Իմ Չարենցը

Չարենցն իմ ամենասիրելի ու ամենահարազատ հայ գրողներից է, ում ստեղծագործություններն ընթերցում եմ դեռ վաղուց, ում կյանքն ինձ անչափ հետաքրքրում է, և ում ստեղծագործություններն ինձ միշտ գրավում են։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր գրող ունեցել է հետաքրքիր և մեծ ուսումնասիրման արժանի կյանք, քանի որ ոչ բոլորն են նրանցից ապրել հեշտ կյանքով, ոչ բոլորի կյանքն է տևել երկար և այլն։ Այդ գրողների շարքին է դասվում նաև Չարենցը, ում կյանքն ինձ բավականին հետաքրքիր է, շատ եմ ուսումնասիրել ու նրան դարձրել ինձ հարազատ գրող։ Ըստ իս՝ Չարենցը հայտնի է իր սիրային պատմություններով, որոնք ստեղծվել են իր կյանքի ընթացքում, իրական, անհավանական ու բավական հետաքրքիր պատմություններ են։ Կուզեմ մի փոքր պատմել իր կյանքի, կյանքի ընթացքում ունեցած հաջողությունների ու անհաջողությունների, ինչպես նաև ձեռքբերումների մասին։ 

եղիշե Չարենցը ծնվել է Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք», — այսպես էր նկարագրում իր ծննդավայրը Չարենցը։ Երբ Չարենցը փոքր էր, հայրը նրան գումար էր տվել, որպեսզի նոր կոշիկ գնի իր համար, իսկ նա գնացել ու փոխարենը գիրք էր գնել։ Այդ մասին իմանալուց հետո հայրը բարկացել է նրա վրա, իսկ նա պատասխանել է․ «Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան խելքից»։ 

Իհարկե, Չարենցն իր իսկական ազգանունը չէ, այլ գրական անունը, որն, ըստ տարբեր վարկածների՝ ձեռք է բերել կա՛մ վաղ տարիքում չար լինելու պատճառով, կա՛մ Պուշկինի «Անչար» ստեղծագործությունից և կա՛մ Կարս եկած բժշկի պատմությունից։ Չարենցի իրական անուն-ազգանունն էր՝ Եղիշե Սողոմոնյան։ 

Վստահ եմ՝ Չարենցն այն եզակի գրողներից է, ով շատ-շատ կարևորում ու սիրում է երկիր Նաիրին, դրան է նվիրել մի ամբողջ բանաստեղծությունների ժողովածու, ունի բազում այլ ստեղծագործություններ՝ գրված այդ թեմայով, և նույնիսկ այլ ստեղծագործություններում կան հատվածներ, որտեղ կրկին բանաստեղծի կողմից հիշատակվում է երկիր Նաիրին։ Նաիրիի մասին ամենանշանակալից գործերից է «Երկիր Նաիրի» վեպը, որտեղ հեղինակն այնքա՛ն գեղեցիկ է պատկերում Նաիրյան փողոցները, բնակիչների կյանքը, որ յուրաքանչյուր ընթերցող էլ ավելի մեծ հետաքրքրությամբ է շարունակում ընթերցել վեպը։ Հատկապես նախաբանն ինձ շատ է դուր եկել՝ նկարագրությունը Նաիրիի մասին Չարենցի աչքերով։

Թողնել մեկնաբանություն