Առակների վերլուծություն. Երկրորդ մաս

Գիտակցության սահմանը

Մի մարդ հարցրեց գիտեցողին.
— Իմ գիտակցությունը սահման ունի՞:
— Ինչպե՞ս բացատրեմ քեզ, — պատասխանեց գիտեցողը:-Նայի՛ր երկնքին առավոտյան, դու կտեսնես նրա սահմանը որպես կապույտ գույն և կտեսնես սահմանի պահապաններին` ամպերին: Նայի՛ր երկնքին գիշերը, և դու կտեսնես, որ սահմանը տեղաշարժվել է անսահման հեռավորության վրա, և դրա վկաները երկնային լուսատուներն ու աստղերն են, ինչպես նաև բազմաթիվ ուսյալ աստղագետները: Միայն լուսավորությունը փոխվեց, բայց ինչպիսի՜ էֆեկտ:

Ամեն տարիքում մենք բացահայտում ենք ավելին, քան մինչ այդ գիտեինք: Իսկ մինչև մեր ավելին իմանալը, մենք անգամ պատկերացում չենք կաորղ ունենալ դրա գոյության մասին: Մեզ միշտ թվում է, թե մեր գիտակցության սահմանը սահմանափակ է, սակայն դա այդպես չէ:

Խորհուրդ երիտասարդ աղջկան

Երիտասարդ աղջիկը եկավ իմաստունի մոտ խորհրդի:
— Երկու հոգի իմ ձեռքն են խնդրում: Բայց ես չգիտեմ` ինչ անեմ, ախր սիրտս մի բան է հուշում, իսկ միտքս` լրիվ այլ բան:
— Սրտիդ ձայնո՛վ առաջնորդվիր: Այդժամ նույնիսկ նրանից բաժանվելու դեպքում դու կարող ես ասել «Ես նրան սիրում էի» վսեմ խոսքերը, այլ ոչ թե հիասթափությամբ լի. «Ես հիմար էի…»:

Միշտ պետք է առաջնորդվել սրտի ուզածով: Շատ հնարավոր է, որ միտքդ ավելի ճիշտ լինի տվյալ պահին, սակայն եթե դու չես ուզում, և եթե սիրտդ այլ բան է ուզում, դու պարտավոր ես լսել սրտիդ, որ հանկարծ հետո չփոշմանես:

Սա՛ էլ կանցնի

Մի հզոր թագավոր, որ իրեն շրջապատել էր բազմաթիվ իմաստուններով, կանչում է նրանց ու ասում.
— Ուզում եմ մի այնպիսի մատանի ունենալ, որը հոգուս ինչ-որ առանձնահատուկ խաղաղություն բերի և այնպիսի զորություն ունենա, որ դժբախտության ժամին ուրախացնի ինձ, իսկ ուրախության ժամին թախիծով պարուրի:
Որոշ ժամանակ խորհելուց հետո իմաստունները գտնում են ելքը և թագավորին են հրամցնում մի մատանի, որի վրա գրված էր. «Սա՛ էլ կանցնի»:

Կյանքում ամեն բան անցողիկ է՝ և՜ ուրախությունը, և՜ տխրությունը: Ամեն բան էլ ժամանակի ընթացքում անցնում ու գնում է, ու ոչինչ էլ հավերժական չէ:

Հավատարմության պատվար

Տիրակալը հարցնում է իմաստունին.
— Ինչպե՞ս ճանաչենք դավաճանության բույնը և հավատարմության պատվարը:
Իմաստունը ցույց է տալիս հեծյալների խումբը և ասում.
— Ահա՛ դավաճանության բույնը:
Հետո ցույց է տալիս միայնակ մի ճամփորդի և ասում.
— Ահա՛ հավատարմության պատվարը, քանի որ միայնակին ոչ ոք չի դավաճանի:
Եվ այդ օրվանից տիրակալն իրեն շրջապատում է հավատարմությամբ:

Իմաստուն զրույց

Մի Ուսուցիչ կանչվում է պալատ` թագավորի հետ իմաստուն զրույց վարելու: Նա արքային ու գահասրահը զննելուց հետո սկսում է խոսել տիրակալի թագի գեղեցկության, թանկարժեք քարերի փայլի, ոսկյա զարդերի խորհրդանշական իմաստի մասին: Ուսուցչին ուղեկցող աշակերտները մնում են զարմացած: Պալատից հեռանալուց հետո նրանք հարցնում են, թե ինչու Ուսուցիչը թագավորի հետ չխոսեց տիեզերածնության մասին:
— Եթե խոսեի այդ թեմայով, թագավորը կա՛մ կձանձրանար, կա՛մ կհուսահատվեր: Խոսելուց առաջ մշտապես իմացեք, թե ի՞նչն է ձեր զրուցակցի ամենաթանկագին գանձը և խոսեք դրա բարձր նշանակության մասին: Միայն այդ միջոցով կարող եք զրույցը հրապուրիչ դարձնել և ճանապարհ բացել նրա հետագա շարունակության համար: Իմաստուն չէ այն ուսուցիչը, ով խոսելիս հաշվի չի առնում ունկնդրի գիտակցության մակարդակը:

Յուրաքանչյուր մարդ սիրում է լսել այն, ինչ ցանկանում է, և ինչն իրեն դուր է գալիս:

Ամենադժվարը նաև ամենահասանելին է

Հետապնդվող ձիավորը նետվում է գետի ամենալայն տեղը: Հետապնդողը կանգ է առնում` կարծելով, թե ջուրը նետված ձիավորը կխեղդվի, բայց նա բարեհաջող կերպով դուրս է գալիս մյուս ափ: Հետապնդողը նույնպես որոշում է անցնել մյուս ափ, և որպեսզի ժամանակ չկորցնի, փորձում է գետն անցնել ամենանեղ տեղից, սակայն ջրասույզ է լինում ու խեղդվում. գետը վտանգավոր է ամենանեղ տեղում:
Թեթևության, դյուրինության պատրանքի որոնումները սխրանքի չեն հասցնում: Ամենադժվարը նաև ամենահասանելին է:

Եթե ուզում ես հասնել շատ մեծ մի նպատակի, պետք է ճանապարհն անցնես մեծ դժվարությամբ՝ դա անխուսափելի է: Հակառակ դեպքում, երբ ծուլանաս, քեզ համար նպատակդ կդառնա անհասանելի:

Բնություն

Դասախոսը պնդում էր, որ զինատեսակների կատարելագործմանն ուղղվող վիթխարի միջոցների մի փոքրիկ մասը բավական կլիներ մարդկության բոլոր նյութական պրոբլեմները լուծելու համար:
Ինչպես և կարելի էր սպասել, դասախոսությունից հետո ուսանողները հարցրին.
— Ինչու՞ են մարդիկ այդքան հիմար:
— Որովհետև, — լրջորեն պատասխանեց վարպետը, — նրանք սովորել են կարդալ տպագրված գրքերը և կատարելապես մոռացել են, թե ինչպես կարդալ չտպագրված գրքերը:
— Մեզ համար չտպագրված գրքի օրինա՛կ բեր:
Բայց Վարպետը ոչինչ չպատասխանեց:
Մի անգամ, աշակերտների համառությանը տեղի տալով, Վարպետն ասաց.
— Թռչյունների ճռվողյունը, միջատների բզզոցը Իսկությունն են հռչակում: Խոտերը ու ծաղիկները մատնանշում են Ուղին: Լսե՛ք: Դիտե՛ք: Ահա, թե ինչպես պետք է կարդալ:

Երկու ընկեր

Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, գրեց ավազի վրա.«Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց»:
Շարունակեցին ճանապարհը, գտան օազիս և որոշեցին լողանալ: Նա ով ապտակ էր ստացել փրկվեց խեղդվելուց, ընկերը փրկեց: Երբ ուշքի եկավ, գրեց քարի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց.
-Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչու՞:
Ընկերը պատասխանեց.
-Երբ մեզ նեղացնում են, մենք պետք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջեն: Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրել, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:

Երբ որևէ մեկը ձեզ բարկացնում կամ վիրավորում է, մոռացե՜ք և ուշադրություն մի՜ դարձրեք: Սակայն երբ անգամ մի փոքրիկ լավություն են անում, օգնում են և աջակցում, դուք պետք է այն երբեք չմոռանաք:

Առակ երեք մաղերի մասին

Մի մարդ հարցրեց Սոկրատին:

-Գիտե՞ս, թե քո մասին ինչ է պատմել ընկերդ:

-Սպասի՛ր,- կանխեց նրան Սոկրատը,- ասելիքդ նախ երեք անգամ մաղիր երեք մաղով։

— Երեք մաղո՞վ:

-Մի բան ասելուց նախ պետք է երեք մաղով մաղես: Սկզբում` ճշմարտության. դու համոզվա՞ծ ես, որ դա ճիշտ է:

— Ոչ, ես ուղղակի լսել եմ դա:

— Այսինքն` դու չգիտես, դա ճիշտ է, թե՞ ոչ: Ուրեմն կմաղենք երկրորդ՝ բարության մաղով: Դու ուզում ես իմ ընկերոջ մասին լա՞վ բան ասել:

-Ո՛չ, ընդհակառակը:

-Այսինքն,- շարունակեց Սոկրատեսը,- դու ուզում ես իմ ընկերոջ մասին վատ բան ասել, բայց անգամ համոզված չես, թե դա ճիշտ է: Այդ դեպքում փորձենք երրորդ՝ օգուտի մաղը: Արդյո՞ք շատ անհրաժեշտ է, որ ես դա լսեմ:

-Ոչ, առանձնապես անհրաժեշտ չէ:

-Այսպես,- ամփոփեց Սոկրատեսը,- ասելիքիդ  մեջ, ինչը ուզում էիր ասել, չկա ո՛չ ճշմարտություն, ո՛չ բարություն և ո՛չ էլ օգուտ: Այդ դեպքում ինչո՞ւ ասել:

Թողնել մեկնաբանություն