Եղիշե Չարենց: Բանաստեղծություններ

Չգիտեմ հիմա, մոռացել եմ ես

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:

Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու:

Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
Ու աստղը ժպտա մոխրացած քարին…

Երազի պես անուշ

Երազի պես անուշ
Ինչ որ բան կա, գիտե՞ք, —
Երբ Ձեր գլուխը լույս
Դուք մերթ բռնում եք թեք —
Եվ գլխարկի կապույտ,
Թավշե ֆոնի տակից —
Ուղարկում եք անփույթ
Ժպիտները Ձեր ինձ:

Ես այնքան փո՜քր եմ դեռ

Ես այնքան փո՜քր եմ դեռ,
Երեխա եմ կարծես,-
Բայց ես սիրում եմ Ձեզ
Ու ջինջ երգերը Ձեր:

Գիտե՞ք արդյոք, որ ես
Վախենում եմ, որ Դուք
Նայում եք աչքերիս
Հայացքներով բարբոք:

Սիրում եք Դուք երգել
Սիրո երգեր հուզիչ.
— Վախենու՜մ եմ ես Ձեր
Հմայքների ուժից:

Վահան Տերյանի հիշատակին

Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին
Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր…

Հատված «Երկիր Նաիրի»-ից

Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին.— փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ, ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են — գավառական հետամնաց քաղաք։ Ե՞րբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը — աստված ինքը գիտե. բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ,— գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ։ Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ, որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել, նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն հին խրճիթներին, որքան քո քիթը, ընթերցող… էյֆելյան աշտարակին։ Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն — մի հանգամանք, որ քսաներորդ դարից է գալիս — և, որպես այդպիսին, նոր է և միանգամայն ուշագրավ։ Քաղաքի ցածլիկ տների ու խանութների միօրինակ ծովում թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն արևելյան գյուղում։ Եվ իզուր չէ, որ նաիրյան այդ քաղաքում մինչև օրս էլ մի անհուն վախով ու պատկառանքով են խոսում այն անձնավորության մասին, որն առաջին անգամ թիթեղե կտուրով է ծածկել իր երկհարկանի բնակարանը, դա բոլորին հայտնի, բոլորից հարգված, այսպես անվանված Գեներալ Ալոշն է, ութսունն անց պատկառելի մի նաիրցի, որի հետ ընթերցողը դեռ շատ առիթ կունենա հանդիպելու սույն իմ այս պոեմանման վեպում։

Եղիշե Չարենց: Ռուբայաթներ

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։

V

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:

VI

Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։

VII

Օ, խմի՛ր, խմի՛ր դու ագահ.
Օ, խմի՛ր անդադար այս հատնումը.
Կորածը— իրեն նա գտնում է,
Եվ իր այդ գտնումով — չկա։

VIII

Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։

IX

Էյ, դո՛ւ, իմաստո՛ւն վարպետ,
Որ տաշում ես, տաշում այդ քարերը.
Քո ամե՛ն մի, ամե՛ն մի զարկին
Իր նիշը արդեն նա դրել է։

X

Նա կրկին ասում է.— «Գարունը
Ծաղկելու է էգուց վարդերով իր»։
Սակայն ո՞ր արևն է հուրհուրում այդ
Եվ ո՞վ է այդ նո՜ր արտևորը…

XI

Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։

XII

Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։

XIII

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

Présidents de la France

Ես ուսումնասիրել եմ Ֆրանսիայի նախագահների գործունեությունն ու կյանքը: Գրել եմ վերջին 5 նախագահների մասին՝ խոսելով այդ ժամանակ տեղի ունեցող նախագահական ընտրությունների, նրանց քաղաքական գործունեության մասին: Պրեզենտացիայի հղումը՝https://mskh-my.sharepoint.com/:p:/g/personal/m-karina_mskh_am/EVVjLzVlIpFKmWNHiH3XkWABUxHNYU583emRHKv7OyerxQ