Համո Սահյան բանաստեղծություններ: 15. 04. 2019թ.

Դասարանային աշխատանք

Ամեն առավոտ

Ամեն առավոտ հուշերս նորից
Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն,
Ուր իմ մանկության ոտնատեղերից
Անձրևաջուր է խմում եղջերուն։

Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծվի ճախրանքին։

Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ,
Որոտանի մոր, բարդու շվաքում,
Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ,
Եվ մի փառավոր գալիք է ծաղկում։

Այն նվիրական տնակն են տանում,
Որ հետո այսքան, այսքան մեծացավ,
Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում,
Եվ անեզրական հայրենիք դարձավ:

Տնային աշխատանք
Ախր ես ինչպե՜ս
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Երկաթուղու կայարանը: Հովհաննես Թումանյան: 14. 04. 2019թ. Կիրակնօրյա ընթերցանություն

  1. Կրկնել Զահրատից և Զարիֆյանից ձեր սովորած բանաստեղծությունները։
  2. Կարդալ պատմվածքը։
  3. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

Շլապկավոր — 

Կազեթ — Լրագիր

Պախրա — Եղնիկ, եղջերու

Կխտար — Քարայծ

  1. Ո՞րն է հեղինակի ասելիք՝ պատմվածքում արտահայտված գաղափարը։

Տեխնիկական զարգացումը թվում է, թե օգուտ է տալիս, բայց նաև ունի իր վատ կողմը: Այն մարդկանց հարաբերությունների մեջ վատ բաներ է մտցնում: Հեղինակի ասելիքն այն է, որ այս աշխարհում ամեն-ինչ չէ, որ փողով չէ: 

1898 թվին նոր էր բացվել Թիֆլիսից Կարս գնացող երկաթուղին։ Լոռու գյուղերից մեկում մի իրիկնադեմ Ուհանես բիձու դռան գերանների վրա նստոտած զրույց էինք անում։ Ուհանես բիձեն մեզ պատմում էր, թե ինչպես սկսվեց երկաթուղու շինությունը։

«Մի տարի ես ու մեր Սիմոնը ներքի ճալումը ճիպոտ էինք կտրում»։— Էսպես էր պատմում նա։

«Մին էլ տեսանք մի քանի սիպտակ շլապկավոր մարդիկ ներքևից դուրս եկան ու ջուրնիվեր, ջուրնիվեր գնացին։

— Ասի՝ հե՛ Սիմոն։

— Թե՝ ի՞նչ ա։

— Ասի՝ էստեղ մի բան կա։

— Թե՝ ի՞նչ պըտի ըլիլ, ճամփորդ մարդիկ են, կարելի ա ճամփեն կորցրել են, իրենց համար գնում են։

— Ասի՝ չէ, էստեղ մի բան կա, ետնա կիմանաս։

Եկանք տեսանք Տերսանց ջաղացի կտերը մի սիպտակ փետ ա տնկած։

— Ասի՝ հե՛ Սիմոն։

— Թե՝ ի՞նչ ա։

— Ասի՝ հիմի տեսնո՞ւմ ես։

— Թե՝ էս ի՞նչ ա որ։

— Ասի՝ հալա դեռ կաց, ետնա կիմանաս․․․

Սրանից մի քանի ժամանակ անցկացավ— մին էլ տեսնենք կազեթ եկավ, թե՝ բա՜ երկաթուղու ճամփեն դեսն են տանում․․․

— Ասի՝ հե՛ Սիմոն։ — Թե՝ ի՞նչ ա։

— Ասի՝ հիմի տեսա՞ր՝ խոսքս որտեղ դուրս եկավ…

— Ա՛յ լեզուդ պապանձվեր, հա՛,— ձայն տվեց էն կողմից որսկան Օսեփը։

— Ա՛յ աղա, ընչի՞ ես էդպես ասում, ի՞նչ մի վնաս բան ա երկաթուղին,— մեջ մտան մի քանի գյուղացի։

— Վնաս չի, բա ի՞նչ ա, եկավ ձորերումը ծղրտաց, էլ պախրա չմնաց, կխտար չմնաց, ձենիցը խրտնեցին, փախան կորան։

— Պախրեն ու կխտարը չէ որ, հավատա, ես էլ կկորչեմ,— խոսքն առավ մի հովիվ, որ դագանակին հենված կանգնած էր։— Գնում եմ քարի գլխին կանգնում եմ, ձորերին մտիկ եմ անում, որ էն քարափները քանդելիս տեսնում եմ, սրտիս ծերը մղկտում ա, ոնց որ թե մարդի երեխեն թշնամու ձեռին քրքրելիս ըլեն, ու մարդ կարենա ոչ թե օգնի…

— Չէ՜, շատ բան կփչանա,– սրա հետ էլ հառաչեցին մի քանիսը։

Ու սկսվեց վեճը երկաթուղու վրա, թե երկաթուղին օգուտ էր բերելու, թե վնաս։

Էդ վեճի ժամանակ երկաթուղու գծի վրա աշխատող օտարականներից մինը ձորիցը դուրս եկավ ու մոտեցավ մեզ։

— Բարի իրիկուն ձեզ։

— Աստծու բարին, ուստա։

— Ինձ մի չափ ալյուր է հարկավոր, ձեզանից ո՞վ ալյուր կծախի,— դիմեց օտարականը ամենքիս։

— Ո՞րտեղացի ես, ուստա,— հարցրեց Ուհանես բիձեն։

— Օսմանլվի հողիցն եմ։

— Ուհանես բիձա, հալա մի հարցրու տես ո՞ր քաղաքիցն ա,— խնդրեց մի գյուղացի։

— Քու քաղաքի անունն ի՞նչ ա, բարեկամ,— կրկին հարցրեց Ուհանես բիձեն։

— Սըվազ։

— Սըվա՜զ,— երկարացնելով ու խորհրդավոր կրկնեց Ուհանես բիձեն։

— Ի՞նչ ասավ, Ուհանես բիձա։  — Սըվազ…

— Պա՛հ, քու տունը չքանդվի…— ծափ տվին ու ծիծաղեցին մի քանի գյուղացի։

— Էնտեղից էստեղ քանի՞ ամսվա ճանապարհ է,— շարունակում էր իր հարցուփորձը Ուհանես բիձեն։

— Երեք ամսվա։

— Պա հո՜…— միաբերան զարմացան ամենքը։

— Համեցեք, ղարիբ ախպեր, նստի, հաց բերեն, հաց անուշ արա։

— Չէ՛, շնորհակալ եմ, վռազ եմ. ձեզանից ո՞վ ալյուր կծախի, մի չափ ալյուր տա՝ գնամ։

— Ախչի, մի չափ ալյուր դուրս բերեք,— դռնից ձեն տվեց Ուհանես բիձեն,— գլուխ-գլուխ լցրեք։

Հարսներից մինը մի չափ ալյուր դուրս բերեց, ուզեց դատարկի մեջը, բայց նա թող չարավ։

— Ի՞նչ արժե…

— Ածա, դեռ ածա տոպրակիդ մեջը։

— Չէ, առաջ մի գինն իմանանք։

— Դեռ ածա, հետո կիմանաս, թե որ թանգ ըլի, դարտակելը հեշտ ա։

Ուստեն իր տոպրակը բաց արավ, հարսն ալյուրը մեջը դատարկեց ու գնաց։

— Դե հիմի ի՞նչ տամ,— հարցրեց ուստեն՝ ծոցից քսակը հանելով։

— Ոչինչ, ուստա, ոչինչ չի հարկավոր, քեզ փեշքեշ, մեր աշխարքումը ղարիբից հացի փող չեն առնիլ, էդ տեսակ ադաթ չկա…— ասավ Ուհանես բիձեն ու շարունակեց իր չիբուխը ծխել։

Ուստեն մի քիչ շփոթվեց, չեմ ու չում արավ ու գնաց։

Ուստի գնալուց հետո մի կարճատև լռություն տիրեց, ապա թե խոսեց մի գյուղացի.

— Էն օրը մինն եկել ա, թե՝ մածոն եմ ուզում։ Հարսները մածոն դրին առաջին, կերավ պրծավ, հիմի վեր ա կացել, թե՝ ի՞նչ արժե…

— Ասում եմ՝ ի՞նչը…

Թե՝ մածոնը…  — Ասի՝ ա՛յ մարդ, գլխիցս քաշվի, էդպես բաներ մի խոսիլ, թե չէ՝ ոչխարի էլած կաթն էլ կցամաքի…

— Ա՜յ տղա, բա ի՞նչպես անենք… էն լա՞վ ա, որ ով գա մուֆտա ուտի ու տանի՞… էս վրա քանիսն են գալի, գիտե՞ս, թե չէ… էն օրը մնին էլ ես եմ մի խան ալյուր չափել տվել… էդ ո՞ւր կերթա,— մեջ ընկավ Ուհանես բիձու փոքր ախպերը։

— Որ գա՝ մին էլ տուր…— գլուխը վեր քաշելով հանդարտ խոսեց Ուհանես բիձեն։

— Օջախդ շեն կենա,— վռչացին մի քանի ծերեր։

— Աչքս լուս էլի՜. Սըվազից սկսած ով գա՝ չափի տուր, կասես ես նրանց համար եմ աշխատել… Ով գալիս ա՝ բարով, հազար բարի, բան ա ուզում՝ փողը բերի՝ տանի…

Ու սկսեցին վիճել։ Ուհանես բիձեն էլ տաքացավ, աղմուկը մեծացավ։

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…— ձորերում սուլում էր երկաթուղին։

Նոր էր մտել նա մեր ձորերը։

Հայոց լեզու, գրականություն: 15. 04. 2019թ. Համո Սահյանի կենսագրություն

  1. Քննարկել Հովհ. Թումանյանի «Երկաթուղու շինությունը»պատմվածքը:
  2.  Ծանոթանալ Համո Սահյանի կենսագրության հետ: Դուրս գրել կենսագրության ձեր կարևորած հատվածները:

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բասնաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 

1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 

1935  թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող:

Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին  (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։

Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Ստեփան Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր.

Դուք հոր նման խիստ եք եղել,

Ու հոր նման ներող,

Ձեր խորհուրդը խորն է եղել

Ու խրատը՝ գերող։

1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։

Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Նրա աճյունը տեղ է գտել Կոմիտասի անվան պանթեոնում։

2014 թվականի ապրիլի 14-ին՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի գյուղում՝ Լորում բացվել է տուն-թանգարան։ Թանգարանը երկհարկանի է, առաջին հարկում ցուցադրված են գյուղացիների կենցաղային իրերը, երկրորդ հարկում՝ Համո Սահյանի անձնական իրերը, բանաստեղծությունների ժողովածուները։ Ներկայումս թանգարանը շարունակում է համալրվել նոր ցուցանմուշներով։

Համո Սահյանի անունն է կրում Երևանի Արաբկիր վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի №70 հիմնական դպրոցը։

Սիսիանում կա նաև Համո Սահյանին նվիրված հուշարձան։

2007 թվականին Երևանի Կասյան փողոցում տեղադրվել է Համո Սահյանի հուշատախտակը, որի քանդակագործն է Գետիկ Բաղդասարյանը։

1975 թվականին գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանը վրձնել է Համո Սահյանի դիմանկարը, որը գտնվում է Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում: