Եղիշե Չարենց: Բանաստեղծություններ

Չգիտեմ հիմա, մոռացել եմ ես

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:

Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու:

Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
Ու աստղը ժպտա մոխրացած քարին…

Երազի պես անուշ

Երազի պես անուշ
Ինչ որ բան կա, գիտե՞ք, —
Երբ Ձեր գլուխը լույս
Դուք մերթ բռնում եք թեք —
Եվ գլխարկի կապույտ,
Թավշե ֆոնի տակից —
Ուղարկում եք անփույթ
Ժպիտները Ձեր ինձ:

Ես այնքան փո՜քր եմ դեռ

Ես այնքան փո՜քր եմ դեռ,
Երեխա եմ կարծես,-
Բայց ես սիրում եմ Ձեզ
Ու ջինջ երգերը Ձեր:

Գիտե՞ք արդյոք, որ ես
Վախենում եմ, որ Դուք
Նայում եք աչքերիս
Հայացքներով բարբոք:

Սիրում եք Դուք երգել
Սիրո երգեր հուզիչ.
— Վախենու՜մ եմ ես Ձեր
Հմայքների ուժից:

Վահան Տերյանի հիշատակին

Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին
Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր…

Թողնել մեկնաբանություն