Դեղաբույսեր

Բուժիչ հատկություններ

Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են նրանց օրգաններում առկա քիմիական տարբեր բաղադրության օրգանական նյութերով (ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնիններ, եթերայուղեր, ֆլավոնիդներ, աղաղանյութեր, վիտամիններ և այլն), որոնք ֆիզիոլոգական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա։ Բույսերում առաջացող կենսաբանական ակտիվ նյութերը կենդանի օրգանիզմի նյութափոխանակության արդյունք են, ուստի ավելի բնական ձևով են մասնակցում մարդու օրգանիզմի կեևսաքիմիական և այլ կենսաբանական շարժերին։ Բույսերում պարունակվող որոշ նյութեր ազդում են սպիտակուցների կենսասինթեզի վրա, պայմաններ ստեղծում իմունային մարմինների սինթեզի համար, բարձրացնում օրգանիզմի պաշտպանական ռեակցիաները, ֆերմենտների ակտիվությունը և այլն։

Հայաստանի դեղաբույսեր

ՀՀ ֆլորայում տարածված դեղաբույսերը կարելի է խմբավորել մարդու օրգանիզմի վրա ունեցած առավելագույն ներգործությամբ. սիրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում գործածվող դեղաբույսերից են կուժկոտրուկը, ծխաբույսը, եղեսպակը, մատնոցուկը, գազը, նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում՝ շիկատակը, սև բանգին, կատվախոտը, դաղձը և այլն։ Արյան բարձր ճնշումն իջեցնող միջոց են սխտորը, հովվամաղախը, մորենին, ընկուզենին և այլն։ Միզամուղ հատկություն ունեն կուժկոտրուկը, կռատուկը, ճարճատուկը, դաշտային ձիաձետը, գիհին, եգիպտացորենը և այլն։ Լեղամուղ են մասրենին, կանթեղախոտը, անթառամը, գաղձը և այլն։ Ստամոքսի հիվանդությունների դեպքում օգտագործում են տուղտը, նշենին, հորթալեզուն, ոսկեհազարուկը, հոնը, մատուտակը, եզան լեզուն, խատուտիկը, շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում՝ տուղտը, խուլեղինջը, դաղձը, ուրցը, տատրակը և այլն։ Քրտնաբեր հատկություններ ունեն ազնվամորին, թանթրվենին, լորենին և այլն։ Ցավամոքիչ են ընձախոտը, շիկատակը, սև բանգին, կակաչը, արջընկույզը և այլն։

Թողնել մեկնաբանություն