Երազանքի ուժը

Երազանքները մեզ նվիրում են երջանիկ և անմոռանալի զգացողություններ, որոնք ինքս ոչնչի հետ չեմ փոխի, քանի որ ինձ համար իմ երազանքներն ու նպատակները ամենից թանկ և կարևոր երևույթներից մեկն են իմ կյանքում։ Այդ ամենի պատճառը երազկոտ լինելս է, երբ օրվա գրեթե բոլոր ժամերին դրանք ինձ հաղորդում են ոգևորություն, ուրախ տրամադրվածություն, և իհարկե, դարձնում են էլ ավելի լավատես կյանքում։ Չգիտեմ ինչու՝ երբ մտապահում եմ նույնիսկ ամենաանհավանական երևույթը ու դարձնում այն իմ երազանքներից մեկը, միշտ հավատում եմ, որ այն անկատար չի մնա, քանի որ մտածելով, որ այդ ամենի իրականացումը գրեթե ամբողջովին կախված է ինձնից, փորձում եմ համոզվել, որ ես պատրաստ եմ անել ամեն հնարավոր և անհնարին քայլ մտապահածս զգացողությունները անկատար չթողնելու համար։ Եվ նկատել եմ, որ երբեք չեմ երազի այնպիսի մի բանի մասին, որի իրականացումը կախված կլինի ուրիշից, քանի որ ոչ ոք ինձ պես չի կարևորի այն և չի զգա դրա իրական հաճույքը։ Այդ պատճառով, կարծում եմ՝ միմիայն ինքներս ենք պատասխանատու մեր առջև դրված նպատակի համար, և էական չէ, թե որքան մեծ է այն կամ, թե որքան ժամանակ է պահանջվում այն իրականացնելու համար։ Ունենալով անթիվ երազանքեր՝ համոզվել եմ, թե որքան հաճելի զգացողություն է երազանքներով ապրելն ու անդադար դրանց մասին մտածելը, թե որքան բարություն են դրանք հաղորդում ինձ։ Եվ որքան մեծ ու անիրականալի թվացող են երազանքները, այնքան էլ ավելի եմ ուրախանում այդ փաստից, քանի որ ես վստահ եմ՝ դրանք քայլ առ քայլ դառնալու են ինձ էլ ավելի մոտ ու հասանելի։