Ուսումնական երրորդ շրջան,առաջադրանք, 7-րդ դասարան, դաս 15

Կիլիկյան թագավորության հռչակումը: Լևոն  Մեծագործ

Լևոն Բ-ի հռչակումը «Հայոց թագավոր»

Լևոն Բ-ի իշխանության տարիներին Կիլիկիայի արտաքին քաղաքական հարաբերությունները բավականաչափ բարդ էին։ Մերձավոր Արևելքում տեղի էին ունեցել քաղաքական խոշոր իրադարձություններ և փոփոխություններ։ Սալահ ալ-Դինը ճնշում էր խաչակիրներին։ Իննոկոնտիոս Գ-ի օրոք աշխուչացել էր պապական դիվանգիտությունը արևելքում, տեղի էին ունեցել երրորդ, չորրորդ, հինգերորդ խաչակրաց արշավանքները, թուլացել էր Բյուզանդական Կայսրությունը։  Այս փոփոխությունները նպաստավոր էին Կիլիկիայի համար և Լևոն Բ օգտագործեց դրանք իր արտաքին քաղաքականության մեջ։

Լևոն Բ Կիլիկիայում սկսեց իշխել դեռևս 1185թ․ իր եղբայր Ռուբենի գերության ժամանակ։ Ազատվելուց հետո Ռուբենը օգուտ իր եղբոր հրաժարվեց իշխանությունից, քաշվեց վանք, ուր և 1187թ․ մահացավ։

Նույն թվականին Կիլիկիայի հյուսիս-արևմտյան կողմից ներխուժեցին վաչկատուն թուրքմենները, բայց Լևոնը կարողացավ ետ մղել նրանց։

Լևոն Բ-ի իշխանության ժամանակ Կիլիկիային վտանգ էր սպառնում Եգիպտոսի Այուբյան սուլթան Սալահ ալ-Դինի կողմից։

Թուրքմեններից հազիվ ազատված Կիլիկիան ասպատակեցին Սալահ ալ-Դինի զինվորները։ Լևոնն իր բանակով հարձակվում է հակառակորդի վրա և հակահարված տալիս,իսկ հակառակորդը փախուստի է դիմում և դուրս վտարվում երկրի սահմաններից։

Գլխավորելով երրորդ խաչակրաց արշավանքը, Ֆրեդերիկոս Շիկամորուսը ձգտում էր ոչ միայն Սալահ ալ-Դինից վերանվաճել Երուսաղեմը այլև իր իշխանությանը ենթարկել Մերձավոր Արևելքի երկրները։

Որոշ աղբյուրներում ասվում է որ իբր Լևոն Բ բարեկամական հարաբերություններ է ստեղծել Ֆրեդերիկոս Շիկամորուսի հետ։ Իրականում նա դիվանագիտորեն օգտագործել է խաչակրաց արշավանքը՝ հանուն Կիլիկիայի քաղաքական շահերի։

1193թ-ին Այուբիան սուլթանը Լևոն Բ-ի մոտ ուղարկեց հատուկ դեսպանություն, պահանջելով իր իշխանությանը հանձնել ոչ միայն հարևան պետություններից Կիլիկիային միակցված երկրամասերը, այլև՝ բուն Կիլիկիան։ Լևոնը կտրականապես մերժեց այդ պահանջը։ Ստանալով նման պատասխան Սալահ ալ-Դինը իր զորքը շարժում է դեպի Կիլիկիա և հասնում մինչև Սեև գետը, սակայն արշավանքի ընթացքում նա մահանում է (1193թ․ մարտի 4), իսկ բանակը ետ է վերադառնում։ Նրա մահից հետո Եգիպտական պետությունը թուլանում է և այլևս լրջորեն չէր սպառնում Կիլիկիային։

Այժմ Դաշտային Կիլիկիայում գերիշխանություն ձեռք բերելու համար սուր պայքար վերսկսվեց կիլիկյան հայերի և Անտիոքի միջև։

Նկարագրել քաղաքական իրադրությունը Մերձավոր արևելքում Լևոն Երկրորդի գահ բարձրանալու նախօրյակին:

Բնութագրել Կիլիկյան հայոց թագավորության հռչակման պատմական նշանակությունը:

Նկարագրել Լևոն Մեծագործի վարած քաղաքականությունը երկրի քաղաքական, ռազմական, տնտեսական հզորությունը ամրապնդելու համար:

Լևոնի օրոք Կիլիկիայի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։ Բուն Կիլիկիայից բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և Գերմանիկեն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Լևոնը կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց օրինականությունը։ Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոնը հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները։ Նրա հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը և նրանց կից բացվեցին վարժարաններ։ Լևոնը իր արքունիքը հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար։

Կիրակոս Գանձակեցու Լևոն Երկրորդի թագադրման  նկարագրությունը:

 

Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով՝ Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»:

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը: Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում:  Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության:

Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Իսկ հասարակարգը վերածվեց ավատատիրականի։ Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը՝ Այասը, որտեղով անցել է նաև հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն:

Լևոն Բ-ն (1187-1219 թթ.) կառավարման առաջին տարիներին հարկադրված էր պայքարել շրջակա մուսուլման ցեղերի դեմ։ 1187 թ-ի գարնանը նա ջախջախեց երկրի հյուսիսարևելյան սահմաններ ներխուժած Իկոնիայի սելջուկ հրոսակներին։ 1188 թ-ի աշնանը ջախջախեց երկրի հարավարևելյան սահմաններից ներխուժած Եգիպտոսի սուլթանության զորքերը։ 1189-1190 թթ. ընթացքում Բյուզանդական կայսրությունից և Իկոնիայի սուլթանությունից խլեց կարևոր նշանակություն ունեցող մի շարք տարածքներ՝ այդ թվում Պռականա, Սելևկիա, Ատալիա, Կրագյան Անտիոք և մի շարք այլ բերդաքաղաքները, Իսավրիան և այլ երկրամասերը։ Քանի որ շուտով սկսվեց Երրորդ խաչակրաց արշավանքն ընդդեմ Իկոնիայի սուլթանության, այն ստիպված էր հաշտվել իր կորուստների հետ։ 1190 թ-ի մայիսի վերջին խաչակրաց զորքերը Ֆրիդրիխ I Շիկամորուսի գլխավորությամբ, Իկոնիայի սուլթանության վրայով մտան Կիլիկիա և ճամբարեցին Սելևկիա քաղաքի մոտ։ Լևոն Բ-ն համաձայնեց օգնել խաչակիրներին՝ պահանջելով ճանաչել Կիլիկյան Հայաստանը թագավորություն, իսկ իրեն՝ թագավոր։ Ֆրիդրիխ I-ը համաձայնեց, և խաչակրաց սովյալ զորքերը սնունդ ստացան հայկական հողերում։ Սակայն մինչ Կիլիկյան Հայաստանը որպես թագավորություն ճանաչելը, Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց Ֆրիդրիխ I-ը (1190 թ-ի հունիսի 10)։ 1193 թ-ի գարնանը Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինը հսկայական ուժերով ներխուժեց Կիլիկիա՝ այն նվաճելու, սակայն Սև գետի մոտ մարտի 4-ին սուլթանը մահացավ, և արշավանքը տեղի չունեցավ։ Նույն թվականին Լևոն Բ-ն գերեց Եգիպտոսի սուլթանության հետ համագործակցող, Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ին, նրան հարկադրեց ճանաչել իր գերակայությունը, ստիպեց հրաժարվել Կիլիկիայի հարավարևելյան հողերի նկատմամբ ունեցած հավակնություններից։ Իսկ պայմանագիրը ամրապնդվեց Բոհեմունդ III-ի գահաժառանգ որդի Ռայմոնդի ու Ռուբեն Գ-ի այրիացած դուստր Ալիսի ամուսնությամբ։ Վերջիններիս որդին պիտի ժառանգեր Անտիոքի գահը։ 1196թվականին կազմակերպված Խաչակրաց նոր արշավանքի ժամանակ Գերմանիայի կայսր Հենրիխ VI-ը իր ենթականերին հանձնարարեց Լևոն Բ-ի գահակալման հարցը։ Վերջինիս թագը ճանաչեց նաև Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս III Անգելոսը։ Այսպիսով, 1198 թ-ի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքում Լևոն Բ-ն օծվեց ամենայն հայոց թագավոր։ Ժամանակակիցները Լևոն Բ-ի թագադրումը գնահատում են որպես համազգային քաղաքական մեծագույն իրադարձություն և հնամենի հայոց թագավորության վերականգնում։ Հենց այդ պատճառով է, որ կիլիկյան թագավորներն իրենց անվանում էին Հայաստանի արքաներ։

1209 թվականին Լևոն Բ-ն հրապարակավ որդեգրեց Անտիոքի գահակալին՝ Ալիսի որդի Ռուբեն-Ռայմոնդին, և նրան հռչակեց Հայոց գահաժառանգ։ Հայոց արքայի ջանքերով 1210թվականին Ռուբեն-Ռայմոնդի հավակնությունները հայոց և Անտիոքի համատեղ գահի նկատմամբ ճանաչեցին Գերմանիայի կայսր Օտտո IV-ը և Հռոմի Ինոկենտիոս Գ պապը։ 1211 թվականին Օտտո IV-ի ուղարկած թագով Ռուբեն-Ռայմոնդը հանդիսավորությամբ օծվեց Լևոն Բ-ի գահաժառանգ։

Այս դիվանագիտական հզոր քայլն ուներ քրիստոնյա հզոր պետություն ստեղծելու նպատակ։ Բանն այն է, որ, չնայած Կիլիկիայի ու Անտիոքի առանձին հզոր ուժի, այնուամենայնիվ, լուրջ սպառնալիք էր դառնում քրիստոնյաների համար Սելջուկյան սուլթանության հզորացումը։  Սակայն մի քանի տարի անց Լևոն Բ-ն խիստ հիասթափվեց Ռուբեն-Ռայմոնդից և զրկեց հայոց գահի ժառանգությունից։ Զրկվելով հայոց արքայի հովանավորությունից՝ Ռուբեն-Ռայմոնդը 1219 թվականին զրկվեց նաև Անտիոքի գահի հավակնություններից։ Նույն թվականին էլ մահացավ Լևոն Բ-ն։ Նա արու զավակ չուներ, և, փաստորեն, գահի ժառանգորդ էր հանդիսանում իր մանկահասակ դուստր Զապելը: Լևոնը Զապելի համար խնամակալներ (պայլեր) նշանակեց։ Նրանցից էին Կոստանդին Գունդստաբլը, Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսը, ազդեցիկ իշխան Ատանը։ Լևոն Բ-ի մահից հետո Ռուբեն-Ռայմոնդը, մի քանի հայ իշխանների օժանդակությամբ, փորձեց գրավել հայոց գահը, սակայն ձերբակալվեց ու բանտ նետվեց։ Այնուհետև՝ 1221 թվականին, պայլերի որոշմամբ Զապելն ամուսնացավ Անտիոքի տիրակալ Բոհեմունդ IV-ի որդու՝ Ֆիլիպի հետ։ Վերջինս էլ խոստացավ հարգել հայկական ավանդություններն ու սովորությունները, երկիրը ղեկավարել հայկական սկզբունքներով։ Քանի դեռ 18-ամյա Ֆիլիպը անչափահաս էր, պետությունը ղեկավարվում էր Կոստանդին Գունդստաբլի կողմից, բայց, երբ լրացավ նրա 20-ամյակը, նա դարձավ երկրի լիիրավ կառավարիչը։ Հենց այդ ժամանակ էլ զգացվեց, որ նա դրժել է իր երդումը։ Հայկական պետականության հարստությունները ծախսվում էին, երբեմն՝ նաև տեղափոխվում Անտիոք: Այս ամենը հաշվի առնելով՝ հայ իշխանները ձերբակալեցին Ֆիլիպին, նետեցին բանտ, իսկ այնուհետև կախաղան բարձրացրեցին 1225 թվականին։

1226 թվականին, իշխանական խորհուրդ հրավիրվեց, որը որոշեց 11-ամյա Զապելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի 13-ամյա որդի Հեթումի հետ, և վերջինս դարձավ հայոց թագավոր։

Աղբյուրները Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 131-135, համացանց

Լրացուցիչ տեղեկություններ

«Հայոց ժառանգորդ Զաբել թագուհի»

Կիլիկյան Հայաստանի Հայոց թագուհի, ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը, որը զրկել էր գահից թուլամորթ Ռուբեն Ռայմոնդին, որը Լևոն 2-րդի եղբոր՝ Ռուբենի դուստր Ալիսի և Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի որդին էր: Ըստ Լևոն 2-րդի և Անտիոքի դուքս Բուհեմունդի  դաշինքի Ակիսից և Ռայմոնդից ծնված որդին՝ Ռուբեն Ռայմոնդը պետք է ժառանգեր Անտիոքի և Կիլիկիայի գահը, սակայն վերջինիս Լևոն 2-րդը բարեբախտաբար զրկեց գահից և գահը կտակեց իր մանկահասակ դստերը՝ 4 ամյա արքայադուստր Զաբելին: Փոքրիկ թագուհու խնամակալ է դառնում Կոստանդին գունդստաբլը, որը Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար՝ նա էր կառավարում երկիրը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր՝ խաչակրաց 5-րդ արշավանք, տարածաշրջանում բախումներ: 1219թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվում է որպես Կիլիկիայի հայոց թագուհի: Կոստանդին գունդստաբլը 1222թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացնում է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, սակայն ֆիլիպը թագուհու համար ճիշտ ուղեկից չէր, քանի որ հայասեր չէր, չարաշահումներ էր անում և արքունիքը լցրել էր խաչակիր ասպետներով: Նա 1225թ.-ին սպանվում է մարտում: Այս անգամ Կոստանդին Գունդստաբլն իրագործում է իր վաղեմի ծրագիրը և 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում է  իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ: Ընթերցողի մեջ հավանաբար հարց կառաջանա, թե ինչո՞ւ էին թագուհուն այսքան փոքր տարիքում ամուսնացնում: Ամուսնությունն այստեղ ուներ ոչ թե զուտ մեր հասկացած ամուսնության, այլ՝ քաղաքական նպատակ: Հեթումը դառնում է ոչ թե միանձնյա թագավոր, այլ ընդամենը Զաբել թագուհու գահակիցը, քանի որ օրենքի առաջ միապետը Զաբել թագուհին էր: Երբ արդեն Զաբելը չափահաս էր, նրանց ամուսնությունն արդեն իսկապես հաստատվեց և Հեթումն ու Զաբելը միասին ունեցան 3 որդի և 5 դուստր, որոնցից մեկը հետագայում գահակալեց Լևոն 3-րդ անունով: Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ: Երիտասարդ, խելացի թագուհուն երկրի կառավարման հարցում օգնում էր գահակից ամուսինը՝ Հեթումը, իսկ նրա հայր Կոստանդին գունդստաբլը ընդմիշտ հավատարիմ ծառայեց հայոց գահին: Պատմության մեջ հիշատակություն կա 1241թ Զաբել թագուհու կողմից Սիս մայրաքաղաքում հիվանդանոցի կառուցման մասին, որը  Միջին Արևելքում և նույնիսկ Եվրոպայում համարվում էր առաջինը: Այստեղ բոլոր հիվանդներն ունեին անվճար բուժվելու հնարավորություն: Զաբելի կառավարման շրջանն իրոք մեծ վերածննդի շրջան էր, այս շրջանում էր, որ թագուհու հովանու տակ այստեղ գործում էին նշանավոր գիտնականներ և մշակութային գործիչներ Մխիթար Հերացին, Թորոս Ռոսլինը, Վարդան Այգեկցին, Սարգիս Պիծակը և այլք: