Ոսկե ժամը

<<Ոսկե ժամն>> օրվա իմ ամենասիրելի ժամանակահատվածն է։ Այն կոչվում է նաև կախարդական ժամ՝ իր յուրահատուկ գույնի ու կախարդանքի նմանվող տեսարանի շնորհիվ։ Օրվա ընթացքում կարող եք ականատես լինել դրան երկու անգամ, այն էլ՝ շատ կարճ ժամանակով՝ արևաձագից մի փոքր անց կամ մայրամուտից առաջ։ Օրվա այդ ժամանակահատվածում երկինքը կարծես կախարդվում է՝ դառնալով ոսկեգույն, ստանալով գույների հետաքրքիր երանգ, ինչպիսիք են ոսկեգույնը, դեղինը, և նույնիսկ վարդագույնը։ Գրեթե ամեն առավոտ մինչ արևածագը ինքս եմ տեսնում, թե ինչպես են փոքրիկ ամպերը դառնում բաց վարդագույն՝ հասկանալով, որ այդ օրվա <<ոսկե ժամը>> մոտենում է։ Երեկոյան, արևի մայր մտնելու ժամանակ այն նույնպես տեսանելի է դառնում։ Ճիշտ է, օրվա ընթացքում այն տևում է մի քանի րոպե, սակայն այդ րոպեների ընթացքում ականատես ենք լինում աննկարագրելի գեղեցիկ մի տեսարանի, երբ երկինքն իր սովորական տեսքից էլ ավելի յուրահատուկ է դառնում, և երբ այն կախարդվելով ստանում է ոսկեգույնի տարբեր երանգներ։ Իսկ այդ ամենից հետո, արևը լիովին մայր է մտնում, երկինքը դառնում է էլ ավելի պարզ ու խաղաղ, իսկ ոսկեգույնն այդժամ իր տեղը փոխանցում է պա՛րզ կապույտ գույնին, որն էլ կոչվում է <<կապույտ ժամ>>։

Թողնել մեկնաբանություն