Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում

Հայկական պետականության առաջացման նախադրյալները

Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայկական անկախ նոր պետականություն առաջացավ Կիլիկիայում: Այն գտնվում էր Փոքր Ասիայի հարավ-արևելքում: Հյուսիսում նրա տարածքը հասնում էր մինչև Տավրոսի լեռները, արևելքում՝ անցնում Ամանոսի (սև) լեռներով:

Այս տարածքը բաժանվում էր երեք մասի: Հյուսիսարևելյան շրջանը հատվածը, որը լեռնային էր՝ կոչվում էր Լեռնային Կիլիկիա: Հարավարևելյան շրջանը հայտնի էր Դաշտային Կիլիկիա անունով: Արևմտյան մասը, որն ուներ քարքարոտ բլուրներ, կոչվում էր Քարուտ Կիլիկիա: Նախկինում այս երկիրն անվանել են «Հայոց աշխարհ», «Կիլիկյան Հայաստան», իսկ խաչակիր մատենագիրները՝ «Հայաստան» և «Փոքր Հայք»: Սկզբնական շրջանում նորաստեղծ հայկական պետությունն ընդգրկում էր Կիլիկիայի միայն մի մասը, իսկ հետագայում էլ նաև իրենից դուրս շատ այլ շրջաններ: Ք.ա. I-ին դարում Տիգրան Մեծը նվաճեց և հայկական պետությանը միացրեց Կիլիկիայի արևելյան շրջանները: Վաղ ժամանակներից սկսած՝ հայերը բնակություն էին հաստատում Կիլիկիայում, իսկ X-րդ դարում նրանք արդեն զգալի թիվ էին կազմում այնտեղ: Այնտեղ հայերը հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով ու լեռնային արդյունագործությամբ: XI-րդ դարի երկրորդ կեսին, հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայի, Կապադովկիայի, Ասորիքի և Հյուսիսային Միջագետքի մի շարք շրջաններում: Հայերից բացի, Կիլիկիայում ապրում էին նաև հույներ, ասորիներ, արաբներ ու հրեաներ: Սակայն, հայերն ամենաշատն էին այնտեղ ու մեծ թիվ էին կազմում: Նրանք ապրում էին և՛ Լեռնային, և՛ Դաշտային Կիլիկիայում:

Հայկական իշխանությունների առաջացումը

Այս շրջաններում հայ իշխանների մի մասը ծառայության անցավ Բյուզանդական կայսրությունում: Այսպես Բյուզանդիան փորձում էր ամրապնդել կայսրության արևելյան սահմանները: Հայ իշխաններից մեկը՝ Ապլղարիպ Արծրունին, ով Սենեքերիմ Արծրունու հետ տեղափոխվել էր Սեբաստիա, 1042թ. նշանակվեց Կիլիկիայի կառավարիչ (ստրատեգոս): Արծրունուն էին հանձնվել Ադանա, Մսիս, Տարսոն քաղաքները, Լամբրոն և Պապեռոն բերդերը: Հետագայում Ապլղարիպ Արծրունին Լամբրոնը և շրջակա գյուղերը նվիրում է Գանձակից Կիլիկիա տեղափոխված Օշին իշխանին, որն ամուսնացել էր նրա աղջկա հետ: Այսպես Լամբրոն ամրոցում հաստատվում է Հեթումյան իշխանական տունը: Անիի Բագրատունյաց վերջին թագավորը՝ Գագիկ II-ը, հաստատվել էր Կիլիկիայի Պիզու քաղաքում: Հայ բնակչության, արքայական և իշխանական տների և հայոց եկեղեցու առկայությունը հիմք դարձավ, որպեսզի Կիլիկիայում վերականգնվի հայկական պետականությունը:

Շուտով Փիլարտոս Վարաժնունին, ով այդ շրջանում ծառայում էր բյուզանդական բանակում, Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններում հիմնադրում է ընդարձակ հայկական մի իշխանություն, որը գոյատևում է 1072-1090թթ.: Նրա կենտրոնը Մարաշ քաղաքն էր: Նա որոշ ժամանակ կարողացավ կանգնեցնել Սելջուկների առաջխաղացումը: Հյուսիսային Ասորիքում և Արևելյան Կիլիկիայում ուժեղ ու ընդարձակ մի իշխանություն հիմնադրեց նաև Գող Վասիլը: Նրա կենտրոնը Քեսուն քաղաքն էր: Այն գոյատևեց 1082-1117թթ.: Ճիշտ է, հայկական այս իշխանությունները շատ կարճ կյանք ունեցան, սակայն որոշ ժամանակ թույլ չտվեցին սելջուկներին ներթափանցել Կիլիկիա:

Հայկական պետության առաջացումը Կիլիկիայում

Ռուբենը, ով հայ իշխաններից էր, 1080թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրում է հայկական մեկ այլ իշխանություն: Նա ամրացավ Կոռոմոզոլ բերդում: Կարճ ժամանակահատվածում հայերը կարողացան բյուզանդացիներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբեն իշխանի հիմնադրած իշխանությունը կոչվում էր Ռուբինյան իշխանություն: Ռուբենին հաջորդեց նրա որդին՝ Կոստանդին I-ը: Նա կառավարեց 1095-1100թթ.: Այսպես, լուծվեց նաև կարևորագույն մի խնդիր՝ գահաժառանգության հարցը: Կոստանդինի օրոք հայկական իշխանությունն ամրապնդվեց ու հզորացավ: 1098թ. նա բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայում հայտնի դարձած Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:

Բյուզանդիայից բացի, Ռուբինյան իշխանության թշնամին էին դարձել նաև սելջուկները: Ուստի, Կոստանդինը ստիպված էր միաժամանակ պայքարել երկու թշնամիների դեմ: Խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ սելջուկներն անցնում էին արևելքով, պետք է անցնեին նաև Կիլիկիայով: 1097թ. խաչակիրների երկու բանակ մտավ երկիր և փորձեց նվաճել Դաշտային Կիլիկիայի քաղաքները: Շուտով սելջուկները Փոքր Ասիայում ստեղծեցին իրենց պետությունը՝ Իկոնիայի սուլթանությունը: Նրանք Կիլիկիայի համար դարձան շատ վտանգավոր հարևաններ: 1098թ. սելջուկները գրավեցին Եդեսիան և սպանեցին քաղաքի հայազգի կառավարիչ Թորոս Կուրապաղատին: Այստեղ հիմնեցին խաչակրաց առաջին պետությունը՝ Եդեսիայի կոմսությունը: Նույն թվականին խաչակիրները ստեղծեցին երկրորդ պետությունը՝ Անտոնիոքի իշխանությունը: 1099թ. նրանք նվաճեցին Երուսաղեմը և հիմնադրեցին Երուսաղեմի թագավորությունը: