Հիվանդություններ

Հազվադեպ հիվանդություններ

Հայտնի են հազարավոր հազվադեպ հիվանդություններ: Մինչ այժմ հայտնաբերվել են վեցից մինչև յոթ հազար հազվադեպ հիվանդություններ, իսկ նորերը պարբերաբար նկարագրվում են բժշկական գրականության մեջ:  Հազվադեպ հիվանդությունների թիվը նաև կախված է այն սահմանման ճշգրտությունից, թե ինչն է համարվում հիվանդություն: Մինչ այժմ բժշկական ոլորտում հիվանդություն է սահմանվում առողջ վիճակից այն փոփոխությունը, որը հանդես է գալիս ախտանշանների յուրօրինակ ձևով և բուժման միակ եղանակով: Արդյոք դեպքը հանդիսանում է եզակի, ամբողջովին կախված է մեր կողմից իրականացվող բժշկական ստուգումների ստույգությունից: Որքան ստույգ են իրականացվող անալիզները, այնքան ավելի շատ են նկատվում որոշակի մանրամասներ: Այս բարդությունը արտահայտված է տարբեր դասակարգումներում, որոնք տրամադրվում են Օրֆանեթի կողմից:

Չնայած գրեթե բոլոր գենետիկական հիվանդությունները համարվում են հազվադեպ, ոչ բոլոր հազվադեպ հիվանդություններն են գենետիկական բնույթի: Գոյություն ունեն նաև մի շարք հազվադեպ վարակիչ հիվանդություններ, ինչպես նաև աուտոիմունային հիվանդություններ և քաղցկեղի հազվադեպ տեսակներ: Մինչ այժմ, բազմաթիվ հազվադեպ հիվանդությունների պատճառները մնում են անհայտ:

Հազվադեպ հիվանդությունները ծանր հետևանքներ կրող, հաճախ քրոնիկ և զարգացող բնույթի հիվանդություններ են: Նման շատ հիվանդությունների դեպքում, ախտանշանները կարելի է հայտնաբերել ծնվելուց անմիջապես հետո կամ մանկական հասակում, ինչպես օրինակ մեջքի պրօքսիմալ մկանային ատրոֆիան, նեյրոֆիբրոմատոզը,  անավարտ օստեոգենեզը, քոնդրոդիսպլազիան կամ Ռեթի համախտանիշը: Սակայն հազվադեպ հիվանդությունների շուրջ 50%-ը դրսևորվում են չափահաս տարիքում, ինչպես օրինակ Հանթինգթոնի հիվանդությունը, Քրոնի հիվանդությունը, Շարկո-Մարի-Թուֆի հիվանդությունը, ամիոտրոֆիկ լատերալ սկլերոզը, Կապոչիի սարկոման կամ վահանաձև գեղձի քաղցկեղը:

Վարակիչ հիվանդություններ

Շատ հիվանդություններ ունեն վարակիչ բնույթ. հարուցվում են մանրէների կողմից և հիվանդ մարդուց փոխանցվում են առողջին՝ անմիջական շփման կամ օդակաթիլային ճանապարհով: Այդպիսի հարուցիչներ են բակտերիաները, վիրուսները, մանրադիտակային սնկիկները: Բակտերիաներից առաջացած հիվանդություններից են սննդային թունավորումները, տուբերկուլոզը, պրկախտը (փայտացում), կապույտ հազը և այլն: Բակտերիաները նաև կենդանիների և բույսերի հիվանդությունների (օրինակ՝ պտղատու ծառերի քաղցկեղի) հարուցիչներ են: Բակտերիաներին կարելի է վնասազերծել հականեխիչ նյութերով և հակաբիոտիկներով: Մարդկանց այդպիսի վարակիչ հիվանդություններից պահպանում են վակցինացումով, այսինքն՝ օրգանիզմ են ներարկում վարակիչ հիվանդություն հարուցող թուլացրած մանրէներ, ինչից հետո տվյալ հիվանդության հանդեպ օրգանիզմում մշակվում է իմունիտետ (անընկալություն):