Տաղ Վարդավառի։ Գրիգոր Նարեկացի

1․ Համացանցից դուրս գրե՛ք Գրիգոր Նարեկացու կենսագրությունը:

Գրիգոր Նարեկացին ծնվել է եկեղեցական գործիչ, աստվածաբան Խոսրով Անձևացու ընտանիքում: Նարեկավանքի դպրոցում աշակերտել է փիլիսոփա, մատենագիր և բանաստեղծ Անանիա Նարեկացուն (մոր ազգականն է): Եղել է վարդապետ և մինչև կյանքի վերջն ապրել է Նարեկավանքում: Վանքի տարածքում Նարեկացու հիշատակին կառուցվել է մատուռ, որտեղ էլ թաղված է նրա աճյունը: Նարեկացին գրել է ներբողներ, գանձեր, տաղեր, որոնք, ունենալով կրոնական բովանդակություն, արտաքուստ իրական աշխարհի և բնության պատկերներ են: Նարեկացու գլուխգործոցը «Մատյան ողբերգության» պոեմն է. բաղկացած է 95 գլխից (բանք), որոնցից յուրաքանչյուրն սկսվում է «Ի խորոց սրտի խոսք Աստծու հետ» տողով: «Մատյան ողբերգության» պոեմը հոգու խորքից բխած զրույց է Աստծու հետ, որտեղ ներկայացված են մարդկությանը պարուրած վշտերն ու ցավերը, կասկածներն ու համոզմունքները, մեղքերն ու խոստովանանությունները և այլն։ Նարեկացու հոգին լի է հավատով առ Աստված: Նա իր պոեմը ձոնել է Աստծուն՝ նրա մեջ տեսնելով գեղեցիկը, լավագույնը, կատարյալն ու անաղարտը: Նա հավատում է, որ Մատյանը կօգնի մարդուն և սեր, ազնվություն ու բարություն կսերմանի մարդկանց հոգիներում: Հայերեն ձեռագրերում պահպանվել են բազմաթիվ ավանդություններ ու զրույցներ Նարեկացու մասին: Այդ զրույցներից մեկը պատմում է, որ Նարեկացին հովվություն է արել Հարզից գյուղի մահացած հովվի փոխարեն և ստացած վարձը տվել նրա կնոջն ու երեխաներին: 

2․ Օգտվելով Գրաբարի բառարանից՝ փոխադրե՛ք ,,Տաղ Վարդավառին,, ։

Գոհար վարդը վառվեց

Վերևից եկող արևի ճառագայթներից։

Շողերի վրայից դեպի վեր

Ծավալվում է ծաղիկն ծովային։

Լայնածավալ ծովից

Այն ծաղկի գույնն էր պղպջում,

Երփներանգ ծաղկի վրա

Ճյուղի պտուղն էր շողշողում։

Քրքումի վակասիր պտուղը

Սնվում էր խառը տերևներով

Տերևը տավիղ տվողին

Որը հրաշալի երգում էր Դավիթ։

Մի խառը փունջ վարդից

ծաղկեցին գույնզգույն ծաղիկներ։

Այդ դալար և ծաղկավետ ծառերը

Արձակեցին վարդագույն ոստերը։

Բողբոջ վարդենին զարդարեց շունանը

Շուշանը շողում էր հովտում,

Շողշողում արեգակի դիմաց

Այն հյուսիսային հովից

Քամին հարվածեց գոհար շուշանին,

Այն հարավային լեռից

Քաղցր օդով էր պատում շուշանին։

Շուշանը լցվեց շաղով,

Շող ցողով ու մարգարիտով։

Ամեն ծաղիկ շող վերցրեց,

Ցողն ամպից, ամպը՝ արևից

Աստղերով պատվեց չորսբոլորը,

Լուսնի դիմաց գունդ-գունդ բոլորը հավաքվեցին։

Գունդ-գունդ խաչաձև գնդակ,

Երկնքից հորինված մի շրջան։

Փառք հորն ու որդուն հավետ,

Սուրբ հոգուն այժմ և հավետ։

Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից
ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն
պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
շողշողէր պտուղն ի ճղին:
Քրքում վակասիր պտուղն
սնանէր խուռն տերևով.
Տերևն տաւիղ տուողին
զոր երգէր Դաւիթ հրաշալին:
Ի փունջ խուռներամ վարդից
գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան:
Այդ սօս ու տօսախ ծառերդ
վարդագոյն ոստս արձակեցին:
Այդ նոճ ու բողբոջ արօսդ
զարդ առեալ վարդն շուշանին.
Շուշանն շողէր հովտին,
շողշողէր դէմ արեգականն.
Այն հիւսիսային հովէն
հով հարեալ գոհար շուշանին.
յԱյն հարաւային լեռնէն
քաղցր օդով ցօղէր շուշանին:
Շուշանն շաղով լցեալ,
շող-շաղով և շար մարգարտով:
Ծաղկունքդ ամէն շաղ առին,
շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստեղքդ ամէն շուրջ առին,
դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
Գունդ-գունդ խաչաձև գնդակ,
յօրինուած երկնից շուրջանակ:
Փառք Հօր և Որդւոյն յաւէտ,
սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս:»

Կարդացեք Վարդավառի տոնը

Հին աստածներ։ Լևոն Շանթ

Մի քանի հազարամյակ առաջ Մարիամի նախաձեռնությամբ եկեղեցի է կառուցվում։ Եվ իշխանուհու եղբայրը որոշում է իր աղջկա հետ գալ ու տեսնել քրոջ կառուցած եկեղեցին, սակայն ուժեղ քամու պատճառով նրա աղջիկը ջրում խեղդվում է ու նրան օգնության է հասնում երիտասարդ աբեղան։ Եվ աբեղան սիրահարվում է այդ աղջկան, որոշում է դիմել վանահորը, քանի որ աղջկա պատճառով ստիպված էր լինելու ապրել աշխարհիկ կյանքով։ Իսկ վանահայրը փորձում է օգնել ու կարեկցել նրան։ Իրականում, վանահոր անունը Հովհաննես էր ու նա սիրում էր իշխանուհուն՝ Մարիամին, իսկ այդ եկեղեցին կառուցված էր իրենց համար՝ որպես իրենց սիրո խորհրդանիշ։ Նրանք երկուսն էլ դեռ սիրում էին իրար։ Այս ամենը վանահայրը մի կերպ ինքն իրեն խոստովանեց։ Նա որոշեց քանդել եկեղեցին՝ որպես նշան այն բանի, որ ինքը որոշում է լիարժեք նվիրվել Աստծուն՝ փոխարենը կառուցելով նորը։ Աբեղան, չկարողանալով ինքն իրեն համոզել, որ այլևս չսիրի այդ աղջկան և ապրի ոչ աշխարհիկ կյանքով՝ իրեն նետում է լիճն ու ինքնասպան լինում։ Իսկ վանահայրը նույն առիթով հեռանում է կղզուց ու փնտրում ուրիշ տեղ՝ ապրելու համար, որոշում՝ հենց այդտեղ կառուցել մի նոր եկեղեցի։

Անվերնագիր։ Եղիշե Չարենց

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս…
Իբրև ծերունի մի թերթավաճառ՝
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն անպատճառ
Ու կհայտնվի ամեն մի բակում։
Ստվերի նման, սահած տնից-տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն՝
Տարածված ամբողջ քաղաքի վրա։
Եվ համր մի պահ՝ գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը՝ արդեն հավիտյան հանգած։
Եվ մարդիկ՝ երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ՝ միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ՝ անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք՝
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են, թե ես վաղո՜ւց չկամ,—
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած՝
Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մոտիկ
Եվ հանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ…
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշի,
Եվ հոգիներում, ինչպես հուշ հառնի,—
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի։
Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն՝ իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան…
Եվ դեմքով տխուր և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահմա՜ն ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն…
Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե։
Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա՝
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա։ —
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Եվ ինչպես կյանքում՝ տարինե՜ր առաջ,
Հուշերում հանկարծ անցյալը բուրի,
Երազանքներում գուցե իմ անցած
Եվ արդ իմ հառնած գրքում հուշերի…
Այն, որ ե՛ս էի, որ ի՛մն էր առաջ,
Արդեն չի հառնի և ոչ մի գրքում
Եվ ո՛չ մի գրքում՝ աշխարհում գրած,
Եվ ո՛չ մի գրքում, և ո՛չ մի գրքում…

Ամբոխները խելագարված։ Եղիշե Չարենց

1․ Համառոտ գրե՛ք սյուժեն։

Ստեղծագործությունը հեղափոխության մասին էր, որտեղ մեծ ամբոխը փորձում է գրավել քաղաքը, սակայն կարողանում են տիրանալ միայն սահմանին։ Հանգստանալուց հետո կրկին սկսվում է կռիվ՝ նորից նույն նպատակով։

2․ Դուրս գրե՛ք համեմատության 5-ական միջոց՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն։

Մակդիր — մարմանդ քամի, բորբ արև, արնավառ փայլ, ծեր մշուշ, ծույլ նազանք։

Համեմատություն — Անողո՛ք է երթը այս սեգ, ինչպես կարմիր կարոտը մեր։ Եվ երկընքի սիրտը մխված բևեռների պես արնաքամ։ Երակների պես երկաթե քաղաքամոտ կայարանից։ Երակների պես երկաթե՝ ամուր գրկած կուրծքը հողի։ Սֆինքսի պես հսկայական, շեկ ծծերը դրած հողին։

Փոխաբերություն — Վառվում էր սիրտը ամենքի, որպես կարմիր մի առավոտ։ Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։ Նա կտրել էր արևակամ ամբոխների կարմիր ուղին։

«Փոքրիկ իշխանը» գրքի վերլուծություն

Բազմիցս ընթերցել եմ այս գիրքը և ամեն անգամ ևս մեկ կարևոր ասելիք եմ գտել գրքում։ Շատերն են ընթերցել այն և ըստ իս՝ այն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահայտնի և ամենալավ գրքերից մեկն է, քանի որ որքան էլ սյուժեն կարդացվում է հեքիաթի նման, ստեղծագործությունն իր մեջ ունի շատ ասելիքներ, որոնք իսկապես կարևոր են բոլորիս համար։ Հեղինակը շատ պարզ կերպարների միջոցով մեզ է փոխանցում բուն ասելիքը, ինչը մեզ կարող է օգնել կյանքի ընթացքում։ Այստեղ ներկայացվում է մարդկանց այն տեսակների մասին, որոնք իրարից բավականին տարբեր են, փոքրիկ հերոսի համար միաժամանակ շատ տարօրինակ, որոնք զարմանալու առիթ էին տալիս նրան ու ստիպում կարծել, որ մեծահասակները շատ անհետաքրքիր մարդիկ են։ Նույնիսկ բերվում է մի քանի օրինակ, որտեղ նույն երևույթը տարբեր ձև է ընկալվում թե՛ մեծահասակների և թե՛ փոքրերի կողմից։ Այդպիսի մի օրինակ է հեղինակի նկարած առաջին նկարը՝ վիշապօձ, որը կուլ էր տվել գիշատիչ գազանին։

Գրքում շատ է խոսվում իրական ընկերության, հավատարմության և մարդկանց ընտելացնելու, հարաբերություններում կարոտ և սեր առաջացնելու մասին։ Գրքից առանձնացրել եմ մի քանի հատված, որտեղ խոսվում է այդ մասին։ Ամենից հայտնին է՝ «Դու հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»։ Այս հատվածն իսկապես շատ եմ հավանել և չնայած հազվադեպ գիրքը կարդալուն, ես միշտ այն հիշում եմ, քանի որ իսկապես տպավորվել է և բավականին հետաքրքրել։ Գրքում կան այնպիսի հատվածներ, որոնք խելացի մարդուն են միայն հասկանալի և անվերջ մտածելու տեղիք են տալիս։ Դրանք թաքնված են հասարակ և շատ պարզ նախադասությունների մեջ։ Իհարկե, ես ոչ բոլորը նկատեցի, սակայն շատ հատվածներ եմ դուրս բերել։ Այդպիսի մի օրինակ է՝ «Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին»։ Ես շա՛տ եմ հավանել այս տողը, ստեղծագործության մեջ շատ է խոսվում այս թեմայի մասին։ «Միայն սիրտն է սրատես։ Ամենակարևորը աչքով չես տեսնի» կամ «Հարկավոր է ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել»։

Ըստ իս՝ այս գիրքն աշխարհում ամենայուրահատուկ գրքերից մեկն է, որը հասանելի է թե՛ փոքրերին և թե՛ մեծահասակներին։ Այն ամեն տարիքում կարելի է ընթերցել ու ամեն անգամ մի նոր ասելիք նկատել, սովորել։ Ես իսկապես շա՛տ եմ հավանում այս այն։

Աշնան արևը։ Հրանտ Մաթևոսյան

Ստեղծագործությունը մի փոքր դժվարությամբ էր ընթերցվում, չնայած այն բավականին հետաքրքիր էր։ Գլխավոր հերոսը Արուսն էր, և պատմությունը հենց իր դժբախտ ամուսնական կյանքի մասին էր, որ նա հենց ամենասկզբից մերժված էր ամուսնու հարազատների կողմից, իր սկեսուրը շատ խիստ էր և նույնիսկ չէր թողնում նրան հղի ժամանակ մոտենալ սառնարանին, որ հաց ուտի։ Նա ամուսնացել էր վաղ տարիքում, և ոչ ոք չէր հարցրել իր կարծիքը՝ արդյո՞ք սիրում է այդ տղամարդուն, թե ոչ։ Եվ ամուսնանալով սկսեց անցնել բավական դժվար փորձությունների միջով, նրան ոչ ոք չէր սիրում, բոլորը շատ կոպիտ էին վերաբերվում և արհամարհանքով էին մոտենում նրա հետ կապված ամեն ինչին։ Արուսը շատ էր կարևորում հասարակության կարծիքը, և երբ որոշվեց, որ պետք է գնար որդու մոտ՝ Երևան, նա շատ անհամբեր էր և ոգևորված ու բոլորին պատմում էր այդ մասին։ Այսպիսով՝ հեղինակը պատմում էր սովորական մի գյուղացու դժբախտ կյանքի մասին՝ լի փորձություններով ու դժվարություններով։ Ըստ իս՝ նույնիսկ այս օրերում կարելի է գտնել նման մարդիկ, ովքեր ապրում են այդպիսի կյանքով, չնայած, ոչ այդչափ։

«Homo sapiens»։ Չափածո նովել։ Եղ․ Չարենց

1․ Կարդացե՛ք։ Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք։

գլխահակ — ամոթահար, գլուխը կախ

շաֆրան — դեղին-նարնջագույն

շոսսե — խճուղի

կռնատակ — թևի տակ

ալեյա — ծառուղի

տիտանային — հսկայական, վիթխարի

հորձանք — հեղեղ, ալիք

Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում։ Եղ․ Չարենց

1․ Կարդացեք։ Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրեք։

մգլահամ — բորբոսահամ

օրհասական — մահաբեր, ճակատագրական

ուրու — ուրվական

անգո — անհայտ

եղերական — ողբալի

տեսլական — երևակայական, գաղափարական, ոչ երկրային

շռնդալ — զնգալ, դղդրալ

բաստիոն — ամրոց

ցոփություն — անառակություն, անբարոյականություն

խարազան — մտրակ

բակենբարդ — այտամորուք

մաքառել — պայքարել, պատերազմել

2․ Համառոտ գրե՛ք բովանդակությունը։

Հեղինակը պատմում էր Պետրոպավլովյան ամրոցի մասին, որը նախկինում եղել է արքայական բանտ, իսկ հետո դարձել թանգարան։ Նա նկարագրում էր ամրոցում տիրող օդը, թե որքան ծանր էր ու մռայլ, փորձում պատկերացնել այնտեղ եղած գրողների տխուր ու վշտալից դեմքերը, մարտիրոսների հին անուններն ու տառապանքները, որոնց մի ամբողջ սերունդ էր համարում Չարենցը։ Ընթերցելիս նկատեցի մի գեղեցիկ հատված, որտեղ հեղինակը նկարագրում էր, թե ինչպես էր ամրոցի պատերին նայելիս փորձում հասկանալ, թե այնտեղ բանտարկված գրողները ինչ են մտածել ու զգացել նույն պատերին նայելիս հարյուրավոր տարիներ առաջ։ Իսկ երբ արդեն դուրս էր գալիս մութ ամրոցից, զգում է, որ ինչ-որ մեկն իր ձեռքը դրել է իր ուսին։ Շրջվում է, տեսնում բարձրահասակ, սև աչքերով, մորուքով մի տղամարդու, որն իր մասին է հիշեցնում հեղինակին։ Հեղինակն անմիջապես ճանաչում է նրան, իսկ տղամարդը միանգամից անհետանում է ու նա էլ դուրս է գալիս ամրոցից։ 

Գանգրահեր տղան։ Եղիշե Չարենց

1․ Նկարագրե՛ք չափածո նովելում ներկայացրած ապագան։

Չարենցն այս ստեղծագործության մեջ նկարագրում էր գարնանային մի գեղեցիկ օր, երբ արևը ժպտում է երկնքից, մարդիկ ուրախ են, նկարագրում է հոսող գետը, տարածքի տներն ու գործարանները, ինչպես նաև նկարագրում է, թե ինչպես է վաշտը այդ օրը գալիս ու անցնում փողոցով։ Վաշտից մի տղա՝ կապուտաչյա մի երիտասարդ, մոտենում է մի գերեզմանի, որը, ինչպես հեղինակն է նկարագրել, Եղիշե Չարենցի գերեզմանն էր՝ Եղիշե Չարենց․ բանաստեղծ, ծնված Մակու քաղաքում։ Տղան, մոտենալով գերեզմանին, ժպտաց։ Եղիշե Չարենցն այս ստեղծագործությամբ փորձում էր նկարագրել, թե ինչպիսին կլինի կյանքը հետո, երբ նա արդեն մահացած կլինի։ Նկարագրում է այն տեսարանը, թե ինչպես է երիտասարդն իր մահից հետո այցելում իր շիրիմին, կարծես ուրախ ու երջանիկ հիշողություններ ուներ՝ կապված Չարենցի հետ։ 

Դանթեական առասպել։ Եղիշե Չարենց

1․ Կարդացե՛ք պոեմը։

2․ Համառոտ շարադրեք բովանդակությունը։

Ստեղծագործությունը պատերազմ գնացող մի խումբ զինվորականների մասին էր, ովքեր ոտքով հասնում էին կռվի դաշտ։ Իհարկե, ընթացքը բավականին ձանձրալի և հոգնեցուցիչ էր, քանի որ ճանապարհը բավականին երկար էր և դժվար, նույնիսկ նրանցից շատ-շատերը կիսատ էին թողնում ճանապարհը և վերադառնում։ Նրանք հանդիպող քաղաքների ճանապարհներին տեսնում էին մահացած մարդկանց դիակներ, ովքեր սպանվել էին պատերազմների ժամանակ և այդտեղ էլ մնացել էին։ Խումբը պարզապես ապշում էր՝ տեսնելով դիակները, զարմանում, վախենում։ Սակայն, որքան էլ սարսափելի էր ստեղծագործության գլխավոր հերոսի համար ճանապարհին նման տեսարանների հանդիպելը, նա հիանում էր բնությամբ, ուրախանում, և հենց իր շրջակայքի գեղեցկությունն էլ նրան դրդում էր քայլել ու հասնել կռվի դաշտ, քանի որ նա ուրախանում էր բնության գեղեցկությամբ։ Եվ հեղինակը նկարագրում է բազմաթիվ տեսարաններ, որոնցում գլխավոր հերոսը ուշադրություն է դարձնում բնության ներդաշնակությանը և մոռանում այն ամենը, ինչ նախկինում տեսել էր ճանապարհին։ Նրանք հասնում են կռվի դաշտ ու պարտվում են թշնամուն։ Նկարագրում է, թե իրենց զինվորների դիերն ինչպես են ընկած գետնին, սակայն բացվում է առավոտը և նա նորից նայում է դաշտերին, բնությանը և դրա գեղեցկության շնորհիվ էլ կարողանում է մոռանալ և՛ իրենց տարած պարտությունը, և՛ գետնին ընկած դիակներին։