՅՆ

Ող-ջու՜յն: Ող-ջու՜յն: Ձմեռ պա՜պն է: Ես հենց  Նյու-Յորքի մոտերքում եմ:   Ես կարողանում եմ տեսնել լույսերը: Շատ շուտով ձեզ հետ կլինեմ: Չհեռանա՜ք: Ինձ սպասե՜ք:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Սպասե՞նք, երեխանե´ր: Սպասե՞նք  Ձմեռ պապին:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Օ՜հ, տիկնա´յք և պարոնա´յք, սա  երեխաների ամենամեծ հանդեսն է, որ դուք  երբևէ  տեսել եք: Այս բեմի ամբողջ անկյունն  զբաղեցրել է երբևէ աճած ամենաբարձր տոնածառը` ծանրաբեռնված ամենահրաշալի ընծաներով ամբողջ աշխարհի փոքրիկ, խելոք տղաների ու աղջիկների համար: Շատ շուտով  Ձմեռ պապն ինքն այստեղ մեզ հետ  կլինի, բայց  քանի դեռ սպասում ենք,  մի ուրիշ  երգ չերգե՞նք, երեխանե´ր:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Շատ լավ: “Լուռ գիշերը”:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ երգում են “Լուռ գիշերը”):

(Մինչ նրանք երգում են,  սկիզբ է առնում այս խոսակցությունը:
Մի  ԵՐԻՏԱՍԱՐԴ  և  մի  ԴՌՆԱՊԱՆ):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ներողություն:  Էս  ի՞նչ է:

ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե՞ք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դե ասե´ք: Ասե´ք:  Էստեղ  մոտերքում ի՞նչ է կատարվում:

ԴՌՆԱՊԱՆ
Գիտեք`  սա Սուրբ Ծննդյան հանդես է երեխաների համար: Ես ստիպված եմ խնդրել ձեզ, որ հեռանաք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Լավ: Կհեռանամ, բայց…  ինչպիսի՞ երեխաների համար:

ԴՌՆԱՊԱՆ
Աղքատ երեխաների:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Երգողները նրա՞նք  են:

ԴՌՆԱՊԱՆ
Ես վստահ  եմ,  որ երգողները երեխաներն են:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Եղավ, ուրեմն հրաշալի է: Մարդ չէր կարող ավելի լավ բան անել, քան փորձել երեխաներին երջանկացնել:

ԴՌՆԱՊԱՆ
Այո´, սը´ր, սակայն  ստիպված եմ ձեզ խնդրել…

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նրանք երջանիկ  են,  չէ՞:

ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե՞ք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չարժե ամբողջ ժամանակ ներողություն խնդրել: Ասում եմ երեխաները…, նրանք էլի… երջանիկ են,   չէ՞:

ԴՌՆԱՊԱՆ
Որքանով որ ես կարող եմ ասել`  այո´, սը´ր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ինչի՞ց իմացաք:

ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե´ք, սը´ր… Ես ստիպված եմ խնդրել ձեզ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Էդ ո՞նց  իմացաք, որ երեխաները երջանիկ են:

ԴՌՆԱՊԱՆ
Նրանք  տխուր  չեն երևում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դուք  երջանի՞կ եք:

ԴՌՆԱՊԱՆ
Առանց վախենալու, որ սուտ ասած կլինեմ, կարծում եմ` կարող եմ ասել`  երջանիկ եմ, իսկ հիմա, բարի եղեք, սա երեխաների Սուրբ Ծննդյան երեկոն է: Սա մեծահասակների համար չէ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ես մեծահասակ չեմ: Նկատի ունենալով, որ  երբեք չեմ եղել երեխաների Սուրբ Ծննդյան հանդեսում,  ներկա  կգտնվեմ էս մեկին:

ԴՌՆԱՊԱՆ
Խնդրում եմ, սը´ր…,  սա աղքատ երեխաների համար է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ես աղքատ  եմ:  Բայց սրա համար փող ունեմ, վերցրե´ք: Սա  ավելացրեք երեխաների համար նախատեսված  դրամագլխին:

ԴՌՆԱՊԱՆ
(Ապշած)
Սա հարյուր դոլարանոց թղթադրամ է, սը´ր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ծախսե´ք երեխաների համար: Ասեք, որ դա ուղարկել է…  Անանուն մեկը:

ԴՌՆԱՊԱՆ
Այո´, սը´ր: Շնորհակալություն, սը´ր: Համոզված եմ, որ սա բազմաթիվ երեխաների երջանիկ կդարձնի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Իմ ուզածն էլ հենց դա  է:

ԴՌՆԱՊԱՆ
Շնորհակալություն, սը´ր: Շնորհակալություն: Կբարեհաճեի՞ք ավելի մոտ գնալ: Վստահ եմ`  այդպես միանգամայն լավ կլինի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չէ´, չէ´:  Ինձ վերջին շարքն էլ   հարմար  է:

ԴՌՆԱՊԱՆ
Շատ լավ, սը´ր: Ես փողը կտանեմ  կոմիտե:

(ԵՐԵԽԱՆԵՐՆ ավարտում են “Լուռ գիշեր” երգը):

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Հրաշալի՜  էր, երեխանե´ր:

(Դրամատիկական դադար):

Պատրաստ, երեխանե´ր:

(Գոչելով)

Պահե´ք ձեր շունչը: Ձմեռ պապն  այստեղ  է: Նա  բեմում  կհայտնվի ճիշտ մեկ վայրկյան հետո:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ ճչում են,  բացականչում և ծափահարում):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Ժխորի միջից)
Ա´յ թե  երեխաները երջանիկ կլինեն: Ձմեռ պապը նրանց  բոլորին  կերջանկացնի:

(ՁՄԵՌ ՊԱՊԸ ժամանում է: ԵՐԵԽԱՆԵՐՆ ավելի բարձր են աղաղակում, քան երբևէ):

ՁՄԵՌ  ՊԱՊ
Շնորհավոր Սուրբ Ծնունդ, երեխանե՜ր: Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

ԵՐԵԽԱՆԵՐ
Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ, Ձմեռ պապի:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Երջանիկ դեմքերով ի՜նչ հրաշալի  խումբ է.  նման բան չեմ  տեսել:  Դուք  բոլորդ էլ խելո՞ք տղաներ ու աղջիկներ եք:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Ուրեմն հրաշալի է:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
(Շշնջալով)
Տիկնա´յք և պարոնա´յք, երեխաները պատրաստվում են մեկ առ մեկ բեմ գալ և խոսել Ձմեռ պապի հետ: Առաջինը մի փոքրիկ աղջիկ է:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Հապա  տեսեք, թե ո՜վ է այստեղ: Անունդ ի՞նչ է, պստի´կ աղջիկ:

ՓՈՔՐԻԿ  ԱՂՋԻԿ
Մերի  ՄըքԳերի:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Մերի  ՄըքԳերի:  Քանի՞ տարեկան ես:

ՓՈՔՐԻԿ  ԱՂՋԻԿ
Յոթ ու կես:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Որտե՞ղ  ես ապրում:

ՓՈՔՐԻԿ  ԱՂՋԻԿ
Հարուր քսվեց… Չէ´: Հարուր վաթսուներկու  Իսթ  հարուր  քսվեց:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Իսկ դու ի՞նչ ես ցանկանում Սուրբ Ծննդյան  տոնի առթիվ:

(ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ տատամսում է)
Հը՞:

ՓՈՔՐԻԿ  ԱՂՋԻԿ
Ես ուզում եմ… ըը…

ՁՄԵՌ  ՊԱՊ
Վա՜հ, վա´հ, մի՞թե վախենում ես Ձմեռ պապից: Ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

ՓՈՔՐԻԿ  ԱՂՋԻԿ
Մոռացա:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Տիկնիկ ուզու՞մ ես:

ՓՈՔՐԻԿ  ԱՂՋԻԿ
Ես տուն   եմ ուզում:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Խաղալիք -տուն: Էլ ի՞նչ:

ՓՈՔՐԻԿ  ԱՂՋԻԿ
Խաղալիք –տուն չէ:  Ես իսկական տուն   եմ ուզում:

ՁՄԵՌ  ՊԱՊ
(Ծիծաղելով)
Տուն: Էլ ի՞նչ:

ՓՈՔՐԻԿ  ԱՂՋԻԿ
Մի մեծ սենյակ` լիքը խաղալիքներով: Մի ուրիշ սենյակ էլ` լիքը…

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա´յք և պարոնա´յք, Ձմեռ պապն առաջին մանկանը տվեց Սուրբ Ծննդյան իր նվերը` կապույտ թղթով  մի մեծ փաթեթ, իսկ այժմ երկրորդ երեխան է գալիս բեմ: Այս մեկը ջահել  մի  տղա  է` աշխարհի չափ մեծ ժպիտով: Եվ  չտեսնված շիկակարմիր մազերով:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս. տեսեք, թե ո՜վ է այստեղ: Ի՞նչ է  քո   անունը:

ՏՂԱ
Մելվին  Աթեյ:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Ի՞նչ-ի՞նչ:

ՏՂԱ
Մելվին Աթեյ:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Քանի՞ տարեկան ես, Մերվի´ն:

ՏՂԱ
Ոչ թե Մերվին, այլ Մելվին: Մ-ե-լ-վ-ի-ն:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Շատ լավ, Մելվի´ն: Դու քանի՞ տարեկան ես:

ՏՂԱ
Տասը:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Տաս ու կե՞ս:

ՏՂԱ
Չէ´: Ուղղակի տասը:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Տասը և երկու  ամսական, կամ  վեց, կամ  չորս   ամսական կամ ինչքա՞ն:

ՏՂԱ
Չէ՜: Հենց տասը: Ծննդյանս օրը դեկտեմբերի 24-ն է: Էսօր:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափողջունում են)

ՁՄԵՌ  ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, դե մի՞թե դա հրաշալի չէ: Երկու տոն  միանգամից: Տարեդարձը և Սուրբ Ծնունդը` մեկտեղ:

ՏՂԱ
Այո´, սը´ր:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Իսկ որտե՞ղ ես ապրում, Մերվի´ն:

ՏՂԱ
Մելվի՜ն,  Ձմեռ պապի:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Ի՞նչ…

ՏՂԱ
Մելվի՜ն:  Մելվի՜ն:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Այո` Մելվի´ն: Իսկ որտե՞ղ ես ապրում:

ՏՂԱ
Երկուսի երեսունյոթ, Իսթ հարյուր քառասունհինգերորդ  փողոց:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Իսկ դու՞  ինչ ես ուզում Սուրբ Ծննդյան առթիվ:

ՏՂԱ
Մի գրամեքենա, հեծանիվ, ֆուտբոլի գնդակ ու  մի  մուշտակ  մայրիկիս համար:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Էլ  ի՞նչ:

ՏՂԱ
Ու մի նոր կոստյում հայրիկիս համար:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Էլ  ի՞նչ:

ՏՂԱ
Եվ երկու իսկական լավ զգեստներ  քույրիկներիս  համար:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Էլ  ի՞նչ:

ՏՂԱ
Դե… մի հեծանիվ էլ իմ ընկեր Հարրիի  համար:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Էլ  ի՞նչ:

ՏՂԱ
Դե…

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա´յք և պարոնա´յք, Ձմեռ պապը տղային հանձնեց Սուրբ Ծննդյան իր փաթեթը, իսկ այժմ  համար երեք երեխան է գալիս բեմ: Գեղեցիկ սևամորթ մի աղջնակ:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, հապա  նայեք, թե ո՜վ է գալիս Ձմեռ պապի ձեռքը սեղմելու: Եվ ի՞նչ է քո անունը, փոքրի´կ աղջիկ:

ԱՂՋԻԿ
Ալիս  Լեոնորա  Ուիլլյամս:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Իսկ քանի՞ տարեկան ես, Ալի´ս:

ԱՂՋԻԿ
Ութ եմ` իննի մեջ:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Իսկ դու´  ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

ԱՂՋԻԿ
Ըը՜…

ՁՄԵՌ  ՊԱՊ
Դե՞…

ԱՂՋԻԿ
…Մի զույգ չմուշկ, հեծանիվ ու մի կարմիր համազգեստ:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Էլ  ի՞նչ:

ԱՂՋԻԿ
Ըը՜…

ՁՄԵՌ  ՊԱՊ
Էլ  ի՞նչ:

ԱՂՋԻԿ
Մի կարմիր համազգեստ,  …ըը՜…

ՁՄԵՌ  ՊԱՊ
Մի ուրի՞շ   կարմիր համազգեստ էլ:

ԱՂՋԻԿ
Չէ´, էդ  մեկը:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Էլ  ի՞նչ:

ԱՂՋԻԿ
Մի զույգ չմուշկ:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա´յք և պարոնա´յք, Ձմեռ պապը փոքրիկ  աղջկան հանձնեց Սուրբ Ծննդյան իր ընծան, իսկ այժմ մի ուրիշ մանուկ էլ է բեմ գալիս: Այս մեկը փոքրիկ տղա է:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, հապա  նայեք` ով է այստեղ: Իսկ ի՞նչ է քո´ անունը,  փոքրի´կ:

ՏՂԱ
Ջո:
ՁՄԵՌ  ՊԱՊ
Ջո   ի՞նչ:

ՏՂԱ
Ջո Բեննեվընթ: Տասնմեկ ու կես եմ: Ապրում եմ…

ՁՄԵՌ  ՊԱՊ
Օ՜հ, այո´: Լա´վ, դու ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան  առթիվ:

ՋՈ
Հեծանիվ:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Էլ  ի՞նչ:

ՋՈ
Բա  որտե՞ղ է:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Ի՞նչ, Ջո´:

ՋՈ
Ասում եմ` որտե՞ղ է հեծանիվը:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Ահա քո նվերը, Ջո´: Իսկ հիմա` տեսեք, թե ով է բարձրանում սանդուղքներով:

ՋՈ
Ի՞նչ կա  էս փաթեթում: Ախր ես  հեծանիվ   եմ ուզում:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Իսկ ի՞նչ է քո անունը, պստի´կ աղջիկ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Հեռվից` բարձր ու զայրացած)
Մի րոպե, Ձմեռ պապ:  էս ի՞նչ է կատարվում էստեղ:

Թողնել մեկնաբանություն