Եղիշե Չարենց: Ռուբայաթներ

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։

V

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:

VI

Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։

VII

Օ, խմի՛ր, խմի՛ր դու ագահ.
Օ, խմի՛ր անդադար այս հատնումը.
Կորածը— իրեն նա գտնում է,
Եվ իր այդ գտնումով — չկա։

VIII

Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։

IX

Էյ, դո՛ւ, իմաստո՛ւն վարպետ,
Որ տաշում ես, տաշում այդ քարերը.
Քո ամե՛ն մի, ամե՛ն մի զարկին
Իր նիշը արդեն նա դրել է։

X

Նա կրկին ասում է.— «Գարունը
Ծաղկելու է էգուց վարդերով իր»։
Սակայն ո՞ր արևն է հուրհուրում այդ
Եվ ո՞վ է այդ նո՜ր արտևորը…

XI

Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։

XII

Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։

XIII

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

Եղիշե Չարենց. Ո՞վ կհանդիպի

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ։
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ։

Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կhիանա անսուտ հրճվանքով։
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով։

Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին —
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին։

Գուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր—
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր։—

— Ողջո՛ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՛ւն քեզ, հեռավոր եղբայր.
— Ողջո՜ւյն ձեզ, վաղվա չծնված կյանքեր։

— Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի…

Եղիշե Չարենց. Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Եղիշե Չարենց. Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Եղիշե Չարենց. Ինչ որ լավ է…

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛

Եղիշե Չարենց. Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՛ր

Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՛ր,
Հոգնաբեկ, տխուր,— աչքերդ փակի՛ր։

Թարթիչներդ թող չթարթեն միգում,
Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր։

Կոպերիդ տակ թող երազս թաղեմ,
Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՛ր…

Եղիշե Չարենց. Հնչում են օրերը…

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…