Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացին հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ է։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։

Մեղեդի ծննդյան.

Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,
Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ.
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:
Թափվում էին այտերից վառ՝
Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.
Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում
Հուզավարար կենսատու սեր:
Կամար կապած թեւերը գիրգ՝
Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,
Ելեւէջներն հյուսում իրար.
Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:
Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում.
Լեզվի տավիղն էր քաղցրերգում հուզումնահորդ.
Շողում էին նույն կենսավառ
Սիրով չքնաղ ու գինեթույր
Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր:
Այդ վարսերը համերամ զա՜րդ , համորեն զա՜րդ,
Ոլորք առած եռահյուսակ՝
Բոլորվել են այտերի շուրջ.
Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված,
Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:
Բուրում էր նա կնդրուկի պես
Աստվածային հրով լցված մի բուրվառի.
Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:
Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,
Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի
Գույներով էր ոսկեշողում.
Գոտին կամար, արծաթափայլ,
Ոսկետտուն ու նրբակերտ՝
Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի:
Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղցկությամբ,
Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից:
Քեզ պսակող թագավորին
Ու նորածին այն փրկչին փա՜ռք
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Թողնել մեկնաբանություն