Առակների քննարկում: Մարտի 21

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ
ՋԱՅԼԱՄՆ ՈԻ ԾԻՏԸ

Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ–մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:

Ջայլամն ասաց.

– Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում։

Կարծելով թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ ու մեռավ։ Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը։

Առակի իմաստն այն էր, որ փոքրերը տեսնելով, թե մեծերն ինչ են անում, ցանկանում են նրանք էլ անել, առանց մտածելու, որ նրանք չեն կարող: 

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ – ԿՏԱԿ ԳԱՆՁԻ ՄԱՍԻՆ

Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ։ Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.

— Ո՜վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը։ Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի։

Եվ հոր մահից հետո որդիները սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը։

Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց, գանձերով։

Որդիները մտածելով, որ գանձեր կան հողի տակ, փորեցին և առատ բերք տվեց նրանց այգին և շատ բերք ունեցան: 

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ – ԻՄԱՍՏՈՒՆ ԶԻՆՎՈՐԸ

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.

— Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։

Եվ նա ասաց.

— Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։

Եթե մարդ կամքի ուժ ունենա և հավատա իր սեփական ուժերին, նա ամեն դժվարություն կհաղթահարի: 

ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու որդիները մշտապես վիճում էին իրար հետ: Հայրն անընդհատ համոզում էր նրանց, որ հաշտ ու խաղաղ ապրեն, բայց ոչ մի խոսք չէր ազդում: Եվ նա որոշեց օրինակով համոզել. կարգադրեց մի խուրձ շիվ բերել: Երբ բերեցին, կապված շիվերը տվեց նրանց և առաջարկեց ջարդել: Շատ չարչարվեցին, բայց իզուր:
Հայրն արձակեց խուրձը և շիվերը մեկ-մեկ տվեց որդիներին, որոնք առանց դժվարության ջարդեցին շիվերը:
Եվ գյուղացին ասաց.
– Այդպես էլ դուք, զավակնե՛րս, եթե իրար հետ հաշտ լինեք, ոչ մի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտվեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի ձեզ:

Առակի իմաստն այն է, որ համերաշխությունը անհաղթելի է: 

Թողնել մեկնաբանություն