Թունավոր սնկեր

Սրանք թունավոր նյութեր պարունակող և մարդու թունավորումներ առաջացնող սնկերն են: Սակայն դրանց մեջ կան պայմանական ուտելի սնկեր (օրինակ՝ մորխերը, կաթնասնկերը), որոնց թունավոր հատկությունները համապատասխան մշակումից հետո վերանում են: 
Կենցաղում սնկերի թունավորությունը որոշելու գրեթե բոլոր նշաններն ու եղանակները (կտրելիս սպիտակ կամ կաթնանման հյութի առկայությունը, երկնագույն գունավորումը, կծու կամ տհաճ համը, սնկի եփուկում արծաթի գդալի կամ գլուխ սոխի, սխտորի սևանալը) հուսալի չեն: Միակ հուսալի միջոցը ուտելի և թունավոր սնկերի հատկությունները ճիշտ իմանալն է: 
Սնկերով թունավորման ախտանշաններ (որովայնի շրջանում հանկարծակի ցավեր, սրտխառնոց, փսխում, ուժեղ լուծ, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի նվազում) ի հայտ գալիս տուժածին պետք է փսխեցնել (շատ հեղուկներ խմեցնել), տալ լուծողական և անմիջապես դիմել բժշկական օգնության:
Ցածրակարգ սնկերի կիրառությունը կենցաղում վաղ ժամանակների պատմություն ունի: Խմորասնկերը, օրինակ, դեռևս վաղ անցյալում օգտագործվել են գինեգործության և հացաթխման մեջ: Պանրի տարբեր տեսակների ստացման համար կիրառվել են վրձնասնկերի առանձին տեսակներ: Վերջին ժամանակներս այդ սնկերի օգտագործման ոլորտներն անհամեմատ ընդլայնվել են. էական հաջողությունների է հասել սնկերից հակաբիոտիկների, վիտամինների, ֆերմենտների, տարբեր օրգանական թթուների և այլ նյութերի ստացումը:
Սնկերի մեծ մասն ուտելի է, կան նաև ոչ ուտելի սնկեր: Դրանցից են կեղծ անձրևասունկը և լեղասունկը, որոնք թունավոր չեն, սակայն ունեն տհաճ համ ու հոտ, որոնք պահպանվում են նույնիսկ երկարատև մշակումից հետո:
Բարձրակարգ սնկերը սննդում լայնորեն օգտագործվող բնական բարձրորակ սննդամթերք են: Բազմաթիվ վայրի  և մշակովի սնկերի պտղամարմինն օգտագործվում է սննդի մեջ:

Թողնել մեկնաբանություն