Հունվարյան ճամբարի երկրորդ ուսումնական շաբաթը

Ավարտվեց հունվարյան ճամբարի երկրորդ ուսումնական շաբաթը, կփորձեմ հետաքրքիր ձևով՝ գրի առնելով, տեսանյութերով և նկարներով ներկայացնել մեր ուսումնական շաբաթը, պատմեմ թե ինչքանով էր այն արդյունավետ:

Առաջին օրը՝ երկուշաբթի, այց ունեցանք դեպի Արևմտյան դպրոց՝ մեր կրտսեր սովորողների, փոքրիկների մոտ: Մեր կազմած ուսումնական նախագիծը օգնեց, որ ավելի արդյունավետ անցկացնենք հանդիպումը: Այնտեղ իրականացրեցինք “Սովորող-սովորեցնող” նախագիծը՝ նրանց սովորեցրեցինք տարբեր բառեր իտալերեն, իսպաներեն և ֆրանսերեն լեզուներով, խաղացինք խաղեր՝ մեր ուսուցչուհիներն ուտում էին մրգեր, շուտ ավարտող թիմը հաղթող էր կոչվելու: Երեխաները մեծ ոգևորությամբ երկրպագում էին ուսուցչուհիներին, մենք նույնպես ուրախ հետևում էինք խաղին: Հետո ուրիշ խաղեր էինք խաղում՝ զիլինա, պախկվոցի, բռնոցի և այլն: Կարծում եմ՝ օրը տպավորիչ էր բոլորիս համար: Ես մեծ հաճույքով և անհամբերությամբ սպասում եմ մյուս հանդիպմանը մեր կրտսեր ընկերների հետ:

Երկրորդ շաբաթվա ընթացքում ունեցանք մեր երկրորդ այցը, բայց այս անգամ դեպի Քոլեջ: Քոլեջում շատ հետաքրքիր օր ունեցանք, անկեղծ եմ ասում: Մենք ծանոթացանք տարբեր մասնագիտությունների հետ, որոնք կային նաև Քոլեջում, շրջեցինք և քայլեցինք կրթահամալիրի տարածքով: Գնացինք գինեգործարան, որտեղ էլ ընկեր Արտակը մեզ պատմեց մեր գինիների մասին, դրանց պատրաստման եղանակների մասին: Իսկ ամենավերջում մենք հարցազրույց վերցրեցինք մեր շատ սիրելի Բլեյան Տաթևից: Ընկեր Տաթևին շատ էինք կարոտել: Հարցազրույցը լսելուց հետո դուք էլ նորովի կբացահայտեք մեր Քոլեջը: Ահա մեր այցի լուսաբանումը՝ հղումը:

Մայր դպրոցի փոքր դահլիճում ունեցանք շատ հետաքրքիր հանդիպում Լիլիթ Բլեյանի հետ: Մենք դիտեցինք սովորողների պատրաստած տեսանյութը, որտեղ Լիլիթ Բլեյանի մտերիմները պատմում են Լիլիթի, նրա մանկության արկածների և կյանքի մասին: Իսպանախոսները ներկայացրեցին Լիլիթ Բլեյանի իսպանական գործերից մեկը: Նրանց մոտ կատարումը հիանալի էր ստացվել: Հետո հանդիպման հյուրերը հարցեր տվեցին նրա իր կյանքի, գործունեության, մանկության և մասնագիտության վերաբերյալ: Այդպիսով, մենք ավելի լավ ճանաչեցինք և բացահայտեցինք Լիլիթին: Ամենավերջում, նա իր գործընկեր Տիգրանի հետ կիթառի նվագակցությամբ կատարեց իր երգերից մի քանիսը, մեզ շատ դուր եկավ:

Այդ շաբաթ մեր բազմալեզվի ջոկատի սովորողները հանդիպեցին քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ: Մենք նախորոք ծանոթացել էինք նրա կենսագրության և գործունեության հետ, պատրաստվել հանդիպմանը և այլն: Բայց, ցավոք սրտի, մի քանի սովորողներս չկարողացանք ներկա գտնվել երկար սպասված հանդիպմանը, քանի որ այցելել էինք Հարավային դպրոց “Սովորող-սովորեցնող” նախագիծը իրականացնելու: