Առակների վերլուծություն. Առաջին մաս

Առակ կյանքի մասին

Երիտասարդ աղջիկը գալիս է հոր մոտ և սկսում նեղսրտել. «Հա՛յր, հոգնել եմ, այնքան ծանր կյանքով եմ ապրում, այնքան դժվարությունների ու փորձությունների միջով եմ անցնում, որ կարծես միշտ լողում եմ հոսանքի դեմ: Այլևս ուժ չունեմ… ի՞նչ անեմ»: Հայրը պատասխանի փոխարեն, ջրով լցված 3 հավասարաչափ կաթսա է դնում կրակի վրա, ապա մեկի մեջ գցում է գազար, մյուսի մեջ` ձու, իսկ երրորդի մեջ սուրճ է լցնում:
Որոշ ժամանակ անց նա կաթսայից հանում է գազարն ու ձուն, երրորդ կաթսայից լցնում սուրճը մի բաժակի մեջ և հարցնում աղջկան.
-Ի՞նչ է փոխվել:
– Ձուն և գազարը եփվեցին, իսկ սուրճը լուծվեց ջրում, – պատասխանում է աղջիկը:
– Ո՛չ, դուստր իմ, դա միայն մակերեսային հայացք է իրերի վրա, — ասում է հայրն ու բացատրում, -Տե՛ս, պինդ գազարը, մնալով ջրի մեջ, դարձավ ավելի փափուկ ու ճկուն: Փխրուն ու հեղուկ ձուն դարձավ պինդ: Արտաքնապես դրանք չփոխվեցին, այլ միայն իրենց կառուցվածքը փոխեցին արտաքին հավասար անբարենպաստ պարագաների ազդեցության տակ`եռացող ջրի մեջ…Շարունակելով միտքը` հայրը եզրափակում է ասածը. «Այդպես և մարդիկ են. արտաքնապես ուժեղները կարող են թուլանալ ու տկարանալ այնտեղ, որտեղ նուրբ ու փխրուն մարդիկ դառնում են ավելի ուժեղ…»:
-Իսկ սո՞ւրճը, – զարմացած հետաքրքրվում է դուստրը:
– Սուրճն ամենահետաքրքիրն է: Այն ամբողջությամբ լուծվեց նոր` թշնամական կամ խորթ միջավայրում` նրան դարձնելով եռացած համեղ ըմպելիք: Այնպես որ, աղջի՛կս, կան յուրահատուկ մարդիկ, ովքեր իրենք են փոփոխում միջավայրը և ոչինչից ստեղծում են նորն ու գեղեցիկը` քաղելով իրավիճակից օգուտ և գիտելիքներ, – դստեր գլուխը շոյելով` հայրը տվեց հուսահատ դստեր հարցի պատասխանը:

 Ինչ է սերը

— Ի՞նչ տարբերություն «դուր է գալիս» և «սիրում եմ» արտահայտությունների միջև։

— Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու այն պոկում ես, իսկ երբ սիրում ես ծաղիկը, դու ամեն օր ջրում ես այն։

Առակի իմաստն այն է, որ եթե դու սիրում ես որևէ բան, դու հոգ ես տանում դրա մասին, խնամում ես ու ամեն բան անում դրա համար:

Ընկերները

Իմաստուն մարդուն հարցրեցին. «Ընկերության քանի՞ տեսակ գոյություն ունի»:
— Չորս, — նա պատասխանեց, — կան ընկերներ, որոնք ասես սնունդ լինեն. դու նրանց կարիքն ունես ամեն օր։ Կան ընկերներ, ովքեր դեղի նման են. փնտրում ես նրանց, երբ քեզ վատ ես զգում։ Կան ընկերներ, որոնք ասես հիվանդություն լինեն. նրանք իրենք են քեզ փնտրում։
Կան նաև այնպիսի ընկերներ, որոնք օդի նման են. նրանց չես տեսնում, սակայն նրանք միշտ քեզ հետ են։

Գոյություն ունի ընկերության չորս տեսակ՝ ընկերներ, որոնց հիշում ես միայն բարդ իրավիճակներում: Ընկերներ, որոնք քեզ հիշում են այն ժամանակ, երբ դժվարության մեջ են հայտնվում: Ընկերներ, որոնց կարիքը դու միշտ ունես և ուզում ես կողքիդ լինեն: Եվ կան իսկական ընկերներ, որոնք միշտ միասին են ամեհ պահի, նրանք միշտ քեզ հետ են ու քո կողքին: Քեզ հետ են նաև հոգեպես՝ երբ անգամ այդ պահին ֆիզիկապես քո կողքին չեն գտնվում:

Ինչով է լցված հոգին

Մի անգամ մի քանի մարդիկ սկսեցին դիտմամբ բարձրաձայն քննադատել մի իմաստուն մարդու, երբ նա քայլում էր նրանց փողոցով։ Նա ամեն ինչ լսեց, սակայն նրանց պատասխանեց ժպիտով և առողջություն մաղթեց։ Ինչ-որ մեկը հարցրեց նրան.
— Դու ժպտացիր ու այս մարդկանց առողջություն մաղթեցիր, մի՞թե նրանց նկատմամբ չարություն չես զգում։
Տղամարդը պատասխանեց.
— Երբ ես շուկա եմ գնում, ես կարող եմ ծախսել միայն այն, ինչ կա իմ դրամապանակում։ Այդպես է նաև մարդկանց հետ շփման ժամանակ. ես կարող եմ տալ միայն այն, ինչով լցված է հոգիս։

Մարդը դիմացինի հետ վարվում է այնպես, ինչով իր հոգին է լցված: Այսինքն որքան էլ վատ վարվեն քեզ հետ, դու ունենալով լավ բնավորություն՝ նույն կերպ չես կարողանում վարվել նրա հետ:

Իրականություն

Ճամփի եզրին մի չորացած ծառի բուն էր կանգնած: Գիշերվա մթության մեջ ճամփով մի գող անցավ, վախեցավ.ծառի բունը նրան ոստիկան թվաց: Հետո մի սիրահարված տղա անցավ, սիրտը թրթռաց. կարծեց`սիրած աղջիկն է կանգնած: Հեքիաթների սյուժեներից սարսափած երեխան ծառը ուրվականի տեղ դրեց ու լաց եղավ: Բայց բոլոր դեպքերում էլ ծառը նույն ծառն էր: Աշխարհը մեզ թվում է այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք:

Յուրաքանչյուրս տարբեր ձև ենք ընկալում յուրաքանչյուր երևույթ, չնայած որ այն նույնն է ու անփոփոխ:

Դեպի Աստված տանող ճանապարհը

Մի մարդ գնում է մեծ ուսուցչի մոտ.
— Ես ուզում եմ սիրել Աստծուն. ինձ ճանապարհ ցույց տուր, — ասում է նրան:
Ուսուցիչը հարցնում է.
— Ասա՛ ինձ` նախկինում սիրե՞լ ես որևէ մեկին:
-Աշխարհիկ գործերը, սերն ու մյուս բաներն ինձ չեն հետաքրքրում. ես ուզում եմ Աստծուն նվիրվել:
— Լա՛վ մտածիր, խնդրում եմ. սիրե՞լ ես թեկուզ մի կնոջ, թեկուզ մի երեխայի, գոնե ինչ-որ մեկին:
Մարդը պատասխանում է.
— Արդեն ասացի` ես կրոնասեր մարդ եմ, այլ ոչ թե սովորական աշխարհական, ես ոչ մեկին չեմ սիրում: Ինձ ցույց տուր դեպի Աստված տանող ճանապարհը:
Ուսուցիչն սկսում է հեկեկալ, արցունքները հոսում են նրա աչքերից, և նա ասում է.
— Այդ դեպքում ուզածդ անհնար բան է: Նախ` պետք է սիրես որևէ մեկին. դա առաջին աստիճանն է: Դու հարցնում ես վերջին աստիճանի մասին, երբ առաջինին դեռ ոտք չես դրել: Գնա՛ ու սիրիր մեկին:

Առանց սիրո չես կարող լինել Աստծո կողքին, քանի որ Աստված իր մեջ հենց ամենաշատ սերն ունի և բոլորին ընդունում է իր սիրով: Աշխարհում ոչինչ չսիրելով՝ Աստված քեզ չի ընդունի:

Պատճառի իմացությունը

Լե-ցզին կրակել էր սովորում: Նրա դիպուկ կրակոցից հետո ուսուցիչը հարցնում է.
— Գիտե՞ս` ինչու դիպար նշանակետին:
— Չգիտեմ:
— Ուրեմն դեռ վարպետության չես հասել:
Լե-ցզին գնում է, երեք տարի ևս մարզվում: Ուսուցիչը նորից է հարցնում.
— Գիտե՞ս արդյոք, թե ինչու կրակոցդ դիպուկ ստացվեց:
— Գիտեմ, — պատասխանում է Լե-ցզին:
— Հիմա արդեն հասել ես վարպետության, քանի որ իմաստուն մարդը գիտի ոչ միայն կյանքն ու մահը, այլև դրանց պատճառները:

Լռություն

Երբ Բուդդան անցնում էր մի գյուղով, նրա հակառակորդները հավաքվում են և սկսում Բուդդային վիրավորել: Նա շատ հանգիստ լռում էր: Վիրավորողներն ընկնում են հիմար կացության մեջ. չգիտեին  ինչպես վարվել: Նրանցից մեկը դիմում է Բուդդային.
— Դու, ինչ է, չե՞ս հասկանում, որ քեզ վիրավորում ենք:
— Հասկանում եմ և դրա համար էլ լռում  եմ, — պատասխանում է Բուդդան: — Եթե տաս տարի առաջ այդպես վարվեիք, ես կհարձակվեի ձեզ վրա. այն ժամանակ չեի հասկանում: Հիմա հասկանում եմ: Ձեր հիմարության պատճառով չեմ կարող  ինքս ինձ պատժել: Դուք եք որոշում` վիրավորե՞ք  ինձ, թե՞ ոչ: Բայց կընդունե՞մ ձեր վիրավորանքները, թե ոչ` դա արդեն իմ գործն է: Դուք չեք կարող ինձ հարկադրել, որ ընդունեմ: Ես դրանցից պարզապես հրաժարվում եմ, տալիս եմ ձեզ, դրանք իմ ուշադրությանն արժանի չեն:

Կարծում եմ՝ հաղթանակի լավագույն միջոցը լռությունն է: Բոլորը սպասում են, որ դիմացինը իրեն կպատասխանի նույն կերպ, ինչպես իրենք են վարվում մյուսների հետ: Սակայն այդպես վարվելը շատ սխալ է, լռելը՝ միանգամայն ճիշտ:

Երջանկությունը դրամի մեջ չէ

Աշակերտը հարցնում է Ուսուցչին. «Ճի՞շտ է արդյոք այն խոսքը, թե երջանկությունը դրամի մեջ չէ»: «Բացարձակապես ճիշտ է, — պատասխանում է Ուսուցիչը, — քանի որ դրամով կարելի է գնել անկողին, բայց ոչ քուն, ուտելիք, բայց ոչ ախորժակ, դեղորայք, բայց ոչ առողջություն, ծառա, բայց ոչ բարեկամ, կին, բայց ոչ սեր, բնակարան, բայց ոչ ընտանեկան օջախ, ուսուցիչ, բայց ոչ գիտելիք… Թվարկումը կարելի է երկար շարունակել»:

Սա շատ արդիական թեմա է և բոլորը պետք է հասկանան, որ երբեք մարդուն չի կարող երջանկացնել փողը՝ գումարով գնված յուրաքանչյուր բան: Գումարով գնված շատ բաներ կուրախացնեն մարդուն, սակայն չեն կարող երջանկացնել: Առակը շատ մեծ խորհուրդ ուներ, պետք է այն ճիշտ հասկանալ:

Գիրքը

Մահվան անկողնում Ուսուցիչը կանչում է իր աշակերտներին, բարձի տակից հանում մի գիրք և դիմում ամենալավ աշակերտին.
— Պահպանի՛ր այս գիրքը.  այստեղ գրի է առնված իմ ուսմունքը:
— Աշակերտը վերցնում է գիրքը և գցում կրակը: Ուսուցիչը ձեռքը դնում է աշակերտի գլխին և օրհնում նրան.
— Դու ճիշտ ես հասկացել իմ ուսմունքը. ոչ ոք չպիտի հետևի մեկ ուրիշին, ամեն մարդ պիտի գնա իր հոգու ճանապարհով: Գիրքը դատարկ էր, այնտեղ ոչինչ չկար գրված:

Ոչ ոքի օրինակին հետևել պետք չէ, դու պետք է քո սեփականը ստեղծես: Այսպես է, քանի որ դու համոզված չես, որ դիմացինդ, ում դու վստահում ես՝ շատ ճիշտ է: Ամեն մարդ պետք է մտածի և քայլի իր ձևով:

Ո՞րն է տարբերությունը

Մի անգամ Բոդհիդհարմային հարցրեցին, թե ինչ տարբերություն կա մեծ իմաստունի կյանքի և սովորական մարդու կյանքի միջև: Նա պատասխանեց.
— Սովորական մարդու կարծիքով իմաստունի կյանքում ոչ մի արտասովոր բան չկա, իսկ իմաստունը սովորական մարդու կյանքում էլ ինչ — որ սրբազան բան է տեսնում:

Իմաստուն մարդիկ ամենուր կարողանում են նկատել գեղեցիկը, նկատում են այն, ինչը մյուսների համար շատ սովորական երևույթ է:

Բավարարվածը

Մի տիրակալ կամենում էր գտնել բավարարված մարդու: Երկարատև որոնումներից հետո վերջապես գտան այդպիսի մեկին. նա խուլ էր, համր ու կույր:

Այդպիսի մարդը ստեղծում է իր աշխարհը, չի տեսնում աշխարհում տեղի ունեցող վատ բաները, չի նկատում ոչ մի բացասական բան և կարողանում է ստեղծել այն, ինչ նրան դուր է գալիս:

Բարի՛ դարձիր

Աշակերտը հարցնում է Ուսուցչին, թե ուսմունքն ինչպե՞ս կիրառի կյանքում:
Ուսուցիչը պատասխանում է.
— Նախ` բարի՛ դարձիր: Բարությունը գերբնական շնորհք մի՛ համարիր: Թո այն լինի քո օջախի կայծը, նրանո՛վ վառիր կրակդ, և կրակիդ բոցերն այրող չեն լինի:

Յուրաքանչյուր պահի դու կարող ես հասնել ուզածիդ քո բարության շնորհիվ: Մի մարդ, ով իր մեջ չունի գոնե մի փոքր բարություն, նա չի կարող հասնել որևէ բանի: Բարի՜ եղեք, դա ամենակարևորն է աշխարհում:

Դիպլոմատիա

Մի երկրի տիրակալ սարսափելի երազ է տեսնում, իբր իր նրա բոլոր ատամները թափվել էին: Նա իր մոտ է կանչում երազահանին, որպեսզի մեկնի երազը:
Վերջինս, թագավորին ուշադիր լսելուց հետո, ասում է.
— Տիրակալ, ես ստիպված եմ քեզ տխուր լուր հայտնել: Դու մեկը մյուսի հետևից քո բոլոր մերձավորներին կկորցնես:
Տիրակալը զայրանում է, հրամայում այդ թշվառին զնդան նետել: Կանչում է մեկ այլ երազահանի: Վերջինս ասում է.
_ Ուրախացի՛ր, տիրակալ: Դու քո բոլոր հարազատներից ավելի երկար կապրես:
Բնականաբար, թագավորը շռայլորեն պարգևատրում է նրան: Երբ նա նվերներով դուրս է գալիս, զարմացած պալատականները հարցնում են, թե ինչպես կարողացավ իրենց տիրակալի գոհունակությանն արժանանալ:
Երազահանը պատասխանում է.
— Կարևորն այն չէ, թե ինչ ես ասում, այլ այն, թե ինչպես ես ասում:

Մարդկանց դուր է գալիս լսել այն, ինչը նրանց հաճելի է:

Սքանչելի է

Ամեն օր, վաղ առավոտյան Լաո-ցզին զբոսնում էր: Հարևանն ընկերակցում էր նրան: Նա գիտեր, որ Լաո-ցզին լռակյաց մարդ էր, և տարիներ շարունակ, առավոտյան զբոսանքի ժամանակ ընկերանալով նրան`երբեք չէր խոսում: Մի անգամ հարևանի տանը հյուր կար, որը նույնպես ցանկություն հայտնեց Լաո-ցզիի հետ զբոսանքի գնալ: Հարևանն ասաց. «Զբոսանքի ժամանակ չխոսես. Լաո-ցզին լռակյաց մարդ է»:
Առավոտը հիասքանչ էր, խաղաղ, երգում էին թռչունները: Հյուրը չդիմացավ ու սովորության համաձայն ասաց` սքանչելի է: Միայն մի խոսք և ուրիշ ոչինչ, բայց Լաո-ցզին նրա վրա մի այնպիսի հայացք գցեց` կարծես խեղճը հանցանք էր գործել:
Երբ տուն վերադարձան, Լաո-ցզին ասաց հարևանին, «Էլ չգաս և ոչ մեկին էլ չբերես ինձ հետ զբոսնելու. լուսաբացն այնպես սքանչելի էր, այնպես խաղաղ, իսկ այդ մարդն իր շատախոսությամբ ամեն ինչ փչացրեց»:

Կան մարդիկ, ովքեր ոչ թե նկատում, գնահատում ու սիրում են խոսքը, այլ սիրում են զգալ դա:

Մարդը մարդ է

Կոնֆուցիոսին հանգիստ չէր տալիս Լաո-ցզիի ուսմունքը, և նա գնում է Լաո-ցզիին տեսնելու: Կոնֆուցիոսն ավելի տարիքով էր և կարծում էր, թե Լաո-ցզին իրեն կվերաբերվի ընդգծված հարգանքով, բայց երբ նա ներս է մտնում, Լաո-ցզին նույնիսկ տեղից վեր չի կենում ու նստել չի առաջարկում, նրան հատուկ ուշադրության չի արժանացնում:
-Դուք չե՞ք ընդունում կիրթ վարվեցողության կանոնները,- հարցնում է Կոնֆուցիոսը:
Լաո-ցզին պատասխանում է.
Եթե կամենում եք նստել, նստեք: Եթե կամենում եք կանգնել, կանգնեք: Ո՞վ եմ ես, որ ձեզ ասեմ, թե ինչ անեք: Ես ձեր կյանքին չեմ խառնվում: Մարդը մարդ է, նա չի կարող լինել «բարձր» կամ «ցածր»: Մենք բոլորս նույն կեցության մասնակիցներն ենք: Մարդկանցից ոչ մեկը մյուսից ոչնչով առավել չէ, և ոչ ոք ընդգծված վերաբերմունքի ակնկալիք չպիտի ունենա: Մարդկանց տարբերակումը հիմարություն է, անիմաստ բան:

Բոլորս էլ հավասար ենք: Շատ սխալ է մեկին մյուսից տարբերելը կամ բարձր դասելը, քանի որ բոլորս էլ նույնն ենք, բոլորս էլ մարդ ենք:

Ինքներդ դարձեք Ձեր լույսը

Բուդդան մեռնում էր: Քառասուն տարի շարունակ հազարավոր մարդիկ հետևում էին նրան: Հիմա նա մեռնում էր:
— Սա իմ վերջին օրն է: Եթե հարցնելու բան ունեք, հարցրեք: Հասել է ժամը, երբ ամեն մարդ պիտի գնա իր ճանապարհով:
Անթափանց խավարը պատում է Բուդդայի աշակերտներին: Անանդան` Բուդդայի սիրելի աշակերտը, լալիս էր մանկան պես:
-Ինչու՞ ես լալիս, Անանդա՛, — հարցնում է Բուդդան:
— Ի՞նչ ենք անելու հիմա,- պատասխանում է Անանդան, — դու այստեղ էիր, և մենք ապրում էինք քո լույսի ներքո, այդպես լավ էր ու անվտանգ: Մենք լիովին մոռացել էինք, որ խավար գոյություն ունի: Մենք հետևում էինք քեզ, ամեն ինչ լույսի մեջ էր: Հիմա դու հեռանում ես ընդմիշտ: Մենք ի՞նչ ենք անելու:
— Լսի՛ր ինձ, — Անանդային է դիմում Բուդդան, — քառասուն տարի դու քայլել ես իմ լույսի ներքո և չես կարողացել ստեղծել քո լույսը: Կարծում ես` եթե ևս քառասուն տարի ապրեմ, կկարողանա՞ս հասնել քո լույսին: Ուրիշի լույսի ներքո որքան շատ ես ապրում, որքան շատ ես ընդօրինակում, այնքան շատ ես կորցնում: Ավելի լավ է` հեռանամ:
« Ինքներդ լույս դարձեք ձեզ համար», — սրանք էին Բուդդայի արտասանած վերջին խոսքերը:

Բոլորս պետք է դառնանք այնպիսին, որ մեզ դուր գանք ու ինքներս մեզնից օրինակ վերցնենք: Ամենից առաջ ինքներս մեզ պետք է գնահատենք աշխարհում, այլ ոչ թե ուրիշներին:

Թողնել մեկնաբանություն