Գրականությունն իմ կյանքում

Իմ ամենամեծ հոբբին միշտ համարել եմ ընթերցանությունը, քանի որ սիրում եմ թե՛ հայ և թե՛ արտասահմանյան գրականությունը, ունեմ իմ սիրելի գրողները և գրքերը։ Ընթերցելով կարող ես բացահայտել ինքդ քեզ, քո նախասիրություններն, ինչպես նաև քո սիրելի գրական ժանրը։ Ընթերցանությունը մարդուն տալիս է հնարավորություն նոր բաներ ճանաչելու, ինչպես նաև ծանոթանալու մեզնից առաջ ստեղծագործողների մտքերին՝ թե ինչեր են տեղի ունեցել առաջ, ինչպես են ապրել մարդիկ, ինչ նշանավոր իրադարձություններ են եղել և այլն։ Գրականությունն իսկապես շատ կարևոր դեր պետք է ունենա բոլորիս կյանքում, քանի որ մի շարք գրողների շնորհիվ է պահպանվել անցյալի ազգային ավանդույթները, մշակույթը, սովորույթները, պատմական դեպքերը և այլն։ Նրանց գրքերի միջոցով ենք տեղեկանում, թե ինչեր են եղել դարեր առաջ։ <<Գրականությունն ազգի հոգին է և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները>>․ ասել է Թումանյանը։ Եվ ըստ իս՝ այս ամենն իսկապես հետաքրքիր է ու կարևոր։

Կարդալով մենք ստեղծում ենք մեր երազած ներաշխարհը, դարձնում այն մերը և ապրում ստեղծագործության հերոսների հետ, ինչպես նաև ծանոթանում ենք հեղինակի այն մտքերին և ներաշխարհին, որը նա ունեցել է գրելիս։

Կարծում եմ, որ մենք հարուստ գրականություն ունենք՝ լի նշանավոր բանաստեղծներով, հեքիաթագիրներով։ Հայ գրականության նշանավոր գրողներից յուրաքանչյուրն ունի իր մեծ ներդրումը դրա ձևավորման ու զարգացման մեջ, քանի որ յուրաքանչյուր լավ ստեղծագործություն սիրվել և ընթերցվում է մինչ այսօր։ Ունեցել ենք այնպիսի գրողներ, որոնց ստեղծագործություններն ընթերցելով ենք կրթվել, ինչպիսիք են՝ Թումանյանը, Չարենցը, Տերյանը, Սարոյանը և այլք։

Թողնել մեկնաբանություն