«Խոր վիրապ» արգելավայր

«Խոր վիրապ» արգելավայրը գտնում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղական համայնքի վարչական սահմաններում, Արաքս գետի ձախակողմյան մասի Խոր Վիրապ եկեղեցական համալիրի և Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի աջակողմյան հատվածում։

Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն է եղել միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման ապահովումը։ Խոր Վիրապի ջրաճահճային էկոհամակարգը աչքի է ընկնում հազվագյուտ և անհետացման վտանգված ջրաճահճային բուսական և կենդանական տեսակներով։ Այս տարածքում հանդիպում են բազմաթիվ հազվագյուտ բուսատեսակներ, օրինակ՝ սիբեխ, ուղտափուշ, վարդատերեփուկ և այլն։ Բացի թռչուններից այստեղ տարվա տաք ամիսներին սնունդ է հայթայթում նաև չղջիկը, որը նույնպես գրանցված է ՀՀ կարմիր գրքում։ Հայաստանի կարմիր գրքում գրանցված տեսակներից այս տարածքում բնադրվում են փոքր ձկնկուլը, մոխրագույն բադը և այլն։ Հազվագյուտ և անհետացող  թռչուններից հանդիպում են մեծ ձկնկուլը, մեծ սպիտակ տառեղը, մոխրագույն սագը, խայտաբղետ բադը, լայնակտուց բադը և այլն։

Այսպիսով՝ Խոր Վիրապի ջրաճահճային տարածքն առանձնանում է բնապահպանական և գիտական բարձրարժեք նշանակությամբ, որի կորուստը, հատկապես որպես ջրլող թռչունների բնակավայր, մեծ վնաս կպատճառի Հայաստանի կենսաբազմազանությանը։

Աղբյուր՝ «Խոր վիրապ» արգելավայր

Թողնել մեկնաբանություն