ՀՀ կարմիր գիրքը

Գառնանգղ

Գառնանգղը համարվում է թռչունների եվրոպական տեսակների մեջ ամենավտանգվածներից մեկը, քանի որ վերջին հարյուրամյակի ընթացքում նրա թվաքանակը կտրուկ կրճատվել է։ Հազվագյուտ համարվող այս տեսակը գրանցված է ՀՀ կարմիր գրքում, համարվում է սակավաթիվ ու վտանգված տեսակ։ ՀՀ կարմիր գրքի տվյալների համաձայն՝ թվաքանակը կազմում է մոտ 8-10 բնադրող զույգեր, սակայն վերջին տարիներին նկատվում է թվաքանակի կայունացում։ Գառնանգղի թվաքանակի վրա ազդում է թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում, ապօրինի որսը, թակարդներով բռնելը և այլն։ Թռչնի այս տեսակը ապրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, սնվում մանր կամ միջին չափի կենդանիների դիակներով։ Մարմնի երկարությունը 100-115սմ է, կշռում է 5-6 կգ։

Բեզոարյան այծ

Բեզոարյան այծ․ լեռնային վայրի այծ է, որը գրանցված է ՀՀ կարմիր գրքում։ Այն տարածված է Հունաստանում, Իրանում, Հայաստանում, Աֆղաստանում, Ադրբեջանում, Պակիստանում և այլն։ Բնակվում են լեռներում, սովորաբար անտառային գոտու վերին սահմաններում։ Բեզոարյան այծերի մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուպ լեռան վրա, Որոտան գետի կիրճում և Արփա գետի մոտակայքում։ Ներկայիս տվյալներով՝ այծի այս տեսակի թվաքանակը Հայաստանում կազմում է մոտ 1000-1500 առանձնյակ։ Բեզոարյան այծերի զանգվածը 50 մինչև 90 կգ է, մարմնի երկարությունը 100-150սմ է։ Այծերը հիմնականում սնվում են խոտերով և տերևներով, սակայն իրենք սնունդ են ծառայում հովազների, արջերի և գայլերի համար։

Մանուլ

Մանուլը կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Ունի նաև մեկ այլ անվանում՝ պալլասյան կատու։ Բավականին երկար ժամանակ է, ինչ այս կենդանին գրանցված է կարմիր գրքում, սակայն մոտ 100 տարի անց 2020 թվականին այս կենդանատեսակը հայտնաբերվել էր Հայաստանում։ Մանուլն ունի տնային կատվի չափ, կշռում է մոտ 2-5 կգ։ Այն շատ հազվադեպ հանդիպող կենդանի է ու դրա քանակը գնալով նվազում է։ Ճշգրիտ քանակը հայտնի չէ, քանի որ մանուլներն ունեն թաքնված կենսակերպ։ Թվաքանակը նվազում է որսագողության, ինչպես նաև գայլերի և բվերի հարձակումների պատճառով։ Տարածված է Կենտրոնական և Միջին Ասիայում, Իրանում, Մոնղոլիայում և Հարավ-Արևմտյան Չինաստանում։

Աղբյուրը՝ 1, 2, 3

Թողնել մեկնաբանություն