«Homo sapiens»։ Չափածո նովել։ Եղ․ Չարենց

1․ Կարդացե՛ք։ Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք։

գլխահակ — ամոթահար, գլուխը կախ

շաֆրան — դեղին-նարնջագույն

շոսսե — խճուղի

կռնատակ — թևի տակ

ալեյա — ծառուղի

տիտանային — հսկայական, վիթխարի

հորձանք — հեղեղ, ալիք

Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում։ Եղ․ Չարենց

1․ Կարդացեք։ Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրեք։

մգլահամ — բորբոսահամ

օրհասական — մահաբեր, ճակատագրական

ուրու — ուրվական

անգո — անհայտ

եղերական — ողբալի

տեսլական — երևակայական, գաղափարական, ոչ երկրային

շռնդալ — զնգալ, դղդրալ

բաստիոն — ամրոց

ցոփություն — անառակություն, անբարոյականություն

խարազան — մտրակ

բակենբարդ — այտամորուք

մաքառել — պայքարել, պատերազմել

2․ Համառոտ գրե՛ք բովանդակությունը։

Հեղինակը պատմում էր Պետրոպավլովյան ամրոցի մասին, որը նախկինում եղել է արքայական բանտ, իսկ հետո դարձել թանգարան։ Նա նկարագրում էր ամրոցում տիրող օդը, թե որքան ծանր էր ու մռայլ, փորձում պատկերացնել այնտեղ եղած գրողների տխուր ու վշտալից դեմքերը, մարտիրոսների հին անուններն ու տառապանքները, որոնց մի ամբողջ սերունդ էր համարում Չարենցը։ Ընթերցելիս նկատեցի մի գեղեցիկ հատված, որտեղ հեղինակը նկարագրում էր, թե ինչպես էր ամրոցի պատերին նայելիս փորձում հասկանալ, թե այնտեղ բանտարկված գրողները ինչ են մտածել ու զգացել նույն պատերին նայելիս հարյուրավոր տարիներ առաջ։ Իսկ երբ արդեն դուրս էր գալիս մութ ամրոցից, զգում է, որ ինչ-որ մեկն իր ձեռքը դրել է իր ուսին։ Շրջվում է, տեսնում բարձրահասակ, սև աչքերով, մորուքով մի տղամարդու, որն իր մասին է հիշեցնում հեղինակին։ Հեղինակն անմիջապես ճանաչում է նրան, իսկ տղամարդը միանգամից անհետանում է ու նա էլ դուրս է գալիս ամրոցից։ 

Գանգրահեր տղան։ Եղիշե Չարենց

1․ Նկարագրե՛ք չափածո նովելում ներկայացրած ապագան։

Չարենցն այս ստեղծագործության մեջ նկարագրում էր գարնանային մի գեղեցիկ օր, երբ արևը ժպտում է երկնքից, մարդիկ ուրախ են, նկարագրում է հոսող գետը, տարածքի տներն ու գործարանները, ինչպես նաև նկարագրում է, թե ինչպես է վաշտը այդ օրը գալիս ու անցնում փողոցով։ Վաշտից մի տղա՝ կապուտաչյա մի երիտասարդ, մոտենում է մի գերեզմանի, որը, ինչպես հեղինակն է նկարագրել, Եղիշե Չարենցի գերեզմանն էր՝ Եղիշե Չարենց․ բանաստեղծ, ծնված Մակու քաղաքում։ Տղան, մոտենալով գերեզմանին, ժպտաց։ Եղիշե Չարենցն այս ստեղծագործությամբ փորձում էր նկարագրել, թե ինչպիսին կլինի կյանքը հետո, երբ նա արդեն մահացած կլինի։ Նկարագրում է այն տեսարանը, թե ինչպես է երիտասարդն իր մահից հետո այցելում իր շիրիմին, կարծես ուրախ ու երջանիկ հիշողություններ ուներ՝ կապված Չարենցի հետ։ 

Դանթեական առասպել։ Եղիշե Չարենց

1․ Կարդացե՛ք պոեմը։

2․ Համառոտ շարադրեք բովանդակությունը։

Ստեղծագործությունը պատերազմ գնացող մի խումբ զինվորականների մասին էր, ովքեր ոտքով հասնում էին կռվի դաշտ։ Իհարկե, ընթացքը բավականին ձանձրալի և հոգնեցուցիչ էր, քանի որ ճանապարհը բավականին երկար էր և դժվար, նույնիսկ նրանցից շատ-շատերը կիսատ էին թողնում ճանապարհը և վերադառնում։ Նրանք հանդիպող քաղաքների ճանապարհներին տեսնում էին մահացած մարդկանց դիակներ, ովքեր սպանվել էին պատերազմների ժամանակ և այդտեղ էլ մնացել էին։ Խումբը պարզապես ապշում էր՝ տեսնելով դիակները, զարմանում, վախենում։ Սակայն, որքան էլ սարսափելի էր ստեղծագործության գլխավոր հերոսի համար ճանապարհին նման տեսարանների հանդիպելը, նա հիանում էր բնությամբ, ուրախանում, և հենց իր շրջակայքի գեղեցկությունն էլ նրան դրդում էր քայլել ու հասնել կռվի դաշտ, քանի որ նա ուրախանում էր բնության գեղեցկությամբ։ Եվ հեղինակը նկարագրում է բազմաթիվ տեսարաններ, որոնցում գլխավոր հերոսը ուշադրություն է դարձնում բնության ներդաշնակությանը և մոռանում այն ամենը, ինչ նախկինում տեսել էր ճանապարհին։ Նրանք հասնում են կռվի դաշտ ու պարտվում են թշնամուն։ Նկարագրում է, թե իրենց զինվորների դիերն ինչպես են ընկած գետնին, սակայն բացվում է առավոտը և նա նորից նայում է դաշտերին, բնությանը և դրա գեղեցկության շնորհիվ էլ կարողանում է մոռանալ և՛ իրենց տարած պարտությունը, և՛ գետնին ընկած դիակներին։

Իմ մանկության Թումանյանը

Թումանյանը ստեղծագործել է 1800-ականների ընթացքում, սակայն իր գործերը մեզ են հասել մինչ այսօր, և գրեթե ցանկացած տարիքում ընթերցում ենք դրանք։ Թումանյանի գրական ժառանգությունը իսկապես մեծ դեր ունի բոլորիս կյանքում, քանի որ «հայ գրականություն» ասելով առաջինը պատկերացնում ենք նրան և իր ստեղծագործությունները։ Իր հեքիաթները հայտնի են բոլոր փոքրիկներին, բանաստեղծությունները՝ մեր հասակակիցներին, իսկ իր կյանքը և գործունեությունը հետաքրքիր է ուսումնասիրել բոլոր տարիքներում։ Իհարկե, բոլորս էլ ծանոթ ենք Թումանյանի գրականությանը դեռ մանկուց, ով մեզ հայտնի էր իր բարի հեքիաթներով։ Ինչպես նաև՝ բոլորիս շատ հոգեհարազատ է թվում իր գրելաոճը, և ինչո՞ւ ոչ, հենց նաև նրա ստեղծագործություններից շատերը, որոնք ընթերցված են հազարավոր մարդկանց կողմից։

Ես սիրում եմ Թումանյանին, և նա ինձ համար առանձնահատուկ դեր ունի, քանի որ ես նրան գիտեմ դեռ մանկուց՝ որպես իմ մանկության Թումանյան, և շատ-շատ եմ սիրել իր հեքիաթները, մանկական բանաստեղծությունները, քանի որ դրանք միշտ բավականին հետաքրքիր են եղել ինձ համար, և ինչպես իմ, վստահ եմ՝ նույն ճանապարհով նա կարողացել է դառնալ շատ ու շատ փոքրիկների սիրելի գրողը։ Իսկ ինչո՞վ է տարբերվում Թումանյանը մյուսներից։ Ըստ իս՝ իր ստեղծագործություններն ունեն բավականին պարզ սյուժեներ, հենց այդ պատճառով էլ նույնիսկ փոքրիկներն այն կարողանում են հեշտությամբ ընթերցել։ Սակայն, նաև վստահ եմ, որ իր այդ պարզ ստեղծագործություններում նա առաջ է բերում թե՛ մեծ հասարակական խնդիրներ և թե՛ կյանքի կարևոր դասեր։ Հենց սա է գլխավոր պատճառը, որն էլ ստիպում է բոլոր-բոլորին ընթերցել ու սիրել նրան որպես գրող, դարձնել իրենց բոլոր ժամանակաների լավագույն գրողը, և անվանել «ամենայն հայոց բանաստեղծ»։

Թումանյանը գրել է մի շարք հոդվածներ, բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ, նամակներ, հեքիաթներ ու պատմվածքներ, այսինքն՝ նա մեզ թողել է մեր ամբողջ գրականության մի մեծ, արժեքավոր մասը, որն, իրոք, գրված օրվանից սիրվել է մեր հասարակության կողմից։ Ըստ իս՝ Թումանյանի հեքիաթներում միշտ ընտրված են լինում բավականին պարզ կերպարներ, սյուժեն նույնպես շատ սովորական է գրված լինում։ Սակայն, եթե նայենք մեծահասակի աչքերով, նույնիսկ իր ամենամանկական հեքիաթներում կարող ենք գտնել խորը իմաստ, որն էլ ավելի հետաքրքիր կդարձնի ստեղծագործությունը մեզ համար։ Իսկ նամակներն ընթերցելիս նկատել եմ, որ գրեթե բոլորում նա ներկայացնում է որևէ բողոք՝ կապված հայ ազգի, հասարակության, երիտասարդության և իր ապրած ժամանակների մասին։ Չնայած, դրանք չեն խանգարում ընթերցողին հաճույքով ընթերցել նամակներն ու հոդվածները։ Ըստ իս՝ որքան էլ տարօրինակ կարող է թվալ, բայց իր հոդվածներում արդիականություն եմ նկատել, որոնք շատ հեշտությամբ կարող ենք համեմատել մեր օրերի հետ։ Օրինակ՝ նա գրում է պատերազմի, հասարակության հետ անհաշտության, ծեսերի ու ավանդույթների մասին։

Եվ իհարկե, միանշանակ համամիտ եմ այն մարդկանց հետ, ովքեր կարծում են, որ Թումանյանը հայ գրականության բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչներից է։ Դա կարող եմ փաստել իր պատմվածքներով, բանաստեղծություններով, պոեմներով, ինչպես նաև նամակներով ու հոդվածներով, որոնք չի դադարում ընթերցել մեր հասարակությունը։

Գրականություն․ 06․03․2023

1․Համացանցից դուրս գրե՛ք հետաքրքիր տեղեկություններ Չարենցի մասին։

Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Ընկերներից մեկը մի պատմություն է պատմում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:

— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:

2․ Եղ․ Չարենցի ,,Տաղարան,, շարքի մասին։

<<Տաղարան>> շարքը   Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժողովածուներից է։ Գրվել է 1920-21 թվականներին, նվիրված է Չարենցի կնոջը՝ Արփենիկին։ Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը, որը հեղինակն ավարտել է 1921 թվականին, նրա գեղարվեստական այդ ընթացքի ինքնատիպ արտահայտություններից մեկը եղավ, որը տպագրվեց 1922 թվականին՝ տեղ գտնելով մոսկովյան հրատարակության երկհատորյակի առաջին հատորում:

3․ Ի՞նչ գաղափարներ են արտահայտված <<Տաղարան>> շարքում։

Այս շարքը գրեթե ամբողջությամբ նվիրված է սիրո թեմային, որտեղ նկարագրվում է մի կերպար, ով ապրում է տխրության մեջ և ուզում է նոր հույս գտնել ու ապրել ուրախ։

Հարճը։ Դանիել Վարուժան

1․ Կարդացե՛ք պոեմը։ Բառարանի օգնությամբ բացատրե՛ք անհասկանալի բառերը։

համորեն- ամբողջ
պարտասուն-հոգնած
կումբի -վահանի վրայի ուռուցիկ զարդ
խլա-պատմուճան
Կոչնական-հյուր
զարմիկ -լավ, ազնվատոհմ
սանի-պղնձյա կաթսա
խլատեռեր, [գոյական] (հնացած)-շղարշ, նուրբ քող
նվարտանի, [գոյական] (հին, բանաստեղծական)- ծածկոց, ծածկույթ
եղկ-գաղջ, գոլ
խահի, [գոյական] (հին, բանաստեղծական)-կերակուր, խորտիկ
գերերի-գետնասունկ
լախտ-մարմանական հարված ստացած
խաչախ-Խրախճանք, ուրախություն:
աղու-հեզ, բարեբսրո
դաշխուրան, [գոյական] (հին, բանաստեղծական)-Կոնք, լագան, տաշտ
բըքազրավ-բքախեղդ
զառքաշ-Ոսկեթելով ասեղնագործված կտորից պատրաստված՝ կարված
աղկիոն, [գոյական]-Առասպելական թռչուն, որ իբր բույն Է դնում միայն խաղաղ ծովի վրա
ճոշ, [գոյական] (պատմական)-Կրծքի զրահ
սեղեխի, [գոյական]- (հնացած) Օտար կնոջ կամ տղամարդու հետ ապօրինի սեռական կապի մեջ մտնող

2․ Համառոտ ներկայացրե՛ք պոեմի սյուժեն։

Պատմվածքը պատմում է այն մասին, թե ինչպես է Սյունյաց նահապետ Բակուրը իր պալատում մեծ խնջույք կազմակերպում։ Իսկ Տրդատ Բագրատունին՝ Տիրան արքայի փեսան, ով իր կնոջն անպատվել էր ու կտրել մազերը, նույնպես մասնակցում է այդ խնջույքին՝ փորձելով փախչել Տիրանից։ Սակայն նրան լուր է հասնում, որ Տիրանը մահացել է։ Նա, կենաց ասելիս, մի կնոջ է տեսնում և սիրահարվում, իսկ հետո կնոջ կտրված հյուսքերով մաքրում գինոտ բերանը։ Բակուրին առաջարկում է կնոջը տալ իրեն, սակայն Բակուրը մերժում է՝ ասելով, որ նրան շահել է Վրաց երկրում։ Տրդատը խմեցնում է աղջկան, սկսում է համբուրել, իսկ Բակուրը վրա է հասնում և փորձում ազատել աղջկան։ Տրդատը սկուտեղով վնասում է Բակուրին, իսկ Նազենիկը՝ հարճը, նրան խնդրում է իրեն փախցնել ու ազատել Բակուրի ձեռքից։ Նրանք պայմանավորվում են, որ առավոտյան պետք է թզենու մոտից ձիով փախչեն իրար հետ։ Առավոտյան միասին ձիով անցնելիս նկատում են Բակուրին ու մի քանի ձիավորների, սակայն Տրդատը կարողանում է շատ արագ անցնել նրանց միջով։ Իսկ Բակուրն այդ ընթացքում հասցնում է նետով հարվածել Նազենիկի ծոծրակին։ Երբ տեղ են հասնում Տրդատը տեսնում է, որ Նազենիկը մահացել է։ Նա նրան թաղում է բարդենու տակ ու ծառը նորից բուսնում է։ Եվ այսպես էլ ավարտվում է պատմությունը։

Թումանյանի հոդվածներից․ Մեծ ցավը

Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք: Չէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել:

Պատմություն ունենք―տգետ ենք: Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք, թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ինչ ենք եղել, ինչ ենք արել, ինչու և ինչպես, ինչ օրով, ինչ ճանապարհով ենք էստեղ հասել:

Եվ ինչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում` սկսած իրենից: Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի Աստծո ընտրյալ ժողովուրդը, «12 խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխը», և կույր ազգասիրական տենչով բռնված` չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի` հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով, մի վիճակ, որ հաջող քառյակով ծաղրել է հանգուցյալ Ռ․ Պատկանյանը, թեև ինքն էլ ազատ չէր էդ պակասությունից։

«Հայկ ու Նապոլեոն մի գռոշի համար
Սաստիկ թունդ խոսքեր ասացին իրար․
Հայկն ուներ հրացան, Նապոլեոնն աղեղ․
― Ո՞վ հաղթեց․― անշուշտ մեր Հայկը ահեղ» ։

Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հոգևորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրոդը ասում է սոցիալիստ է․․․

Եվ մինչև էսօր չիմացանք ու չգիտենք, թե ինչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է Ուրարտուի հին արձանագրությունների կողքին` աչքերն արցունքով ու վշտով լիքը:

Հապա գրականությո՞ւնը:

Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի․ և, սակայն քանի՞ հոգի կգտնենք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը: Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում, երկինք են հանում կամ պախարակում, ցեխն են կոխում: Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք ծանոթ չի, կարդացել չի. էստեղից մի կտոր, էնտեղից մի բրթուջ, հաճախ ծուռն ու սխալ: Եվ որքա՜ն գրական տգիտություն, ի՜նչ կոպիտ ճաշակ, ի՜նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները: Ի՛նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչև գերեզմանի եզերքը, մինչև թաղման օրը: Իսկ գծծիությո՞ւնը․․․ Ամբողջ նոր գրականության արժեքն ի՞նչ է, գիտե՞ք։ Անշուշտ չգիտեք, ― մի 100 ռուբլուց էլ պակաս։ Ամբողջ գրականության արժեքը․․․ Եվ քանի՞ մարդու տան կգտնեք ամբողջ ժողովրդի մեջ․․․ Հայը սովորաբար ցավում է փողը ծախսելիս, բայց գրքի տալի՛ս― էդ ծախսը ուղղակի չի հասկանում, մանավանդ երբ գրքի գինն էլ մի ռուբլուց ավել է։

Լեզուն հո․․․ գրականության մեջ անկազմ ու անկերպարան, մամուլի մեջ աղքատ, ողորմելի մի երկու երեք հարյուր բառերի չոր ու ցամաք շարան, շատ անգամ էն էլ ծուռն ու սխալ։ Մի քիչ կրթված տուն ենք մտնում, ներողություն են խնդրում, որ հայերեն չգիտեն, կամ թե չէ ամենալավ դեպքում, եթե գիտեն, շարունակ լսում եք «նրա մոտ ձայն չկա․․․ հրացանից արձակեցին․․․ Ձեզ կարելի՞ է ուտել․․․ » ու նման մարգարիտներ։

Էսպես է դրությունը, և եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ինչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ինչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ և ինչ հարգանք հենց դեպի իրեն: Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։

Հոդվածում Թումանյանը խոսում էր մեր պատմության, գրականության, դրանց հանդեպ մեր ունեցած սիրո ու պահպանման մասին։ Նա նշում է, որ մենք ունենք մեծ պատմություն, սակայն այն հիշողներ, գրի առնողներ ու հետագա սերունդներին փոխանցողներ էլ չկան։ Ես համաձայն չեմ այս մտքի հետ, քանի որ կարող եմ բերել շատ օրինակներ, որոնք հակասում են այս մտքին։ Նա պնդում է նաև, որ գնալով հասարակությունը կորցնում է իր սերը գրականության հանդեպ։ Ես համաձայն եմ Թումանյանի հետ, քանի որ հասարակությունը գնալով էլ ավելի է հեռվանում ստեղծագործելուց կամ ընթերցելուց, իսկ դա շատ վատ է, քանի որ դարեր հետո կմոռացվի մեր գրականությունը, եթե չլինի սերն ու նույն հետաքրքրությունը դրա հանդեպ։ Ես առանձնացրել եմ այն հատվածները, որոնք ինձ ամենից շատը դուր եկան և որոնց հետ ես համաձայն եմ․ «թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք», «Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը»։

Թումանյանի հոդվածներից․ Զատկի առիթով

Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ուներ: Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով միանգամայն մտերմացել էր հետը:
Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի անգամ պիտի քնենք, որ գա, իր գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանա, թե Զատիկ պիտի գա:
Զատիկն եկավ. և հենց Զատկի առավոտը գառան մայունը կտրեց մեր տանից: Մորթեցին: Ու երեխան շատ զարմացավ, որ Զատիկն էս է եղել ու Քրիստոսն էլ էսպես…
Զատկի ու Քրիստոսի ամեն տեսակ բացատրությունը նրան ոչ մի բավականություն չտվին և մնաց մի ծանր տպավորության տակ: Ես ստիպված էի՝ Զատկի լավությունը ցույց տալու համար, ձեռքս մեկնել դեպի նոր բացվող ծաղիկներն ու զարթնող բնությունը, իսկ գառան մորթվելու մեղքը գցել Քրիստոսի վրայից ու համոզել, որ դրա հետ ոչ մի կապ չունի:
Եվ ճշմարիտ որ, Զատկի տոնին երբ մարդ կանգնում է ու նայում է Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա, զարմանում է: Ի՞նչ կապ կա էդ օրը և ինչու՞ են մարդիկ ուրախանում և կամ ո՞վ է ուրախանում նրանցից:
Էդ օրը, գրեթե ամեն տան, ով կարող է, պարտավոր է մի գառան մայուն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել ու շատ խմել և լավ հագնվել: Մի խոսքով՝ արյան, որկրամոլության ու շռայլության օր: Եվ ոչ մի օր աղքատի ու հարստի տարբերությունը էնպես չի շեշտվում, ինչպես էդ օրը:
Մի օր, երբ ամենից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:
Ի՜նչ կա էս ամենի մեջ գեղեցիկ ու գաղափարական: Եվ ահա իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պատմեցի, պաշարում է մարդու: Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր է Նրա անսահման սերն ու բարությունը, Նրա աստվածային մեղմությունն ու խաղաղությունը, Նրա հեզությունն ու անընչասիրությունը…
Եվ դարձյալ նույն պատասխանը, որ նա ոչ մի կապ չունի էս ամենի հետ, նա դեռ հարություն չի առել մարդկանց սրտերում. և միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու հարություն է առնում ամեն զատկի և միշտ դարձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցիկ, դարձյալ բնությունն է: Զատիկն է, որ ինչպես մեր Նաղաշ Հովնաթանն է ասում.
«Վերանա ձըմեռն և գա ամառըն,
Կանաչի խոտըն և ծաղկի ծառն
Տերևախառն…»
Կամ ինչպես մեր հներն էին երգում.
«Մարտն կուգար ծաղկըներով,
Երկնից հաւերն կարդալով….
Յորժամ հայոց Զատիկըն գայր»:
Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի:

Ինչպես ես եմ նկատել, գրեթե բոլոր հոդվածներում Թումանյանն արտահայտում է իր դժգոհությունը՝ այս անգամ կապված Զատկի տոնի հետ։ Նա դժգոհ էր այն բանից, որ մարդիկ չեն հասկանում, թե իրականում ինչ է խորհրդանշում տոնը, որ այն ոչ թե ուրախ և սպասված, այլ տխուր տոն է, քանի որ այդ ժամանակաշրջանում խաչվել ու հարություն է առել Քրիստոսը։ Ինչպես գրեթե մյուսները, այս հոդվածն ինձ նույնպես դուր եկավ, որովհետև Թումանյանն իր հոդվածները գրում է շատ պարզ ոճով ու էլ ավելի հետաքրքիր է դառնում ընթերցողի համար։ Ինձ շա՛տ դուր եկավ հոդվածի ավարտը՝ վերջին երկու տողը․ «Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի»։ Ինձ դուր եկավ այս հատվածը, քանի որ այն ինձ համար անչափ գեղեցիկ էր շարադրված, հետաքրքիր էր բավականին։