Նոր տարի։ Հովհաննես Երանյան

Պատմվածքը նկարագրում է Ամանորից առաջ գյուղում անցկացվող օրերը, երբ ընտանիքը փորձում էր անել ամեն բան, որպեսզի գոնե այդ տարի կարողանա առանց որևէ պարտքի նշել տոնը․ <<պարտ­քով արած Նոր տա­րի­նե­րին հայ­րը տրա­մադ­րու­թյուն չէր ու­նե­նում, չէր խմում, ու բո­լոր չորս զա­վակ­ներն էլ զգում էին, որ այդ­պի­սի Նոր-­տա­րի­նե­րի նրա ու­րա­խու­թյունն ար­հես­տա­կան է>>։ Այդ իսկ պատճառով ամեն մեկն իր հերթին փորձում էր հնարավորինս շատ աշխատել էլ ավելի շատ գումար վաստակելու համար։

Նշանավոր էր հոր դերը, ով գիշեր-ցերեկ աշխատում էր և ուներ մի քանի աշխատանք, ով մի քանի ժամ էր օրվա ընթացքում լինում տանը, այն էլ՝ քնած։ Նրա կերպարը շատ խիստ էր նկարագրված, երբ բոլորը փորձում էին լսել իր խոսքը՝ ենթարկվելով վերջինիս։

Շատ պարզ էր նկարագրված աստվածապաշտությունը և՛ որդու, և՛ հոր կողմից, երբ տղան ուզում էր նմանվել հորը՝ լինելով աստծուն սիրող։ Իհարկե, սա շատ կարևոր հատկանիշ է, սակայն բացի իրենցից՝ հերոսներից ոչ ոքին բնորոշ չէր այն, և ոչ էլ խոսվում էր դրա մասին։ Որդու ընթերցանությունը աստվածաշնչից նույնպես մեծ ասելիք ուներ, սակայն այդքան էլ շեշտված չէր պատմվածքում․ <<Դուք տե­սաք ու չճա­նա­չե­ցիք: Երա­նի նրանց, ով­քեր առանց տես­նե­լու կհա­վա­տան>>։ Իհարկե, այն մեջբերում էր աստվածաշնչից, սակայն այն հայր և որդի համեմատեցին մեկ այլ իրավիճակի հետ, երբ տղան Սևան չայցելելով գրել էր դրա մասին այնպես, որ դասընկերները հավատացել էին իր խոսքերին, թե վերջինս հենց լճի ափին նստած էլ գրել է։ Սակայն, ըստ իս՝ այս երկու մտքերը այդքան էլ համեմատական չէին, երկրորդը շատ ավելի հասարակ և առօրյա խնդիր էր, որը չէր կարող ուղղակի համեմատվել աստվածաշնչյան այդ օրինակի հետ։

Բայց, ընդհանուր առմամբ ստեղծագործությունն ինձ շատ դուր եկավ, հատկապես ընտանիքի ձգտումը գումար աշխատելուն, ինչպես նաև առանձնահատուկ էր հոր աշխատասիրությունը, սերն առ աստված, գյուղական կյանքի առանձնահատկությունները և այլն։

Խաբուսիկ օր։ Հովհաննես Երանյան

Ըստ հեղինակի՝ խաբուսիկ օրվան բնորոշ էր մահ չլինելը, որի շուրջ պատմվածքում բերված են մի շարք օրինակներ, որոնցից մեկն է հենց երեխայի մահից պրծնելը ամբողջ օրվա ընթացքում․ <<Ոչ ոք չէր մահացել, բոլոր մարդիկ անմահ էին: Մահ չկար>>: <<Առուն մեծ չէր, բայց արագահոս էր և կքշեր, կտաներ տղային, բայց քանի որ մահ չկար այդ օրը, փոշմանեց ու հետ քաշեց ոտքը>>, <<Օրը մանկան պես անմեղ էր ձևանում, և թվում էր, թե մահ չկա, թե Ադամից հետո աշխարհ եկած որևէ մեկը չի կորչելու>>: Թվում էր, թե փոքրիկը պետք է մահացած լիներ՝ կանգնելով ականապատ դաշտում, առուն ընկնելով, դես ու դեն փախչելով, սակայն մահ չլինելու պատճառով նրան ոչինչ չէր պատահում․ ահա, թե որն էր պատմվածքի հետաքրքիր փոխաբերությունը, ահա, թե ինչու է այն կոչվում հենց <<խաբուսիկ օր>>։

Թեման շատ սովորական է լսել հեղինակի կողմից, քանի որ նա շատ է բարձրացնում պատերազմական իրավիճակի հարցը՝ իր գրեթե բոլոր ստեղծագործություններում կարևորելով այն։ Երեխայի մորը դաժանաբար սպանել էին, իսկ նա առանց որևէ բան գիտակցելու դուրս էր եկել տնից ու գնացել-անցել սահմանը։ Շատ առանձնահատուկ էր նաև գերմանուհու դերը պատմվածքում, երբ տեսնելով երեխային մոռացավ ամեն բանի մասին և գիրկն առավ վերջինիս։ Նա այնքան սիրեց փոքրիկին, որ ուզեց իր հետ տանել Գերմանիա և այդպես էլ արեց։ Համեմատություններից հետաքրքրեց այն հատվածը, երբ երեխայի մեկնումը համեմատում էր առվակի ծովը լցվելուն․ <<Իր որբության գաղտնիքն անտեր թողած` գնում էր անազգ, պատմության դեմ անքեն, անվրեժ բարեկեցիկների ծովում կորսվելու` ինչպես իր խաղընկեր առվակը>>:

Ըստ իս՝ պատմվածքի գաղափարներից մեկն արտահայտվում էր փոքրիկի՝ գյուղում մեծանալու մեջ, երբ իր հորեղբայրը դիմում էր գերմանուհուն․ <<Էհ, թող գնա, գուցե երջանիկ լինի, գուցե մեծ մարդ դառնա: Ի՞նչ կա այստեղ բացի տառապանքից>>։

Ապոկալիպսիսի հրեշտակները։ Հովհաննես Երանյան

Հովհաննես Երանյանի ստեղծագործություններից շատերն ուղղված են պատերազմական թեմաներին, և այս պատմվածքը դրանցից մեկն էր, որում խոսվում էր միմյան հենց այդ թեմայի շուրջ։ Իհարկե, ընտրված թեման շատ արդիական է՝ հատկապես մեր երկրում, և դրա բովանդակությունից պարզ է դառնում, որ այն տեղի է ունեցել Հայաստանում, վերջերս՝ ոչ շատ շուտ ժամանակներում։ Հեղինակի կողմից ընտրված պատերազմական դժբախտ իրավիճակի թեման շատ գեղեցիկ էր նկարագրված, և կարծում եմ՝ հենց դա է բազմալեզու ընթերցողներ ունենալու գլխավոր պատճառը, այսինքն՝ ընտրվում է մի թեմա, որը բոլորի համար շատ հետաքրքիր է և արդիական։ Այս պատմվածքի շուրջ կարող եմ շատ ավելի երկար շարադրել մտքերս՝ ի տարբերություն մնացած այլ ստեղծագործությունների, քանի որ ասես հենց հիմա է կատարվում և հենց Երևանում, բոլորս ծանոթ լինելով մի թեմայի, որի մասին հեղինակը մանրամասնել է գրելիս։

Ամենից շատ ինձ դուր եկան պատմվածքի չափազանցությունները, ինչպես նաև հեղինակի անմիջականությունը մեր նկատմամբ՝ նկարագրելով որդուն կորցրած ծնողի տառապանքը, ինչպես նաև ամուսնուն և որդուն կորցրած կնոջ ցավը։ Չեմ կարծում, որ այս դեպքը վերցված է իրական կյանքից, սակայն այն այնքան հավանական է, որ ինքս չեմ զարմանա, եթե այն կատարված լինի վերջերս Հայաստանում։

Շատ հատկանշական էր հրեշտակների դերը պատմվածքում, երբ նրանք ուղեկցում էին ծերուկին ողջ ճանապարհին, որոնց շնորհիվ էլ Հարությունը փրկեց իր որդու մոտ ընկերոջ կյանքը, ինչպես նաև լուր ստացավ որդուց․ <<Նա աջ թևով գրկեց Հարությունի մեջքն ու ասաց. — Արի՛ ինձ հետ, — Հարությունը հնազանդվեց, բայց զգում էր, որ քայլում է ոչ սեփական կամքով, ոտքերն ասես գետնին չէին դիպչում, ոչ շուռ եկած ծառերը, ոչ մացառները նրան չէին խանգարում, սահում էր նրանց միջով>>: Եվ այս ամենը կապվում է պատմվածքի ավարտի հետ, երբ կարծես ստեղծագործության գլխավոր հերոսի միջոցով ակնհայտ է դառնում հեղինակի ասելիքներից մեկը․ <<Ո՞ւմ պատմես՝ հավատան, թե հրեշտակները գիտեն՝ ուր են ուղեկցում>>։

Այս միտքն ինձ շա՛տ դուր եկավ։ Հեղինակն ուզում էր ասել, որ աստված հրեշտակների միջոցով օգնում է և ճիշտ ճանապարհն է ցույց տալիս դժվարության մեջ գտնվող մարդկանց․ Հարությունը տրորեց աչքերն ու հարցրեց. -Ցնդում եմ երևի, աչքիս ամենուր հրեշտակներ են երևում: -Չէ, չես ցնդում,- վստահ պատասխանեց Մեսրոպը: Իրոք հրեշտակներ են, եկել են տղերքի հոգիները երկինք ուղեկցելու: Ես նրանց էլի եմ տեսել: Չորս տարի առաջ, ապրիլին: