Աբաս. Բագրատունյաց թագավորություն

Բագրատունյաց Հայաստանի վերելքը

Հայաստանի անկախության ամրապնդումը տեղի ունեցավ երկրում սկսված տնտեսական և մշակութային վերելքի պայմաններում: Խաղաղ անցան Աշոտ II-ի թագավորության վերջին տարիները: Քանի որ թագավորը զավակ չուներ, հրա մահվանից հետո թագավոր դարձավ նրա եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը: Նա թագավորեց 928-953թթ.: Աբասը Բագրատունիների արքունիքը տեղափոխում է Կարս ու այն դարձնում Հայաստանի մայրաքաղաքը: Կարսը կարճ ժամանակում աճեց, կառուցապատվեց և դարձավ երկրի նշանավոր քաղաքներից մեկը: Երկրի բնակչությունը զբաղված էր տնտեսության վերականգնմամբ ու բարեկարգմամբ: Հայաստանի գյուղատնտեսության համար բացառիկ նշանակություն ուներ ոռոգումը: Երկրի հիմնական նահանգներում՝ Այրարատում, Սյունիքում, Վասպուրականում, կառուցվում են ջրամբարներ ու ջրանցքներ: Կենտրոնական իշխանության հզորացմանն էր ձգտում նաև Հայ եկեղեցին: Շուտով, Աբասը կաթողիկոսական աթոռը տեղափոխեց Շիրակ: Անանիա Մոկացի կաթողիկոսը 948թ. այն Աղթամար կղզուց փոխադրեց Անիից հյուսիս գտնվող Արգինայի վանքը: Եկեղեցին իր հերթին տեր էր դարձել հողային մեծ տարածքների ու կալվածքների:

Աշոտ II Երկաթ. Բագրատունյաց թագավորություն

Աշոտ II Երկաթի երկար պայքարը ընդդեմ արաբների

Հայաստանում ուժեղ պայքար էր սկսվել, պատերազմական իրավիճակ էր: Քանի որ Սմբատ I-ին Յուսուֆը գլխատել էր, նրան էր հաջորդելու որդին՝ Աշոտ II-ը: Ժողովուրդը նրան իր խիզախության ու անվախության համար տվեց «Երկաթ» անունը: Նա իր եղվայր Աբասի հետ քայլեր ձեռնարկեց ու լուրջ հարվածներով քայլ առ քայլ ազատագրեց երկիրը: Աշոտ II-ը հարձակվեց Տփղիսի (Թիֆլիս) ամիրայության վրա, ջախջախեց Յուսուֆի կայազորը: Արաբները Հայաստանի թագավոր նշանակեցին Աշոտի հորեղբորորդուն՝ Աշոտ սպարապետին: Շուտով հայոց իշխանները հասկացան, որ հաղթանակը միասնության մեջ է ու բոլորով համախմբվեցին Աշոտ II-ի շուրջը: Գագիկ Արծրունին, զգալով իր վարմունքի կորստաբեր լինելը, երես թեքեց արաբներից: Աշոտ II-ը սկսեց հարվածներ հասցնել արաբներին, ազատագրել ու ամրապնդել Վասպուրականի թագավորությունը: Աշոտ Երկաթննիր զորքով ամրացավ Սևանա կղզում (921թ.): Սակայն, արաբական զորքերի հրամանատար Բեշիրը շրջապատեց կղզին: Աշոտը տեղավորեց իր 70 ռազմիկներին նավակներում ու հանկարծակի սկսեց նետահարել արաբներին: Սևանի ճակատամարտից հետո ազատագրվեց Հայաստանի կենտրոնական շրջանների մեծ մասը: Բյուզանդիան փորձում էր Հայաստանի ու Վրաստանի ուժերը միավորել ընդդեմ արաբների: Աշոտ Երկաթը մեկնեց Կոստանդնուպոլիս (921թ.), որտեղ հակաարաբական դաշինք կնքեց: Արաբները զիջումների գնացին: 922թ.-ին Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ոչ միայն թագ ուղարկեց, այլև ճանաչեց Հայաստանի շահնշահ, այսինքն՝ թագավորների թագավոր: Արքայական այս բարձր տիտղոսը Բագրատունիները կրեցին մինչև վերջ: Այսպիսով՝ հայկական պետության անկախության համար մղվող պայքարն ավարտվեց հաղթանակով:

Սմբատ I. Բագրատունյաց թագավորություն

Սմբատ I-ի գահակալության տարիները

Աշոտ I-ը ջանք չէր խնայում թագավորական իշխանությունն ամբաղջ երկրում տարածելու համար: Աշոտ I-ի մահից հետո գահ բարձրացավ Սմբատ I-ը (890-914): Նա շարունակեց երկրի խաղաղ շինարարությունը և պետության ամրապնդումը: Խալիֆայությունը և Ատրպատականի Սաջյան ամիրայությունը թշնամաբար էին վերաբերվում հայկական պետության հզորացմանը: Բյուզանդիայի հետ 893թ. կնքված պայմանագիրը պատճառ դարձավ, որ Սաջյան ամիրայի զորքերը ներխուժեն Հայաստան: Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ 894թ. տեղի ունեցած ճակատամարտում արաբները պարտություն կրեցին: Սաջյան ամիրաները, հասկանալով, որ չեն կարող հաջողության հասնել, փոխեցին իրենց քաղաքականությունը: Նրանք Հայաստանը թուլացնելու նպատակով որդեգրեցին հայ իշխանների միջև երկպառակություններ առաջացնելու քաղաքականությունը: Շուտով Սյունյաց իշխանների և Արծրունիների միջև վեճ առաջացավ Նախճավան քաղաքին տիրելու պատճառով: Սմբատ թագավորն այդ հարցը լուծեց հօգուտ Սյունիքի: Գագիկ Արծրունին Սմբատին խնդրեց վերանայել որոշումը, քանի որ Նախճավանը նախկինում եղել է Վասպուրականի կազմում: Սակայն Սմբատը չփոխեց որոշումը: Գագիկ Արծրունին դժգոհ մնաց Սմբատին ու բանակցություններ սկսեց Ատրպատականի ամիրա Յուսուֆի հետ: Շուտով, Յուսուֆի միջնորդությամբ խալիֆը 908թ. Գագիկ Արծրունուն ճանաչեց Հայաստանի թագավոր՝ Սմբատի փոխարեն: Նրան նաև վերապահեց հարկերը հավաքելու իրավունքը: Այսպես, Բագրատունիների թագավորությունը վերացնելու նպատակով Յուսուֆը Արծրունու հետ հարձակվեց Հայաստանի վրա: Մի խոսքով՝ Հայաստանի համար ծանր պատերազմ սկսվեց: Սմբատին օգնության էին հասնելու բյուզանդական կայսրը ու նրա զորքը, սակայն ճանապարհին կայսրը մահացավ ու զորքը հետ գնաց: Սմբատ 1-ը լրիվ մենակ էր մնացել: Նա փոքր զորագնդով ամրացավ Կապույտ բերդում: Սակայն մի ամբողջ տարի դիմադրելուց հետո, անձնատուր եղավ: Յուսուֆը նրան կալանավորեց և ուղարկեց Դվինի բանտ: Յուսուֆը նրան ստիպեց, որ Սմբատն իր զորքին զենքերը վայր դնելու հրաման տա, սակայն Սմբատը մերժեց: Այսպես, Յուսուֆը Սմբատին գլխատեց (914թ.): Շուտով հայ ժողովրդի կողմից սկսվեց մի պայքար, որը գլխավորում էր Սմբատ I-ի որդին՝ Աշոտ II-ը: